Tuesday, October 4, 2016

Հոկտեմբերի 4-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

           Ուսուցիչը հանրային արժեք է: 
           Այսպիսին է մոտեցումը բոլոր այն երկրներում, որտեղ գրանցված են մեծ հաջողություններ կրթության ոլորտում:
Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի տոնն է, և այն նշվում է աշխարհի 100-ից ավելի պետությունններում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Դանիայում և այլն:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։
Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունը արդիական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը և  ներկայացնում ուսուցչին որպես հասարակության, հետևաբար և ազգի  ստեղծագործ ուժ:
Շատ կարևոր է մեր ուսուցիչների ազդեցությունը մեզանից յուրաքանչյուրի կյանքում:Ուսուցիչը մարդկության առջև կանգնած մարտահրավերների դիմակայողն է, մարտահրավերներ, որոնք բխում են անընդհատ փոփոխվող արժեքային համակարգից, որոնք գալիս են բարոյական դաստիարակության պակասից:Ուսուցիչը իր արժեքավոր նպաստն է բերում մեր պետության քաղաքացու ձևավորմանը. քաղաքացի, որ կարող է պայքարել իր ազգի և իր պետության անվտանգության համար, քաղաքացի, ով կարող է պայքարել իր պետության զարգացման համար, պայքարել՝ հաղթելով պատերազմներում, տարբեր հարթակներում՝ թե սպորտային և թե կրթական, հաղթել արժանապատվորեն:Ուսուցիչը մեր հասարակության կերտողն է, այն հասարակության, որտեղ մթնոլորտը պետք է լցված լինի բարությամբ, կամեցողությամբ, ստեղծագործականությամբ, առողջ քննադատությամբ և մրցակցությամբ՝ հանուն առաջընթացի:
Եվ այս ամենը պատվով կատարելու համար շատ կարևոր է, որ մենք բոլորս ուսուցչին վերաբերվենք որպես հանրային արժեք, և ուսուցչի հեղինակությունը բարձր պահելը ոչ միայն իր՝ ուսուցչի, այլ նաև մեզանից յուրաքանչյուրի պարտքն է: Այս ուղղությամբ դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց անկախության 25 տարիների մեր ձեռքբերումները թույլ են տալիս ասելու, որ մեր երկրի վարած քաղաքականությունը այդ ուղղությամբ ճիշտ ուղու վրա է:

Անկախության սերունդ դաստիարակող, հերոսներ կերտող ուսուցիչնե′ր, Ձեր տոնը շնորհավո′ր, մեր խորին խոնարհումը Ձեզ, Ձեր մասնագիտությանը, որն ինքնին առաքելություն է:

Նյութի աղբյուր՝





04.10.2016թ.





No comments:

Post a Comment