Thursday, April 11, 2013

Ռուզաննա Մուրադյանի ելույթը մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. զեկույցի վերաբերյալ

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

-Մեծարգո ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ իմ ելույթը ձեւակերպել ավելի առաջարկությունների տեսանկյունից, եւ քանի որ այս օրերի ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, որոշ հարցերի հետ համաձայնվեց պրն Անդրեասյանը, որոշ հարցերի նկատմամբ ուներ իր կոնկրետ դիրքորոշումը, ես կուզեի, անդրադառնալով մեր գործընկերների առաջարկներին, հատկապես շեշտադրել այն, որ ինքս էլ համաձայն եմ, որ այս զեկույցը պետք է իր տեսակով լինի այնպիսին, որը մատչելի լինի բոլոր ընթերցողների համար, անկախ նրանց մասնագիտական պատկանելիության եւ կարողանա արտացոլել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բոլոր խնդիրները, բոլոր ոլորտներում եւ բոլոր տեսակի իրավունքները ներառի իր մեջ:

Այս առումով ես, ինքս, առաջարկում եմ, որ համակարգային փոփոխություն կատարվի զեկույցի հետ, եւ ուսումնասիրելով նաեւ տարբեր երկրների զեկույցները, մասնավորապես` Բոսնիա-Հերցոգովինայի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, ես այնտեղ առանձնացրեցի մի հետաքրքիր պահ, որը բացակայում էր մեր զեկույցում, դա երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերվող առանձին բաժինն է: Որքան էլ որ այստեղ ոլորտներով ներկայացված են հիմնախնդրները, ներկայացված են առաջարկությունները, համենայն դեպս, առաջարկությունների մեջ ես կոնկրետ առանձնացված երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերվող այն կետերը, որոնք դուք` պրն Անդրեասյան, ներկայացրել էիք ՄԱԿ-ին եւ ունեք առանձնացված զեկույց երեխաների իրավունքների պաշտպանության, այնտեղ ավելի հստակ եւ կոնկրետ են այդ առաջարկները, այստեղ չտեսա նման ձեւակերպում:

Մի քանի գործնական առաջարկներ, հետագայում զեկույցը ավելի լավացնելու եւ մի քիչ ավելի կանգ կառնեմ երեխայի իրավունքների պաշտպանության հարցերին:

Նշեց, որ կառուցվածքը, իմ կարծիքով, ճիշտ չէր եւ շատ կարեւոր է, որ ընթերցողի համար, առաջին հերթին, իրավիճակը ներկայացվի: Ինչպիսի՞ն է իրավիճակը: Եթե անգամ ոլորտներում է ներկայացվում, ապա տվյալ ոլորտներում մարդում իրավունքների պաշտպանության իրավիճակը ինչպիսի՞ն է ընդհանուր` ՀՀ-ում:

Շատ կարեւոր է, որպեսզի խնդիրների մասը եւ վերլուծական մասը իրարից տարբերվեն հենց գրելու ոճով, այսինքն` որպեսզի խնդիրները ձեւակերպվեն հստակ, ավելի կոնկրետ, իսկ վերլուծական մասում արդեն լինեն այն հետեւությունները, այն հետեւանքները, որոնք այս խնդիրների ուսումնասիրության արդյունքում եւ վերլուծության արդյունքում դուք ներկայացնում եք:

Առաջարկությունների մեջ եւս առաջարկում եմ կոնկրետություն, որովհետեւ, մասնավորաբար, կրթության ոլորտն եմ ուսումնասիրել եւ այնտեղ առաջարկները արված են. «պետք է բարելավվել» կամ «պետք է ապահովվել» այսինքն` կոնկրետ չի, մինչդեռ այդ կոնկրետությունը տեսա ձեր մյուս զեկույցում, որը երեխաների պաշտպանության մասին զեկույցն էլ, որը ինձ շատ ուրախացրեց:

Ես առաջարկում եմ, որ դուք թվերը, իրոք, որքան էլ որ մենք խոսեք, թե թվերը կարեւոր են, կարեւոր չեն, ես գիտեմ որ նման զեկույցները ներկայացվում են նաեւ միջազգային կառույցներին, որոնք պետք է ընթերցեն, նայեն, որոշակի միջոցառումներ նախատեսեն համապատասխան ոլորտների համար, որի հիմքում նաեւ թվերն են:

Այստեղ կան թվեր, որ դուք ձեր ելույթում նշեցիք, ճշտված տվյալները վերցրել եք` 2012 թվականի զեկույցում առկա տվյալները արդեն իսկ վերցրել եք 2011 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, ճի՞շտ է: Եթե այդ վերջի դրությամբ նայենք, մասնավորաբար, Երեւան քաղաքում նշված է, որ կա 28 չջեռուցվող դպրոց, բայց Երեւան քաղաքում մենք չջեռուցվող դպրոց, արդեն տարեվերջի դրությամբ չունենք:

Այնտեղ նշված է, զարգացումների մեջ որպես ձեռքբերում դուք նշել եք, որ ունենք 98 ներառական դպրոց: 98 ներառական դպրոց ինչի՞ նկատմամբ` ավելացել է դպրոցների թիվը, պակասել է, այսինքն` կոնկրետ աճը կամ նվազումը պետք է արտահայտվի տոկոսներով կամ որոշակի թվերով, որովհետեւ կոնկրետ ինքը` թիվը խոսուն չի եւ ոչինչ չի ասում:

Այս կարգի մասնավոր խնդիրները լուծելու պարագայում, իհարկե, կառուցվածքը փոխելու եւ կառուցվածքի մեջ շեշտադրումը անելու հիմնական սկզբունքը եւ միտումը պետք է լինեն իրավունքի բոլոր տարրերը, այսինքն` ոչ թե ըստ ոլորտների եմ առաջարկում, այլ ըստ մարդու իրավունքների, որոնց խախտման դեպքերը դուք շատ հանգամանորեն, նույնիսկ շատ ավելի պարզ ու բաց օրինակներով փորձել եք զեկույցում ներկայացնել:

Անդրադառնալով այն զեկույցին, որը դուք ներկայացրել եք ՄԱԿ-ին, երեխայի իրավունքների պաշտպանության հետ կապված, որոշակի դիտարկումներ, որ զուգահեռ անցկացվում են նաեւ ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության զեկույցի հետ եւ իր տեղը գտնի այնտեղ, մասնավորապես, 2012 թվականի ընթացքում, մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցում բավականին քիչ անդրադարձ է արվում երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված առկա իրավիճակի, խնդիրների եւ դրանց ուղղությամբ իրականացվող առաջարկություններին եւ լուծումներին: Զեկույցը կառուցված է ըստ գերատեսչությունների, սակայն այնտեղ տեղ գտած խնդիրներում եւս բավականին քիչ են արծարծվում այդ գերատեսչություններին առնչվող երեխաների իրավունքների իրավունքների հետ կապված բացերը: Հաշվի առնելով, որ ժամանակակից պետությունների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը, հենց երեխայի իրավունքների պաշտպանությունն է, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի զեկույցում նշված է, որ. «Պետության ներդրած ջանքերը բավական չեն եղել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերացման համար: Առ այսօր ներպետական օրենսդրության մեջ առկա են բացեր, իրավակիրառ պրակտիկայի թերություններ, որոնք գործնականում ստեղծում են խոչընդոտներ երեխաների իրավունքների պաշտպանության իրականացման համար»: Այնուամենայնիվ, ձեր զեկույցում ես սպասում եւ ակնկալում էի, որ պետք է տեսնեմ օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, տարբեր ոլորտների, բայց չտեսա, թեպետ ներածության մեջ դուք նշել եք, որ մոտ 50-60 առաջարկ ներկայացրել եք: Բայց կոնկրետ առաջարկների մեջ, թե կրթության ոլորտի, հատկապես հիմա, երբ մենք «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծ ենք քննարկում եւ առաջին ընթերցմամբ օրենքը արդեն անցել է, այստեղ պետք է երեւա ձեր գործուն մասնակցությունը, եւ գոնե առաջարկների մասով, հիմա ճիշտ ժամանակն է, որ դուք այնտեղ ներկայացնեք, որովհետեւ օրենքը, ինքը` իրոք, ունի երեխայի իրավունքների պաշտպանության շատ ու շատ ռիսկեր, եւ դրանք կարծում եմ, որ պետք է լիներ օրենքում:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ 2012 թվականի ՄԱԿ-ի երեխաների իրավունքների իրավունքների կոմիտեի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ներկայացված առաջարկները, ինչպես նշեցի, բավականին հստակ են շարադրված, ինչը չի կարելի ասել 2012 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցի վերաբերյալ:

Մասնավորապես, կրթության եւ գիտության ոլորտի բարելավման համար առաջարկվում է, ձեր առաջարկների մեջ. «Ձեռնարկել արդյունավետ միջոցներ, ապահովելու համար ներառական կրթության ներդրումը բոլոր հանրակրթական դպրոցներում» կամ հետեւողական լինել ինչ-ինչ խնդիրների իրագործման վերաբերյալ: Օրինակ` «Հանրակրթության մասին» օրենքում այս լրացումների մեջ մենք սպասում եւ ակնկալում էինք այդ ձեր առաջարկները:

Ես պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ նրան, որ հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հզորացման համար անհրաժեշտություն է նաեւ, որ այդ բաժինը, ինքը կամ լինի, եթե դուք կփոխեք ամբողջ զեկույցի տրամաբանությունը եւ կառուցվածքը, ըստ ոլորտների, ես կանխատեսում եմ, որ այսպես, պետք է առանձին բաժին լինի երեխաների իրավունքների, որովհետեւ բոլոր ոլորտներում էլ, բոլոր գերատեսչություններում էլ, եթե մենք նայելու լինենք, կարող եք արձանագրել երեխաների իրավունքների խախտման այս կամ այն դեպքեր: Դրա համար, ճիշտ կլինի, որ սա առանձնացված լինի: Եթե մի երկիր, ինքը ներկայացնում է մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույց, կարծում եմ, որ սա պետք է լինի այն միասնական փաստաթուղթը, որը պետք է իր մեջ ներառի այդ ուղղությամբ առկա բոլոր ծրագրերը:

Ես այսօր գիտեմ, որ պաշտպանության ոլորտում գործում են շատ ու շատ ծրագրեր` աղքատության հաղթահարման, գենդերային հիմնախնդիրների լուծման, այդ թվում նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության: Առաջիկայում հուսանք, որ կունենանք այդպիսի միասնական, ավելի խոսուն, ավելի հստակ, ավելի մատչելի եւ անկախ ընթերցողի մասնագիտությունից, նրա համար կարդալուց հետո հասկանալի փաստաթուղթ:

Շնորհավորում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում մեծ աշխատանքի համար, որ կատարել եք:

http://www.parliament.am/transcript.php

No comments:

Post a Comment