Monday, April 1, 2013

<Երևանի կոլորիտը չպետք է կորցնենք>


Առաջիկայում կայանալիք ավագանու ընտրությունների հետ կապված` Aysor.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:
- Տիկին Մուրադյան, Ինչո՞ւ ընտրողը պետք է ձայն տա ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուին այն դեպքում, երբ բազմաթիվ խնդիրներ՝ տրանսպորտի, աղբահանության, կանաչապատ տարածքների, քաղաքի համաչափ զարգացման, չեն լուծվել նախկին ՀՀԿ-ական ղեկավարների կողմից:
- Ընտրողը Երևանի բնակիչն է, որի աչքի առաջ օր օրի ծաղկում է մայրաքաղաքը, դառնում ավելի բարեկարգ և խնամված: Ակնհայտ է, որ Երևանը զարգանում է բոլոր ուղղություններով՝ քաղաքաշինական նոր լուծումներ, բարեկարգվող և գունագեղ բակեր, ամենօրյա մաքրվող փողոցներ և մայթեր, նոր ոճաբանական կահավորանք՝ նստարաններ, ծաղկամաններ, ցայտաղբյուրներ, արտաքին լուսավորության նոր լուծումներ, համալրվող այգիներ, կանաչ տարածքներ՝ այսպիսով դառնալով բնակչի և հյուրերի համար հարմարավետ քաղաք: Հատկապես ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ քաղաքը զարգանում է համաչափ, և ներդրումներն ուղղվում են ամբողջ քաղաքին և, առաջին հերթին՝ ծայրամասային համարվող վարչական միավորներին: Ինչպես կարելի է չնկատել, որ վերջին տարիներին Երևանի կանաչապատման և բնապահպանական խնդիրները քաղաքի կառավարման մարմինների կողմից շատ են կարևորվում, ինչի արդյունքում մեր աչքի առաջ Երևանում օրեցօր ավելանում են կանաչապատման, ծաղկապատման և ծառապատման ծավալները: Ուրախությամբ պետք է նշենք, որ կանաչապատումը ինքնանպատակ չի կատարվում, այլ տրվում են գեղարվեստական լուծումներ: Այս ծրագրից նույնպես անմասն չեն մնում Երևանի ծայրամասային վարչական շրջանները, և այս ուղղությամբ էլ նկատելի է քաղաքի համաչափ զարգացման մոտեցումը: Շատ կարևոր է, որ քաղաքային իշխանությունների ուշադրությունից դուրս չեն մնացել շենքերի բակերի բարեկարգումը, խաղահրապարակների վերականգնումը և նորերի ստեղծումը: Բարեկարգվում են բակային տարածքները. ասֆալտապատվում են, կահավորվում են, կանաչապատվում են, վերակառուցվում են ցայտաղբյուրները՝ դառնալով բնակիչների համար հաճելի հանգստի և զբոսանքի գոտիներ: Անթաքույց է ծնողների ուրախությունը, երբ իրենց շենքերի բակերում բացվում են նոր խաղահրապարակներ, հատկապես ծայրամասերում, որը շատ լավ հնարավորություն է ծնողների համար իրենց բնակավայրերին մոտ, առանց կենտրոն հասնելու, կազմակերպել իրենց երեխաների համար հետաքրքիր զբաղվածություն և ժամանց:
Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա պետք է նշեմ, որ շատ կարևոր է երթևեկության կանոնակարգումը, որի լուծմանը նպաստում է մայրաքաղաքի երթուղիներում վերջին տարիներին հայտնված միջին և մեծ ուղևորատարողության ավտոբուսները, որոնք կնպաստեն երթուղիների ծանրաբեռնվածության պակասեցմանը, քաղաքի փողոցների և մայրուղիների բեռնաթափմանը: Կարծում եմ, որ քաղաքացիները կգնահատեն արված աշխատանքը և հնարավորություն կտան սկսած գործերը հասցնել իրենց տրամաբանական ավարտին:
- Որո՞նք են մայրաքաղաքի զարգացման հիմնական խոչընդոտները և ի՞նչ ձևով է դրա լուծումը տեսնում ՀՀԿ-ն:
- Ներկայումս, քաղաքաշինական նոր զարգացումների ճանապարհին, կարևոր եմ համարում, որպեսզի չկորցնենք հին Երևանի կոլորիտը, պահպանենք պատմամշակութային արժեք ունեցող շենքերի ու շինությունների տեսքը: Հարմարավետ Երևան ունենալու ծրագրերում պետք է կարևորել թեքահարթակների ավելացումը բոլոր անհրաժեշտ վայրերում հենաշարժողական դժվարություններ ունեցող թե' մեր քաղաքացիների, և թե' հյուրերի համար հնարավորինս մատչելի պայմաններ ապահովելու նպատակով:
Վերը նշված խնդիրների լուծմանը նպաստելու համար, անհրաժեշտ է ունենալ հին Երևանի նախագիծ, ինչպես նաև օրենք Փոքր Կենտրոնի մասին: Կարծում եմ, որ մեր մայրաքաղաքի զարգացումն այսօր ակնհայտ է և անժխտելի: Եվ ես վստահ եմ, որ մենք միասին կառուցելու ենք ավելի լավ Երևան, քանի որ մենք արդեն ավելի լավ Երևան ունենալու ճանապարհին ենք:
01.04.2013, 16:26
Նյութի աղբյուրը` Aysor.am


No comments:

Post a Comment