Wednesday, November 9, 2016

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողով


Հայրենապաշտ եմ ես, ասել է՝ պաշտամունք ունեմ այն հողի հանդեպ, որի վրա արարվել է մեր Ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի անդամ, ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնախմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանի ելույթը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովին:

Յուրաքանչյուր նպատակի ընտրության և իրականացման համար հասարակական և քաղաքական ինստիտուտները կողմնորոշվում են դեպի արժեքները, իդեալները և նորմերը՝ ելնելով իրենց գաղափարախոսությունից, որն էլ հենք է ծառայում քաղաքական ծրագրերի համար: 
Ցանկացած քաղաքական ինստիտուտի կամ քաղաքական ծրագրի հիմքում պետք է լինի որևէ գաղափարախոսություն, հակառակ դեպքում այն դատապարտված է անհաջողության: Դա նույնն է, ինչ որ կառուցել տուն առանց հիմքի…
ՀՀ կուսակցությունը ազգային պահպանողական կուսակցություն է, որի հիմքում Գարեգին Նժդեհի ուսմունքն է և հայ ազգային գաղափարախոսությունը:
Այո´, մենք պահպանողական կուսակցություն ենք, և պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է հեղափոխականությունը, որովհետև այն խաթարում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: 
Պահպանողականությունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգևոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ համաշխարհային զարգացումներից հետ չմնալու համար: 
Արդար ուժի պաշտամունք ունեմ ես, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով և բազկով ուժեղներին:Ծարավ ուժի և արիության, ես իմ մեջ մշակում եմ զորության մարդուն, որը նշանակում է «Ավելի, էլ ավելի զորություն»:
Հենց այս գաղափարախոսությունն է ընկած ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմքում, որտեղ ասված է «Մեզ միավորում է գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պետք է կառուցել այդ Հայաստանը»:
ՀՀ կուսակցության ծրագրերում հաճախ ենք անդրադառնում իդեալի կերտմանը:Մենք պետք է հստակ իմանանք՝ որն է արժեքների այն համակարգը, հանուն որի հաստատման պարտավոր ենք պայքարել:Հայ մարդու ինչպիսի կերպար ենք ակնկալում, որի միջոցով պետք է իրականություն դարձնենք ազգային պետությունը: Որն է այն ավանդական ընտանիքի մոդելը, որը ձգտում ենք պահպանել: Որն է այն բարոյական նորմերի համակարգը, որը պետք է քարոզել: Որոնք են այն ազգային ավանդույթները, որոնց միջոցով պետք է պահպանենք մեր ազգային ինքնությունը: Ովքեր են մեր կուսակցության առաջնորդները, և ինչպիսի ճանապարհ են նրանք անցել: Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխաններով էլ ձևավորվում է ՀՀԿ գ/ք հանձնախմբի ծրագրերի բովանդակությունը:
Մենք շատ կարևորում ենք, որ մեր բոլոր ծրագրերում տեսանելի լինի մեր ազգային գաղափարախոսության շունչը, և մեր ՀՀԿ Կանանց խորհրդի բոլոր հանձնախմբերի կողմից իրականացված առանձին ծրագրերի հիմքում էլ ընկած է այդ սկզբունքը: Կանանց խորհրդի գ/ք հանձնախմբի բոլոր ծրագրերն էլ բխում են ՀՀԿ գ/ք հանձնախմբի ընդհանուր ծրագրերից: 
ՀՀԿ Կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբը իրականացնում է տարբեր ձևաչափերով միջոցառումներ՝ կազմակերպելով նժդեհյան ընթերցումներ, սեմինարներ՝ «Մեր հավատամքը», «Հայ ընտանիք», ազգային տոներ, «Մանկավարժի կատարելատիպը» և այլ թեմաներով, դասընթացներ՝ ուղղված կուսակցության մեջ ընդգրկված կանանց քաղաքացիական գրագիտության մակարդակի բարձրացմանը: Մշակվել է «Ինչպես կազմակերպել քարոզարշավ մեթոդաբանությունը», անցկացվել են դասընթացներ՝ քարոզիչներ պատրաստելու նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանայք կարող են հանդես գալ որպես լավ քարոզիչներ: Նախընտրական գործընթացներից առաջ կանանց ներգրավմամբ հաշվի ենք առել այն փաստը, որ կանայք ավելի հեշտ են ծավալում երկխոսություն հանրության հետ: Կազմակերպվել են կլոր սեղաններ մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահական, սոցիալական, դեմոգրաֆիական և այլ խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ, կազմակերպվել է ՀՀ կառավարության ծրագրի, սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսգրքի, կուսակցության կանոնադրության և քաղաքական օրակարգում առկա այլ թեմաների քննարկում և լուսաբանում:
Մեր կուսակցության գաղափարախոսության իմաստային և բովանդակային տարրերը քարոզելու անհրաժեշտությունից ելնելով է ՀՀԿ Կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբը պլանավորում իր գործունեությունը, որի միջոցով փորձում ենք մեր հանրությանը հնարավորինս հասանելի դարձնել այն: 
ՀՀ կուսակցության գաղափարախոսությունը մեր կուսակցականներին իրար հոգեպես, գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգ է: 
Ներգրավելով կանանց ակտիվ մասնակցությունը ՀՀԿ կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախումբն իր գործունեությամբ փորձում է կանանց ներուժի միջոցով իր նպաստը բերել ՀՀ կուսակցության ընդհանուր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

No comments:

Post a Comment