Tuesday, February 26, 2013

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ելույթը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին


26.02.2013թ.

Փետրվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունով մասնակցեցինք ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարություններին: «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը, որպես հոբելյանական իրադարձություն, իրոք համազգային արժեք է», - նշեց ԼՂՀ խորհրդարանի նախագահ Ա.Ղուլյանը։  Երբ կանգնում ես Արցախի հողի վրա, տեսնում այդ երկրի զարթոնքը, լսում ԼՂՀ նախագահի խոսքը Արցախը զարգացնելու ծրագրերի մասին, հոգիդ փառավորվում է, հպարտություն ես ապրում ու նորից լցվում հայրենասիրությամբ և այն  համոզմունքով, որ հայի կամքն անկոտրում է, իսկ ոգին` հաղթական:
Ներկայումս Արցախում զարգացում են ապրում ճանապարհաշինությունը, հանքարդյունաբերությունը, ոսկեգործությունը,  անտառամշակումը, փոքր ՀԵԿ-երի գործունեությունը, շինարարությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը, գինեգործությունը, հացահատիկի մշակումը: Նոր հեռանկարներ են բացվում զբոսաշրջության համար, կառուցվել են բազմաթիվ եվրոպական չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրներ: Ամբողջ աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրենք այդ գողտրիկ աշխարհին, որը դեռևս ամբողջովին բացահայտված չէ իր հրաշալիքներով: 
Շատ լավ կլիներ, որ այդ տոնակատարությանը մասնակցեին և հաղթանակի զգացողությունը մեզ հետ այնտեղ կիսեին նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Ինչևէ…
Այս օրերին հայ ժողովրդի հաղթանակը կրկնապատկվեց ոչ միայն արցախյան շարժման հաղթանակով, այլև արցախյան պատերազմում իր մեծ ներդրումն ունեցած ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հաղթանակով, որը ողջ հայ ժողովրդի համար ապահով հայրենիքի գաղափարը իրականացնելու, յուրաքանչյուրի՝ այդ թվում թե′ իրեն ընտրողի, և թե′ չընտրողի կյանքի որակը բարելավելուն ուղղված, նորանոր հաղթանակների  խոստումնալից մեկնարկ է: Հաղթանակ, որին հավատում և վստահում է ընտրողների մեծամասնությունը: Իսկ Ս. Սարգսյանը վստահում է բոլորին և հարգում յուրաքանչյուրի ընտրությունը:
Մինչդեռ ուզում եմ հարցնել Ր.Հովհաննիսյանին.
-Ինչու չե՞ք վստահում հայ ժողովրդի այն մեծաթիվ ընտրողներին, որոնք իրենց ձայնը տվել են Ս.Սարգսյանին:
-Ինչու չե՞ք վստահում ձեր թիմակիցներին, նույնիսկ նրանց, ովքեր արձանագրություններում իրենց ստորագրություններով հաստատել են ընտրական տեղամասերի վերջնական արդյունքները:
- Ինչու չե՞ք վստահում միջազգային դիտորդների կարծիքներին, բայց և հաճախ ձեր օգտին հղումներ եք անում:
 - Ձեր կողքին պատահական հայտնված ժողովրդի հետ գնում եք ոչ մի տեղ տանող ճանապարհով՝ մոռանալով, որ արևմտյան փորձը, որն օգտագործեցիք  նախընտրական քարոզարշավի ընթացքում, նաև լավ օրինակներ ունի հետընտրական գործընթացում: Ինչպես օրինակ, ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Արիզոնայի նահանգի Ֆենիքս քաղաքում հավաքված բազմահազար ընտրողների առաջ Ջոն Մքքեյնը ասաց. «Պատիվ եմ ունեցել շնորհավորելու Բարաք Օբամային նախագահ ընտրվելու համար այն երկրի, որին մենք  երկուսս էլ սիրում ենք:Նրա հաջողությունը երկար ու դժվարին մրցապայքարում, որպիսին այն ընտրարշավն էր, արդեն իսկ հարգանք է ներշնչում ինձ նրա կարողությունների ու վճռականության վերաբերյալ:Նա կարողացավ հաջողության հասնել, քանզի հույս ներշնչեց միլիոնավոր ամերիկացիների»:
Վերադառնալով հայկական իրականություն, ելույթս ավարտեմ Գ.Նժդեհի խոսքերով. «Ու մինչ վաղը պետք է հաղթենք կասկածը մեր հաղթանակի հանդեպ, որպեսզի  չվտանգենք մեր ժողովրդի  վաղը»:



No comments:

Post a Comment