ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հորդորում է կասկածամտորեն չվերաբերել իշխանության կողմից հայտարարված բարեփոխումների գործընթացին: Tert.am-ի հետ զրույցում Մուրադյանն ասաց, որ հանրային անվստահությունն իրենց կատարած քայլերի հանդեպ բացատրվում է այս տարիներին ձեռք բերված հաջողությունները մարդկանց չներկայացնելով:
«Որպեսզի հանրային վստահություն լինի փոփոխությունների նկատմամբ, անհրաժեշտ է տարբերակել փոփոխությունները, ձեռքբերումները, ոչ թե ամեն ինչի մեջ խնդիր տեսնել, ամեն ինչ նայել միայն խնդիրներ որոնելու տեսանկյունից: Ձեռքբերումներն առանձնացնելով՝ մենք ավելի արդյունավետ կդարձնենք խնդիրների լուծումը: Պետք է անկեղծ լինենք, ազնվորեն նայենք մեր արածին, ոչ թե ամեն ինչին նայենք սև ակնոցներով: Միայն այս դեպքում կկարողանանք լուծել մեր խնդիրները»,- նշեց պատգամավորը:
Իսկ այս տարիների ձեռքբերումներից են, ըստ Ռուզաննա Մուրադյաննի, Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության փոխհամաձայնությունը, Սահմանադրության փոփոխությունները։
Հարցին՝ փոփոխությունները բարի նպատակներո՞վ են կատարվում, թե ենթատեքստ կա, Մուրադյանը պատասխանեց, որ որևէ ենթատեքստ չկա, բարեփոխումներն արվում են «ոչ միայն բարի նպատակներով, այլև՝ կառուցողական ու ճիշտ»:
Դիտարկմանը, թե մի շարք խոստումներ ՀՀԿ-ն չի իրականացրել, ուստի ներկայիս փոփոխությունների հանդեպ վստահություն չկա, Ռուզաննա Մուրադյանն արձագանքեց. «Այո, մի շարք խոստումներ չեն իրականացվել, բայց օբյեկտիվ պատճառներով, որովհետև զարգացումներն, ըստ պատգամավորի, արագ են ընթանում, տեմպը՝ արագ է, ճշգրտորեն անհնարին է դառնում կանխատեսել ռիսկերը»:
Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/10/27/Ruzanna-Muradyan/2175485
No comments:
Post a Comment