Thursday, October 27, 2016

Իշխանության նախաձեռնած բարեփոխումները բարի ու ճիշտ նպատակ ունեն, պետք չէ ամեն ինչին նայել սև ակնոցներով


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հորդորում է կասկածամտորեն չվերաբերել իշխանության կողմից հայտարարված բարեփոխումների գործընթացին: Tert.am-ի հետ զրույցում Մուրադյանն ասաց, որ հանրային անվստահությունն իրենց կատարած քայլերի հանդեպ բացատրվում է այս տարիներին ձեռք բերված հաջողությունները մարդկանց չներկայացնելով:



«Որպեսզի հանրային վստահություն լինի փոփոխությունների նկատմամբ, անհրաժեշտ է տարբերակել փոփոխությունները, ձեռքբերումները, ոչ թե ամեն ինչի մեջ խնդիր տեսնել, ամեն ինչ նայել միայն խնդիրներ որոնելու տեսանկյունից: Ձեռքբերումներն առանձնացնելով՝ մենք ավելի արդյունավետ կդարձնենք խնդիրների լուծումը: Պետք է անկեղծ լինենք, ազնվորեն նայենք մեր արածին, ոչ թե ամեն ինչին նայենք սև ակնոցներով: Միայն այս դեպքում կկարողանանք լուծել մեր խնդիրները»,- նշեց պատգամավորը:

Իսկ այս տարիների ձեռքբերումներից են, ըստ Ռուզաննա Մուրադյաննի, Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության փոխհամաձայնությունը, Սահմանադրության փոփոխությունները։

Հարցին՝ փոփոխությունները բարի նպատակներո՞վ են կատարվում, թե ենթատեքստ կա, Մուրադյանը պատասխանեց, որ որևէ ենթատեքստ չկա, բարեփոխումներն արվում են «ոչ միայն բարի նպատակներով, այլև՝ կառուցողական ու ճիշտ»:

Դիտարկմանը, թե մի շարք խոստումներ ՀՀԿ-ն չի իրականացրել, ուստի ներկայիս փոփոխությունների հանդեպ վստահություն չկա, Ռուզաննա Մուրադյանն արձագանքեց. «Այո, մի շարք խոստումներ չեն իրականացվել, բայց օբյեկտիվ պատճառներով, որովհետև զարգացումներն, ըստ պատգամավորի, արագ են ընթանում, տեմպը՝ արագ է, ճշգրտորեն անհնարին է դառնում կանխատեսել ռիսկերը»:

Tuesday, October 25, 2016

Էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը շատ կարևոր են

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին 
Պ-873-16.10.2015-ԳԿ-010/0
«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկման ներկայացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նա մասնավորապես նշեց. «Մարդու կապը բնության հետ ժամանակի ընթացքում փոխվում է՝ նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ… Այս զարգացումների մեջ փոխվում է մարդ-բնություն-շրջակա միջավայր փոխհարաբերությունները: Կարծում եմ, որ փոփոխությունների պետք է ենթարկվեն նաև այդ փոփոխությունները կարգավորող օրենքները: Շատ կարևոր է էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում՝ 
Նյութի աղբյուրը՝ http://www.1in.am/2036013.html

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հոկտեմբերի 25-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

         Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է կառավարության ծրագիրը: Ծրագիրն իհարկե հստակ ներկայացնում է կրթության և գիտության ոլորտի ներկա վիճակը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև հեռանկարային զարգացման նպատակներն ու ուղղությունները: Գաղտնիք չէ, որ բարեփոխումների գործընթացը, նորագույն տեխնոլոգիաների լայն ներդրումն ու կիրառումը հասարակական կյանքում, շարունակական և ողջ կյանքում սովորելու անհրաժեշտության գիտակցումը նոր մարտահրավերներ են առաջադրում մեր հասարակությանը, և դրանց դիմակայելու համար կրթության ոլորտի ծրագրերը պետք է ուղղված լինեն 21-րդ դարի կոմպետենցիաներով օժտված քաղաքացու ձևավորմանը: Ողջունելի է, որ այս ուղղությամբ քայլեր արդեն նախանշված են կառավարության ծրագրում, որի մեջ ներառված են նոր գաղափարներ կրթության և գիտության ոլորտի արդիականացման համար՝ ներառելով քննադատական մտածողության, ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր, ուսումնական հաստատությունների ծրագրերի արդիականացում և համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին: Ժամանակակից պահանջներն էլ իրենց հերթին ենթադրում են մանկավարժների և վարչական անձնակազմի շարունակական վերապատրաստումների կազմակերպում: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված մանկավարժների մասնագիտական կարիքների բավարարմանը, նրանց կողմից բարձրացված խնդիրների լուծմանը:
  Հանրակրթական դպրոցի տնօրենները բարձրացրել են արդարացի պահանջ կառավարության ծրագրի բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում ներառված նոր կետի վերաբերյալ, որը ենթադրում է բոլոր վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում 70 տարեկանով:Կարծում եմ՝ այս դրույթը պետք է կարգավորվի օրենքով և ներառի նաև հանրակրթության ոլորտի վարչական աշխատողներին ևս:
     Վերոնշյալ հարցերը կարգավորելու և հիմնախնդիրները լուծելու, ինչպես նաև ունեցած ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար բոլորս ենք պատասխանատու, և առանց մեր ակտիվ մասնակցության և ընդգրկվածության կառավարության համար չափազանց դժվար կլինի հասնել ծրագրված արդյունքներին: Շատ կարևոր է կրթության քաղաքականություն մշակող ինստիտուտների դերը, որոնք կանգնած են դպրոցի և կառավարության միջև: Նրանց ուշադրությունը առաջին հերթին պետք է ուղղված լինի համակարգային հիմնախնդիրների վերլուծությանը, վերհանմանը և ըստ առաջնահերթությունների կառավարության ծրագրում դրանք ներդնելու առաջարկներին, որպեսզի որևէ ծրագիր դուրս չմնա կառավարության ուշադրությունից: Այստեղ ճիշտ ճանապարհը նրանք են մատնանշում, համակարգային խնդիրները պետք է բարձրացվեն ներքևից և առաջարկվեն դրանց լուծումները, որոնք էլ պետք է արտացոլվեին կառավարության ծրագրում: Հիշեցնենք ոլորտի մասնագետներին և պատասխանատուներին, որ եթե կառավարության ծրագրում ինչ-որ հարց բաց է մնացել, դա ոլորտի ինստիտուտների բացթողումն է նաև: Ներկա-բացակա անել կամ անհարկի մեղավորներ փնտրելը՝ անօգուտ աշխատանք է: Ինչպես ասում են՝ քննադատել՝ նշանակում է հոգեպես տառապել:Կարիք չկա անընդմեջ տառապելու, այլ անհրաժեշտ է յուրաքանչյուրին իրենց տեղերում իրենց պաշտոնների նկարագրին համապատասխան արդյունավետ աշխատանք կատարել:
        Սա է հաջողության հասնելու միակ ճանապարհը:

Նյութի աղբյուրը՝

Saturday, October 15, 2016

«ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՍԵՄԻՆԱՐ

2016թ. հոկտեմբերի 15-ին Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. հ. 119 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված հանդիպում-սեմինար դպրոց-կենտրոնների տնօրենների և բնագիտական առարկաների ուսուցիչների համար: Հանդիպման ընթացքում բացման խոսքով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Այնուհետև կնքվեց Համագործակցության Հուշագիր Դպրոց-կենտրոնների միության և Կալիֆորնիայում գործող «Հետազոտություն, ուսումնասիրություն և պլանավորում Հայաստանի համար» ինստիտուտի միջև: Ինստիտուտի ղեկավար Հակոբ Փանոսյանն իրականացրեց սեմինար դպրոց-կենտրոնների տնօրենների և բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար «Նորարարությունը սկսվում է դպրոցից» թեմայով: Սեմինարի մասնակից ուսուցիչները ստացան մեթոդական աջակցություն նախապատրաստելու մեր աշակերտներին ԱՄՆ-ում կազմակերպվող Science Fair միջազգային բնագիտական մրցույթին:

Thursday, October 6, 2016

Հանդիպում տարբեր երկրիներից ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ



Եվրոպական ութ երկրների՝ Գերմանիա, Ռումինիա, Մոլդովա, Լատվիա, Հունաստան, Ուկրաինա, Իտալիա, Բուլղարիա, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի հետ։

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ պատգամավորը նշել է, որ մեր երկրի վարած քաղաքականությունը միտված է քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Այդ համատեքստում Ռուզաննա Մուրադյանը կարեւորել եւ բարձր է գնահատել տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը
 Հայաստան։

Wednesday, October 5, 2016

Ուսուցիչների սոցփաթեթները չեն կասեցվում. Նման որոշում չկա

Ուսուցիչների սոցփաթեթները չեն կասեցվում. Նման որոշում չկա
Հոկտեմբերի 5, 2016
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց ուսուցիչներին սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների մասին:

Նա հարցրեց՝ հնարավո՞ր է կառավարության նոր որոշումներով սոցփաթեթում ուսուցիչներին տրվող հանգստի իրավունքը, հիմա էլ նաեւ առողջապահական ծառայությունները կասեցվեն: Նա նաեւ հարցրեց՝ սոցփաթեթում կուտակված գումարից նրանք կարո՞ղ են վերցնել 2017-ին:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այն ուղղությունները, որոնք նախատեսված էին կառավարության գործող որոշմամբ, դեռ ուժի մեջ են: Սոցփաթեթի շահառուները կարող են միջոցներն օգտագործել հիփոթեքային վարկի մարման, ուսման վարձի, առողջապահական ծառայությունների եւ ՀՀ-ում եւ ԼՂՀ տարածքում հանգստանալու ուղղություններով. «Գործող կարգում այս պահին որեւէ փոփոխություն նախատեսված չի: Դրանք գործում են ինչպես աշխատողների, այնպես էլ աշխատանքից ազատված անձանց համար, որոնք կարող են տնօրինել իրենց գումարները: Ինչ վերաբերում է կանխիկացմանը, դա եւս կարգով հաստատված է: Կանխիկացում կարող է իրականացվել, եթե աշխատողը աշխատանքից ազատվում է կամ թոշակի է անցնում»:
Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարի անձը կարող է  նախորդ տարի իր վճարած սոցիալական վճարների չափով կանխիկացնել իր՝ սոցիալական փաթեթների համար վճարված գումարները:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2017-ի պետբյուջեի քննարկման ժամանակ կորոշեն շահառուների դաշտի ընդլայնման հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նյութի աղբյուրը՝

Արտեմ Ասատրյան. «2017-ին ևս գործելու են սոցիալական փաթեթում ներառված չորս ուղղությունները»


Աժ-ում այսօր հարց ու պատասխանի օր է։ Կառավարության անդամներն ու վարչապետը պատասխանում են պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին։
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը ուսուցիչների տոնին ընդառաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ուսուցիչների՝ սոցիալական փաթեթներում ներառված որոշ ուղղություններ կասեցվելու են և արդյոք նրանք հնարավորություն կունենա՞ն օգտագործել դրանցում կուտակած գումարները նաև 2017 թվականին։
Նախարար Արտեմ Ասատրյանը մեկնաբանեց, որ այս պահին գործող կարգով սոցիալական փաթեթներում որևէ փոփոխություն նախատեսված չէ, ներառված ուղղությունները շարունակում են գործել, մասնավորապես՝ սոցիալական փաթեթի շահառուները կարող են օգտագործել հանգստի ապահովման, հիպոթեքային մարման, ուսման վարձի վճարման, առողջապահական լրացուցիչ ծառայությունները։
«Սրանք գործում են և՜ գործող, և՜ աշխատանքից ազատված այն աշխատակիցների համար, ովքեր իրավունք ունեն տնօրինել իրենց կուտակած միջոցները», - նշեց նախարարը:
Անդրադառնալով սոցփաթեթում կուտակված միջոցների կանխիկացմանը՝ Ասատրյանը պարզաբանեց, որ այն կարող է իրականանալ, եթե աշխատողը աշխատանքից ազատվում կամ կենսաթոշակի է անցնում։ Ինչպես նաև յուրաքանչյուր տարվա ավարտից հետո հաջորդ տարի անձը կարող է նախորդ տարվա վճարած իր սոցիալական վճարների չափով կանխիկացնել իր փաթեթի համար փոխանցված գումարը։
Նախարարը նաև հավաստիացրեց, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ևս սոցիալական փաթեթի համար նախատեսված վճարները նույն չափով պահպանված են։

Դիանա Ղազարյան

Նյութի աղբյուրը՝

Ռուզաննա Մուրադյանի ապտակած աշակերտն այժմ բարձր պաշտոնի է

Ռուզաննա Մուրադյանի ապտակած աշակերտն այժմ բարձր պաշտոնի էԱմեն տարի` սկսած 1994 թվականի հոկտեմբերի 5-ից, այսօրը նշվում է որպես Ուսուցչի օր: Օրվա առթիվ, ի թիվս մյուս մանկավարժ պատգամավորների, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ: Նա 1985-1996 թթ.-ին Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի, 1996-1999թթ.-ին` ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: Իսկ 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրենը:
«ՄԵՐ ԴԵՄՔԸ ՊԵՏՔ Է ՇՐՋԵՆՔ ԴԵՊԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ»
– Իմ մանկավարժ աշխատած տարիները մեր պետության համար ամենածանր տարիներն էին: Մենք տեսանք երկրաշարժ, ապա մեր երկրի անկախության ճանապարհը մեկնարկվեց ու անցանք շատուշատ ծանր դժվարությունների միջով: Ամիսներով աշխատավարձ չէինք ստանում, բայց պատկերացրեք, միեւնույնն է, մեր մանկավարժական էնտուզիազմը, ստեղծագործական միտքը` անընդհատ երեխաներին զարմացնելու, նոր բան սովորեցնելու ձգտումը երբեք չէր կորում: Սա է մանկավարժի կոչումը: Ուսուցիչն այն փարոսն է լույսի, որով լուսավորում է յուրաքանչյուր երեխայի ապագայի ճանապարհը, եւ այդ լուսավորման ճանապարհին անհրաժեշտ է, որ ուսուցչի կողքին կանգնեն բոլորը` հասարակության բոլոր շերտերը եւ, իհարկե, պետությունը, որը եւ կանգնած է, ու դրա ապացույցն այն է, որ վերջին տարիներին աշխատավարձների բարձրացումն առաջինը տարածվեց մանկավարժների վրա: Պետության համար մանկավարժը կարեւորագույն մարդկային ռեսուրսն է: Եվ այսուհետեւ էլ, մեր դեմքը պետք է շրջենք դեպի մանկավարժը եւ փորձենք քիչ փնովել, պետք է մանկավարժին հանրային արժեք դիտարկենք: Ինչ խոսք, կան նաեւ շատ ուսուցիչներ, որոնք իրենց տեղերում ինչ-որ բան թերի են կատարում, բայց եկեք գտնենք մեթոդները, միջոցները` ոչ թե փնովելու, այլ նրանց եւս ներքաշելու այն մյուս լավերի շարքերում: 
«ԿԱՊ ՉՈՒՆԻ ԻՆՉ ԵՍ ԴԱՌՆԱԼՈՒՔԵԶ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՈՒՆԸ ՊԵՏՔ Է»
– Կա՞ Ձեր ուսուցիչների կողմից տրված դաս կամ խորհուրդորն առ այսօր հիշում եք եւ փոխանցել եք նաեւՁեր աշակերտներին:
– Ունեցել եմ շատ լավ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, որն ասում էր` կապ չունի ինչ ես դառնալու, քեզ հայոց լեզուն եւ գրականությունը պետք է, որովհետեւ այն քո մայրենին է: Եվ ես լինելով մասնագիտությամբ ֆիզիկոս` շնորհակալ եմ իրեն, որ կարողանում եմ մայրենի լեզվով (եթե չասեմ գերազանց) բավարար հաղորդակցվել, խոսել, գրել: Սա այն կարեւորագույն հենքն է, որով պիտի կարողանանք ապագա մասնագետի հաջողությունները կապել` անկախ, թե ինչ մասնագիտություն է ընտրում: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պետք է քաջ տիրապետի իր մայրենի լեզվին, իր պատմությանը, իր մշակույթին, մշակութային արժեքներին, որովհետեւ որպես ազգային ինքնություն ունեցող անձ` նա այս ամենով պետք է ներկայանա աշխարհին: Սա այն մարտահրավերն է, որ բոլոր ժամանակներում եղել է դպրոցի եւ ուսուցչի առաջ: Մենք պետք է անաղարտ պահենք մեր մայրենին, որովհետեւ այն մեզ համար մեծագույն արժեք է: Ու այս պատգամը պետք է փոխանցենք նաեւ մյուսներին:
«ԻՆՉՊԵՍ ԴԱՍԱՐԱՆՈՒՄԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԷԼ ԿԱՆ ՇԱՏ ԽՈՍՈՂՆԵՐՉԱՐԱՃՃԻՆԵՐԵՎ ԳԵՐԵԶԱՆՑԻԿՆԵՐ»
 – Երբեմն Ազգային ժողովն էլ է նմանվում մեծ դասարանի: Վստահ եմ, որ լինելով մանկավարժ, Դուք էլ հաճախ այդպիսի զուգահեռներ տանում եք: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ձեր ասածի մեջ, անկեղծ ասած, ինձ հաճախ եմ բռնացնում: Ազգային ժողովի դահլիճում նստած, երբ լսում եմ ելույթները, լավագույն ելույթներին կամ մտքերին արձագանքում եմ գլխի շարժումով` հավանության տալով այնպես, ինչպես կանեի դասարանում, երբ պատասխանում էր աշակերտը: Դասարանը մարդկանց մի հանրություն է, որտեղ հավաքված են նույն տարիքի երեխաներ, որոնք նույն ծրագրով կրթություն են ստանում: Նույնկերպ Ազգային ժողովում հավաքված ենք տարբեր խմբակցությունների անդամ անհատներ, ովքեր երկիրը բարելավելու ուղղությամբ, թեկուզեւ տարբեր մոտեցումներով, նույն աշխատանք ենք կատարում: Եվ ինչպես դպրոցում, Ազգային ժողովում էլ կան ակտիվ խոսողներ, չարաճճիներ, գերազանցիկներ, ինչպես նաեւ պոեզիայով շատ տարված մարդիկ, հետաքրքիր բառապաշար ունեցողներ ու հռետորներ: Կան նաեւ մարդիկ, ովքեր սիրում են «դասից» փախչել: Այնպես որ, իրավացի եք, եթե հարցը մի փոքր հումորային դիտարկենք, նույնպիսի պատկեր կստանանք ԱԺ-ում, ինչպիսին կա դպրոցում: Ընդհանրապես, բոլոր տեսակի հաջողությունների մեջ կարեւորում եմ առողջ եւ ճիշտ մարդկային հարաբերությունների ստեղծումը, սա պետք է լինի նաեւ մեր ուսուցիչների գործունեության մեջ: Ինչքան էլ լավ ֆիզիկա սովորեցնենք աշակերտներին, բայց շատ կարեւոր է, որ այդ երեխային ՄԱՐԴ դաստիարակենք: Իսկ երեխան սովորում է կենդանի օրինակով, որին պետք է ծառայի ուսուցիչը:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԱՏԺԵԼ ԸՆԿԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ԿԱՐԳԱԶԱՆՑ ԱՇԱԿԵՐՏԻՆ
– Ընկեր Մուրադյանը երբեւէ պատժե՞լ է իր աշակերտներին եւ ինչպես:
– Այո, պատժել եմ: Ես սովորել եւ աշխատել եմ սովետական դպրոցի տարիներին, որին հաջորդեց անցումային շրջանը, երբ կամաց-կամաց ժողովրդավարացումը, այսպես ասած, մտավ դպրոց: Այդ ժամանակ սկսվեց ավելի տեղ տրվել մարդու, երեխայի իրավունքներին: Անգամ մի որոշակի ժամանակահատված եղավ, երբ այդ իրավունքը գայթակղել էր բոլորին, եւ իրավունք ասելով` մարդիկ միայն մեդալի մի երեսն էին տեսնում ու այդ իրավունքը փորձում էին շահարկել, մինչդեռ իրավունքի հետեւում պարտականությունն է: Շատ լավ հիշում եմ, որ այսօրվա համար շատ անընդունելի արարք եմ արել: Մի տղա կար իմ դասղեկական դասարանում, որը ինձնից շատ բարձրահասակ էր (10-րդ դասարանում էր սովորում): Պարզեցի, որ նա կազմակերպել էր աշակերտների դասից փախչելը: Երեխայական չարաճճիություն էր, բայց աննպատակ, որովհետեւ եթե չարաճճիության մեջ լավ նպատակ դրված լիներ, ես կգնահատեի: Նա աստիճաններով բարձրանում էր, իսկ ես աստիճանների վերեւում կանգնած էի, որպեսզի ձեռքս հասներ դեմքին: Ասացի` երկու աստիճան իջիր ներքեւ, հետ գնաց եւ ապտակեցի... Պատկերացնո՞ւմ եք, եթե հիմա այդպես վարվեր որեւէ ուսուցիչ, կդառնար ամբողջ հանրության քննարկման առարկա: Բայց ուշագրավն այն էր, որ այս երեխան, որը շատ ուժեղ ու կամային որակներով տղա էր, կարմրեց, աչքերը կախեց ու ոչ այնքան ամաչեց ցավից, որովհետեւ չեմ կարծում, թե ցավեցրի, նպատակ էլ չունեի, որքան այդ երեւույթից, որ բոլորի աչքի առաջ էր: Սակայն, ինչպես Ջիվանին կասեր, ապտակով սնված տղան, առանց աստիճան չի լինում: Հիմա այդ տղան բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում պետական կառույցում: Եվ ամեն ինձ հետ հանդիպելիս, ասում է` տիկին Մուրադյան, ես սրան հասել եմ Ձեր այն ապտակի շնորհիվ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ http://iravunk.com/news/12064

Tuesday, October 4, 2016

Հոկտեմբերի 4-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

           Ուսուցիչը հանրային արժեք է: 
           Այսպիսին է մոտեցումը բոլոր այն երկրներում, որտեղ գրանցված են մեծ հաջողություններ կրթության ոլորտում:
Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի տոնն է, և այն նշվում է աշխարհի 100-ից ավելի պետությունններում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Դանիայում և այլն:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։
Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունը արդիական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը և  ներկայացնում ուսուցչին որպես հասարակության, հետևաբար և ազգի  ստեղծագործ ուժ:
Շատ կարևոր է մեր ուսուցիչների ազդեցությունը մեզանից յուրաքանչյուրի կյանքում:Ուսուցիչը մարդկության առջև կանգնած մարտահրավերների դիմակայողն է, մարտահրավերներ, որոնք բխում են անընդհատ փոփոխվող արժեքային համակարգից, որոնք գալիս են բարոյական դաստիարակության պակասից:Ուսուցիչը իր արժեքավոր նպաստն է բերում մեր պետության քաղաքացու ձևավորմանը. քաղաքացի, որ կարող է պայքարել իր ազգի և իր պետության անվտանգության համար, քաղաքացի, ով կարող է պայքարել իր պետության զարգացման համար, պայքարել՝ հաղթելով պատերազմներում, տարբեր հարթակներում՝ թե սպորտային և թե կրթական, հաղթել արժանապատվորեն:Ուսուցիչը մեր հասարակության կերտողն է, այն հասարակության, որտեղ մթնոլորտը պետք է լցված լինի բարությամբ, կամեցողությամբ, ստեղծագործականությամբ, առողջ քննադատությամբ և մրցակցությամբ՝ հանուն առաջընթացի:
Եվ այս ամենը պատվով կատարելու համար շատ կարևոր է, որ մենք բոլորս ուսուցչին վերաբերվենք որպես հանրային արժեք, և ուսուցչի հեղինակությունը բարձր պահելը ոչ միայն իր՝ ուսուցչի, այլ նաև մեզանից յուրաքանչյուրի պարտքն է: Այս ուղղությամբ դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց անկախության 25 տարիների մեր ձեռքբերումները թույլ են տալիս ասելու, որ մեր երկրի վարած քաղաքականությունը այդ ուղղությամբ ճիշտ ուղու վրա է:

Անկախության սերունդ դաստիարակող, հերոսներ կերտող ուսուցիչնե′ր, Ձեր տոնը շնորհավո′ր, մեր խորին խոնարհումը Ձեզ, Ձեր մասնագիտությանը, որն ինքնին առաքելություն է:

Նյութի աղբյուր՝





04.10.2016թ.





Ի՞նչ է անում ՀՀԿ-ն եւ ի՞նչ է անում ՀԱԿ-ը

Ի՞նչ է անում ՀՀԿ-ն եւ ի՞նչ է անում ՀԱԿ-ը
«Ցանկացած ընտրությունից հետո պարտվողները միշտ էլ պետք է փորձեն արդարացնել իրենց պարտությունը` մեղքերը գցելով տարբեր տեղեր, մեղավորներ փնտրելով ոչ իրենց շարքերում եւ գործողություններում: Մեր որոշ ընդդիմադիր գործիչներ նաեւ հերթապահ հայտարարություններ արեցին: Իշխանությունը հաջողեց, որովհետեւ շահագրգիռ էր, իսկ իրենք ընտրել են` մի հատ ցեխ է` շպրտենք, սկզբունքը, քանի որ անգամ 1,5 տոկոս չեն հավաքել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն` անդրադառնալով խորհրդարանական վերջին քառօրյայում, մանավանդ ԸՕ-ի եւ ԿԸՀ կազմի ընտրության հարցի շրջանակներում ծավալված քննարկումներին` կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների համատեքստում: Նա կարծում է, որ Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններն իր կուսակցության համար լավ հիմք են` առաջիկա խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու համար:

Հիշեցնենք, ընդդիմադիրները, հատկապես ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներըքննադատեցին ոչ միայն իշխանությանը, այլ մեղադրանքներ հնչեցրեցին նաեւ ընդդիմադիրների հասցեին` նաեւ ընտրակաշառք բաժանելու մասով :
Ռուզաննա Մուրադյանը նկատում է, որ որոշ ընդդիմադիրներ ընտրակաշառքների եւ կեղծիքների մասին խոսակցություններն այնքան են տարածել` առանց հիմնավորելու, որ դրանք գրեթե սովորական են դարձել` ետին պլանում թողնելով առկա հիմնավոր թերությունները, որոնք դեռ չի հաջողվում առանցքային խնդիր դարձնել ու փոխել: «Չի կարելի լղոզված եւ ինքնանպատակ ասել ու կապ չունի դու այդ ընտրատարածքում եղե՞լ ես, թե` ոչ, խախտում տեսել-արձանագրե՞լ ես, թե` ոչ: Դա ուղղակի մոտեցում է դարձել»,- ասում է իշխող ուժը ներկայացնող պատգամավորը` հայտարարելով, որ Հայաստանն արդեն անցել է ընտրակեղծիքների ժամանակահատվածը, որոնք իրենց ձեւի ու մեթոդների մեջ անգամ կորցրել են իրենց ուժը:
«Մենք գնում ենք մեր սխալներն ուղղելու ճանապարհով, իրենք` իրենց սխալներն արդարացնելու եւ էժան դիվիդենտներ հավաքելու ճանապարհով»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ իրենց պարտությունից եւ դասական ընդդիմությունը` ՀԱԿ-ը պետք է հետեւություններ անի, եւ  պարտություն գրանցած նոր ձեւավորված ուժերը: Ըստ նրա, լավ արդյունքներ գրանցվում են երկարատեւ աշխատանքի շնորհիվ, ոչ թե այլոց սեւացնելու կամ անընդհատ ցեխ շպրտելու. «ՀՀԿ-ն գնում է խնդիրները լուծելու ճանապարհով եւ հակված ենք հանուն գործընթացի լավացման` մեկտեղել ուժերն այն բոլոր քաղաքական կառույցների հետ, որոնք իսկապես շահագրգիռ են: Դա ցույց տվեց նաեւ ԸՕ-ի այսքան լայնածավալ եւ բազմաշերտ քննարկումները, որոնց ընթացքում պարզ երեւաց` ովքեր են ուզում այս երկրում բան փոխել, ովքեր… գնացքը գնում է, դրա ետեւից իրենք չեն կարող վազել եւ հասնել, պետք է գնացքի մեջ լինել»:
Տիկին Մուրադյանը նկատում է, որ հին ընտրական օրենսգիրքը նոր մոտեցում էր բերել` ընտրական գործընթացի մասնակիցները պետք է ընթացակարգերին տեղյակ լինեն ու դրա համար դասընթացներ կազմակերպվեցին, իսկ այսօր` նոր ԸՕ-ով նման դասընթացներ են նախատեսվում դիտորդների եւ վստահված անձերի համար, որպեսզի անտեղյակ եւ պատահական մարդիկ չհայտնվեն ընտրական գործընթացում:
«Որ Գյումրիում եւ Վանաձորում մենք լավագույն ընտրություններ արձանագրեցինք, ես շատ կարեւորում եմ նաեւ ուսումնական բաղադրիչը, նաեւ տարբեր տեսահոլովակներով հանրությանը կրթելու բաղադրիչը: Ճիշտ է, աշխատելու տեղ դեռ կա: Բայց ես դեռ չեմ խոսում գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու մեխանիզմների մասին»,- ասում է մեր զրուցակիցը` արձանագրելով, որ Գյումրու եւ Վանաձորի ընտրությունները, որոնք ՀՀԿ-ն շատ էր կարեւորում, հաջողեցին` իրենց բոլոր խնդիրներով եւ բացթողումներով հանդերձ: Իսկ խախտումների եւ թերությունների համար, ըստ նրա, համապատասխան մարմինները պետք է, անպայման, պատասխան տան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Saturday, October 1, 2016

«Դպրոց-կենտրոնների միությունը» ամփոփում է տարին

Ամենամյա համաժողով ք.Ծաղկաձորում, 01.10.2016թ.

https://www.youtube.com/watch?v=em5saG8KimY



Շնորհակալագրեր Դպրոց-կենտրոնների միության գործընկերներին 
արդյունավետ համագործակցության համար





Սեմինար-քննարկումները վարում են դպրոց-կենտրոնների տնօրենները