Thursday, October 24, 2013

Հարց ԱԺ պատգամավոր Թ.Պողոսյանին

2013թ, հոկտեմբերի 24

Հարցի համար ձայնը տրվում է պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին:

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պարոն Պողոսյան, ճիշտն ասած, ուզեցի պարզել, որովհետեւ, կարծես, ինձ համար պարզ չեղավ կրթական ոլորտին տրվող ֆինանսավորումը` Եվրամիության, ավելացել է, թե պակասել է, եւ հիմնականում կոնկրետ ինչ ուղղություններով: Շնորհակալություն:
Թ.ՊՈՂՈՍՅԱՆ
-Շնորհակալություն, տիկին Մուրադյան: Իրականում պետք է պատասխանեմ այն տեղեկությունից, որով տիրապետում էի մեկ տարի առաջ, երբ որ քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ խմբի կոորդինատորն էի եւ կրթության ոլորտի չի (հասկացվում) այնտեղ: Մասնակցել եմ նաեւ 4-րդ պլատֆորմի շրջանակներում քննարկումներին` իրավիրվածի պես, եւ գիտեմ, որ 2011-ից 2015 թվականները կրթությանը նվիրված ծրագրերի բյուջեն` Եվրամիությանը, մեծացել էր 5 միլիոն  եվրոյից 15 միլիոն եվրոյի, այնպես որ, ընդհանուր եվրոպական այդ բյուջեն, հնարավորությունները մեծացել են: Ինչքանին Հայաստանը կդիմի` արդեն մեր ունակություններից է գալու եւ մեր բանակցությունների շրջանակներից:

Հարց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին

2013թ, հոկտեմբերի 24

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն  Մնացականյան, դուք նշեցիք, որ Եվրամիության հետ համագործակցության այս ծրագրերի շրջանակում մտնում են նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտները։ Ես կուզեի իմանալ արդյոք կրթության եւ մշակույթի ոլորտների ծրագրերի քանակը պահպանվե՞լ են։ Եթե այո, ապա որո՞նք են այդ ծրագրերը, թե՞ ընդլայնվել եւ ավելի նոր ծրագրեր են ավելացել։ Շնորհակալություն։
Զ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Ներկայիս դրությամբ մենք ունենք իրապես բավականին մեծ հետաքրքրություն, թե մեր մշակույթի նախարարության, կողմից, թե կրթության նախարարության կողմից կամ առանձին ծրագրեր։ Մեկը կոչվում է «Հորիզոն 20-20», մյուսը՝ «Կրեատիվ մշակույթ ծրագիր»։ Որքան ինձ ծանոթ է, այս ծրագրի շուրջ գոյություն ունի մեր հետաքրքրությունը։ Կհասկանաք ինձ, դժվար կլինի ձեզ ասել, թե ինչի՞ մասին են այս ծրագրերը, որովհետեւ սա արդեն մասնագիտական է։ Բայց այս երկու օրինակը, որ ինձ մոտ նշված է, միայն օրինակներ են, որ ներկայիս դրությամբ մենք ունենք արդեն արտահայտված հետաքրքրություն մեր համապատասխան նախարարությունների կողմից ներգրվված լինելու կոնկրետ այս ծրագրերում։ Շնորհակալություն։
Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Ռուզաննա Մուրադյան։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Իսկ կրթության ոլորտի՞։
Զ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
-«Հորիզոն 20-20»-ը։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Ինչ վերաբերում է «Էրախնումս» ծրագիրը նորից մտնու՞մ է այդ ծրագրի մեջ, որ նախկինում կար Եվրամիության ծրագրում։ Շարունակվու՞մ է։ Ես լսել եմ, որ այդ ծրագիրը ընդհատվում է եւ նոր ծրագիր է առաջանում, որտեղ Հայաստանը կրթության մասով կարող է մասնակցել։
Զ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
-Հարցը մասնագիտական է եւ վստահ եմ, որ իմ գործընկերները կրթության նախարարից կկարողանան ավելի հստակ պատասխան ստանալ։ Սակայն պետք է ճշտել։

Wednesday, October 23, 2013

Հարց կառավարությանը

2013թ. հոկտեմբերի 23, 3-րդ նիստ


Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Հարգելի կառավարություն, օգոստոսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ բուհերում վարձավճարների բարձրացման հարցի կապակցությամբ, որին ակտիվորեն մասնակցեց նաեւ քաղաքացիական հասարակությունը։ Բազմաթիվ հանդիպումների ընթացքում կառավարությունը խոստացավ կարգավորել հարցը։ Այսօր արդեն հոկտեմբերն է, կուզեինք իմանալ՝ կոնկրետ ի՞նչ քայլեր են կատարվել հարցի կարգավորման ուղղությամբ։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Հարցին կպատասխանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Ա.ԱՇՈՏՅԱՆ
-Շնորհակալություն կրկին հարցի համար։ Ինչպես հիշում ենք, օգոստոսի վերջին իրականում հասարակության մեջ ուսանողության, երիտասարդության որոշ խմբերի շրջանում անհանգստություն առաջացավ՝ ուսման վարձերի բարձրացման հետ կապված, որոշ բուհերում, որոշ մասնագիտությունների գծով։ Էլ չեմ ուզում մեկնաբանել այդ ամբողջ նախապատմությունը, ուզում եմ ընդամենը փաստել, որ այդ մտահոգությունը լավ առիթ հանդիսացավ, որպեսզի մենք բոլորս սկսենք առավել մեծ ուշադրություն դարձնել բարձրագույն կրթության մատչելիության խնդիրներին։ Կառավարությունն այդ ժամանակահատվածում արագացրեց իր նախապես տված խոստումների եւ նախանշված ծրագրերի իրականացումը։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ դեռեւս 2012թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ նախընտրական ծրագրում ներառված էր դրույթ, ըստ որի առաջարկվում էր բուհերի ուսման վարձի վերին շեմի սահմանմանն իրավական լուծում տալ։
Այս ամբողջ համատեքստում նոր ծրագրեր նաեւ առաջարկվեցին։ Մի մասն արդեն կյանքի է կոչված։ Ուզում եմ թվարկել այդ ծրագրերը՝ հատկապես ուշադրությունը դարձնող սոցիալապես անապահով ընտանիքների, «Փարոս»-ի համակարգում ընդգրկված ընտանիքների ուսանողների կրթության նոր հնարավորությունների վրա։ Այս տարվա բյուջեով արդեն 90մլն դրամ է հատկացված։ Մենք ստացել ենք, ամփոփել ենք նախնական տվյալները, եւ պետք է փաստեմ, որ, ցավոք, ոչ բոլոր սոցիալապես անապահով ուսանողներն են լավ սովորում, եւ մենք ստիպված ենք եղել  իջեցնել միջին որակական գնահատականը, այն շեմը, ըստ որի մենք դիտարկում ենք այդ ուսանողին  լավ սովորող՝ կոնկրետ այդ ծրագրում ընդգրկվելու համար, որպեսզի իրականում այս պահին միայն այս տարի շեշտադրում անենք բացառապես սոցիալական կարիքների վրա։ Եվ նախնական գերազանցության շեմից այդ շեմն իջեցվել է միայն այս տարվա համար «լավ» գնահատականի շրջանակների շեմին։
Երկրորդ ծրագիրը, որ կյանքի է կոչվել, դա կառավարության  կողմից  այն որոշումն էր, որով 60մլն դրամ է հատկացվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին համապատասխան կրթաթոշակներ 1-ին 2-րդ կուրսերի ուսանողներին տրամադրելու համար։ Անցյալ տարի կարող եմ շեշտել,  որ 750 ուսանող օգտվեց այս ծրագրից։ Այս տարվա ծրագիրը կամփոփվի հունվար, փետրվար ամիսներին, առաջին քննաշրջանից հետո։
Մյուս խոշոր ծրագիրը, դա, իհարկե, օրենքի այն նախագիծն էր, որի մեջ փաստացի չորս ուղղություններով լուծումներ են առաջարկվում։
Իմ ժամանակը մոտենում է ավարտին, եթե մեկնաբանեք, հնարավորություն կունենամ շարունակել։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-2-րդ խոսափող։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Ես կարծում եմ, որ կարիք կա մեկնաբանության, որովհետեւ այսօր դեռ հանրության շատ շերտերի մոտ հասանելի չէ այդ ինֆորմացիան եւ մինչեւ այսօր այդ հարցը բարձրացնում են, որ բարձրացումներն ի՞նչ եղավ եւ դեպի ո՞ւր է ուղղվելու արդյոք՝ դասախոսների աշխատավարձերի բարձրացմա՞նը, թե՞ ուսումնական միջավայրի բարելավմանը, թե՞ դասագրքերի, թե՞ մնացած միջոցների։

Ա.ԱՇՈՏՅԱՆ
-Գիտե՞ք, այդ հարցադրումների մի մասն է, ցավոք, մասնագիտական կամ, իրոք, կարիքից դրդված։ Ցավոք սրտի, այս ընթացքում հնչած բազմաթիվ մեկնաբանությունների հորձանուտի մեջ շատ հեշտ էր զանազանել այն ռացիոնալ հատիկները, որոնք գոյություն ունեին քաղաքական մեկնաբանություններից եւ իրավիճակից օգտվելու,  ուսանողների ձեռքերով շագանակներ  հանելու այդ անհագուրդ ցանկությունից։
Փա՛ռք իրավիճակին եւ հայ ուսանողությանը, որը թույլ չտվեց եւ ոչ մի քաղաքական ուժի նման տեսակի շագանակ հանել իր ձեռքերով։
Կոնկրետ օրինագիծը, որի մասին դուք շատ լավ տեղյակ եք՝ կառավարության կողմից առաջարկված, չորս ուղղություններով տալիս է համապարփակ լուծումներ։
Առաջինը՝ առաջարկվում է սահմանել ուսման վարձի վերին շեմ։
Երկրորդ՝ առաջարկվում է սահմանել ուսման, բուհերի վճարովի ծառայությունների մի նվազագույն բյուջեի տոկոս, որով պարտավոր է ապահովել ուսանողական զեղչեր։
Երրորդ՝ ապահովագրվում են հստակ օրենքով այն սոցիալական խմբերը, որոնց այդ զեղչը հասանելի պետք է լինի՝ անկախ ռեկտորի, դեկանի, ամբիոնի վարիչի, ուսանողական խորհրդարանի նախագահի կամ նախարարի կամքից, օրենքով երաշխավորված զեղչեր կոնկրետ սոցիալական խմբերի համար։
Եվ չորրորդ՝ դա այն է, որ պետական բուհերը, ըստ օրինագծի, պարտավորված կլինեն պետության կողմից տրամադրված պետական պատվերի շրջանակի 20 %-ի չափով ապահովել հավելյալ անվճար կրթության տեղեր՝ առանց տարկետման իրավունքի։
Օրինագիծը բուռն քննարկվել է նաեւ հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն, քառօրյայի օրակարգում է։ Առիթից պետք է օգտվեմ, դիմեմ ԱԺ նախագահին եւ իր տեղակալներին՝ համապատասխան նիստերի վարման ընթացքում գերակա ճանաչել նաեւ այս նախագիծը, հնարավորության դեպքում այն քննարկել հնարավորինս շուտ, որպեսզի կարողանանք մինչեւ հունվարի 1-ը՝ նոր ֆինանսական տարվա մեկնարկը, ունենալ բուհերի բյուջեներում երաշխավորված դրամաքանակ՝ ուսանողական զեղչերի համար։ Շնորհակալ եմ։

Հարց ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանին

2013թ. հոկտեմեբրի 23, 3-րդ նիստ

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մենք ունենք ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանի եւ Հովհաննես Մարգարյանի գրավոր հարցերը։ Եթե պատգամավորները ցանկանում են հնչեցնել իրենց հարցերը, խնդրում եմ մոտենալ խոսափողին։
Ռուզաննա Մուրադյան, 2-րդ խոսափող։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Մեծարգո պրն նախագահ, հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, հարցս ուղղված է, մասնավորապես, կրթության, գիտության նախարարին։
Օրեր առաջ մեր հանձնաժողովում քննարկում էր գնում գիտության հարցերի եւ գիտության ֆինանսավորման հետ կապված, եւ ինձ, ճիշտն ասած, հետաքրքրեց մի հարց, թե պետական միջոցներով ինչպիսի՞ գիտական հետազոտություններ են ֆինանսավորվել կրթության ոլորտի հետ կապված։
Հարցը գրավոր ներկայացրել եմ եւ ստացել եմ պատասխան։  Հարցս հնչեցրել եմ, նկատի ունենալով, որ արդյոք հանրակրթության ոլորտին ուղղված հետազոտություններ կա՞ն, թե՞ ոչ։ Փաստորեն, պատասխանից էլ երեւում է, որ հիմնականում այդ հետազոտություններն ուղղված են բարձրագույն ուսումնական ոլորտին եւ միջինմասնագիտական ոլորտին։ Այստեղ չընթերցեմ, նշված են բազում հետազոտություններ, որոնք կրեդիտային համակարգի ներդման հետ   են կապված, մասնագիտական զարգացման  ծրագրերի արդյունավետ կազմակերպման եւ այլն, որոնք, կարծում եմ, կարեւոր հետազոտություններ են, բայց հանրակրթության ոլորտը բաց է մնացել։
Կուզեի, որ պատասխանեիք, հարգելի պրն նախարար, թե կա՞ն արդյոք այլ հետազոտություններ, որոնք միգուցե իմ հարցի շրջանակների մեջ չէր մտնում, որոնք կարգավորում են կամ որոնք ավելի ուղղված են կոնկրետ հանրակրության ոլորտին։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Հարցին կպատասխանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Ա.ԱՇՈՏՅԱՆ
-Շնորհակալություն հարցի համար։ Մեծարգո խորհրդարան, առիթից օգտվելով երեւի թե ակնկալիք ունեմ ձեզ բավարարեմ, ավելին ասեմ, քան գրավոր պատասխանում նշված է։
Իրականում հանրակրթության ոլորտում, ինչպես նաեւ կրթական այլ ոլորտներում հետազոտական աշխատանքները, որոնք հիմք են ծառայում պետական քաղաքականության ուրվագծման համար, մշակման համար, իրականացվում են։ Հանրակրության ոլորտում, հատկապես ուզում եմ շեշտել հանրակրթության վիճակագրական տվյալների այն բազան, որ յուրաքանչյուր տարի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծում եւ հրապարակում է, ուզում եմ նաեւ ուրախությամբ շեշտել, որ այս տարվանից այդ բազան հասանալի է նաեւ ինտերնետում արմստադ, «Կտա?.ամ» կայքում ամբողջությամբ տվյալների բազան մուտքագրված է։ Իհարկե, դա խոշոր հետազոտական աշխատանք է պահանջել։
Երկրորդ ուղղությունը, որ ուզում եմ ձեզ առաջարկել, այդ ուղղությամբ միասին աշխատել, դա Համաշխարհային բանկի հետ նոր վարկային ծրագրի շրջանակներում հետազոտական այն բաղադրիչներն են, որոնք ուղղված են լինելու հատկապես ավագ դպրոցներում կրթության կազմակերպման խնդիրների վերծանմանը եւ այդ խնդիրների լուծումներին միտված համապատասխան գործողությունների ծրագրի մշակմանը։
Ուստի, կարծում եմ, որ հանրակրթության ոլորտը չի անտեսվել իր հետազոտական բաղադրիչով, հատկապես նաեւ շեշտեմ, որ այդ ոլորտում աշխատում են նաեւ մի շարք մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց գիտական գործունեության մի մասն ուղղված է նաեւ հանրակրթության դաշտում առկա խնդիրների գիտական ուսումնասիրություններին։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-2-րդ խոսափող։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն։ Ինձ, մասնավորապես, հետաքրքրում էր նաեւ հանրակրթության ոլորտում, հատկապես դուք նշեցիք նաեւ ավագ դրոցների, մեր այս կայացման գործընթացում ինչպե՞ս կարելի է կոնկրետ, հստակ հետազոտել եւ հասկանալ «կրթության որակ» հասկացությունը, որը նաեւ  այսօր մեզ բոլորիս հուզում է, եւ մենք էլ տարին հայտարարել ենք որակի տարի։ Ա՛յ, ինչպե՞ս կարող ենք հասկանալ այդ որակի չափը որտեղի՞ց է սկսում, որտե՞ղ է ավարտվում եւ ինչպե՞ս դա կարող ենք վերահսկել, դնել, ներդնել, առավել եւս, նորից եմ կրկնում, երբ մենք ավագ դպրոցների կայացման խնդիր ունենք։

Ա.ԱՇՈՏՅԱՆ
-Եթե ձեր առաջին հարցադրումը փորձեմ դիտարկել որակի հարթության մեջ, ապա պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք որակի գնահատման արտաքին եւ ներքին մեխանիզմներ։ Որակի գնահատման նոր հայեցակարգը մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին եւ հիմա փորձարկման փուլում է։
Ինչ վերաբերում է առավել անկախ գնահատականներին, ապա արտաքին գնահատումն այս պահին իրականացնում է Գնահատման թեստավորման կենտրոնը, գիտեք իրենց մեթոդաբանությունը, եւ Հայաստանն ընդգրկված է միջազգային ստուգատեսներից «Թիմս»-ի մեջ, ոչ թե «Պիսա»-ի, այլ «Թիմս»-ի մեջ, որտեղ 70 երկիր է այս պահին մասնակցում։ Մեր ցուցանիշները այնքան վատը չեն, ինչքան որ կցանկանային մեկնաբանել։ Իհարկե, այն լավագույն ցուցանիշները չեն, որոք մենք պետք է միասին ձգտենք, ուղղակի համեմատության համար ասեմ, եթե որակի մասին ենք խոսում եւ հետազոտական բաղադրիչն ենք ուզում շեշտել, որ Հայաստանի աշակերտների գիտելիքները 9-րդ դասարանում, օրինակ, մաթեմատիկայից, համադրելի են Նորվեգիայի աշակերտների գիտելիքների կամ Ռումինիայի աշակերտների գիտելիքների հետ։ Հաշվի առեք նաեւ այն փաստը, որ Նորվեգիայում մեկ աշակերտի վրա 6,5 անգամ ավելի շատ գումար է ծախսվում՝ հանրակրթության, մեկ շնչին ընկնող ֆինանսավորման չափով, քան Հայաստանում։ Այսինքն՝ անելիքներ կան, բայց իրավիճակը շատ ավելի հուսադրող է եւ անկախ գնահատականներով ավելի լուսավոր, քան մեր քննադատները երբեմն փորձում են՝ չխորանալով հարցի մասնագիտական էության եւ կողմնորոշումների մեթոդաբանության մեջ, ներկայացնել։  Շնորհակալ եմ։

Tuesday, October 22, 2013

Ռ.Մուրադյանի հարցը ՀՀ ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանին


հոկտեմբերի 22, 2013թ.

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Հաջորդ հարցի համար՝  պատգամավոր Ռուզաննա Մուրադյան, համեցեք։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

-Պրն նախարար, 1-ին հարցը ուզում եմ հենց ուղղել քիչ առաջ իմ գործընկերոջ հնչեցրած հարցին։ Դուք պատասխանեցիք, որ հարցում եք արել որոշ պատգամավորներից, որոնք գնահատել են իրենց գործունեությունը եւ դա արտահայտվել է աղյուսակում 10 միավորով։ Երեւի ես եմ նոր պատգամավոր, կուզեի իմանալ, ո՞ր պատգամավորներին եք հարցրել, նորերի՞ն, հների՞ն, թե՝ ում, եւ կոնկրետ անուններ, եթե կարելի է։ Սա 1-ին հարցը։
2-րդ հարցը՝ ես ուզում եմ հասկանալ, այս փաթեթի մեջ նախադպրոցական հաստատության օրենքի նախագծից մի հատված կա, որտեղ ասվում է, որ նախադպրոցական հաստատության աշխատակցի աշխատավարձը նվազագույնի կրկնապատիկից պակաս չի կարող լինել։ Սրա մեջ չկա դպրոցի ուսուցչի, իհարկե, հասկանում եմ, որ սա պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին է, բայց եթե նախադպրոցականը դրված է, նա ինչու՞ չկա։
3-րդ հարցը՝  ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել աղյուսակում առկա հետեւյալ տողին, որտեղ Սահմանադրության մեջ որքան ես նայել եմ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, այսպիսի պաշտոն չկա, մինչդեռ 15 ու 50 գործակից տրված է նրա համար, եւ այն մարմինները, որոնք սահմանադրական մարմիններն են, որոնք են՝ ՀՀ գլխավոր դատախազ, վճռաբեկ դատարանի նախագահ, Վերահսկիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպան, նրանցը 15 է գործակիցը։ Ինչո՞վ է սա բացատրվում։
Վ.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
-Ես հարցին պատասխանեմ նույն տրամաբանությամբ, տիկին Մուրադյան։ Հարցը նա է, որ այստեղ բոլոր պաշտոնները չէ, որ որոնք նշված են, Սահմանադրական են։ Եթե մենք ստացել ենք այդպիսի արդյունք, այդ արդյունքն էլ ներկայացված է։ Քանի որ հարցումների արդյունքում   մենք ստացել ենք այդ արդյունքը, գամ 1-ին հարցին։
Ցավոք սրտի, հիմա բոլոր անունները չեմ կարող հրապարակել, բայց կարող եմ ասել, որ դա արվել է թե՛ նախկին գումարման, թե՛ ներկա գումարման պատգամավորների հետ հարցումները, այդ թվում եղել են նաեւ գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչներ։ Ես կթարմացնեմ ցուցակները, ձեզ կտեղեկացնեմ 1-2 անուն եւս։
Ինչ վերաբերում է նախադպրոցական այդ փոփոխություններին, ապա ասեմ, որ ընդունված մոտեցումով բոլոր օրենքներից, որոնք կարգավորում էին համապատասխան ոլորտներ, հանրային ծառայությունների, աշխատավարձերի մասին դրույթները հանվել են եւ բերվել են մեկ մայր օրենքի մեջ, եւ բոլոր հղումներն արված են դրան։ Այդ տեխնիկան է ընտրվել։ Հատկապես այդ հոդվածը, որը դրված էր, այդ հոդվածը չեղյալ է ճանաչվել, քանի որ արդեն նոր կարգաբերում ենք բերել։
Ինչ վերաբերում է դպրոցների եւ նախադպրոցական հիմնարկների ֆինանսավորմանը, ապա այդ ցուցանիշները դուք կարող եք գտնել բյուջեի մեջ։ Այստեղ մենք բյուջեի հաշվարկներով ենք ֆինանսավորում։ Օրինակ՝ կրթական ոլորտում միջին գործակիցը, որ ուսուցչական կազմի համար ընտրված է, 2,3-ն է։ Դա համապատասխանեցված է  քաղաքացիական ծառայության սանդղակի որոշակի դասի միջնակետին։ Դրանք մանրամասն բացատրված են բյուջեի նախագծում, ինչը դուք արդեն ամբողջական պատկերացում կազմելու տեսակետից կարող եք ծանոթանալ, երբ որ կծանոթանաք բյուջեի նախագծին, եւ արդեն դրա քննարկումները սկսվեն։
Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Արձագանքի համար՝ Ռուզաննա Մուրադյան։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն նախարար, իրոք, ես կուզեի իմանալ, ովքե՞ր են այդ ընտրյալ պատգամավորները, որոնց դուք նման հարցով դիմել եք, մեզ անտեսել եք։ Հարցս  այստեղից է գալիս, որովհետեւ մեզ էլ է հետաքրքրիր ընդգրկվել նմանատիպ հարցադրումների մեջ։
Ես նաեւ ուզում եմ հիշեցնել, որ ուսուցչի աշխատավարձի հետ կապված, որ նշեցիք այդ 2,3 գործակիցը, եւ ձեր ներկայացրած օրենքի 4-րդ հոդվածը,  որտեղ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներն են տրված, որտեղ նաեւ խոսվում է կատարած համապատասխան աշխատանքի դիմաց համապատասխան վարձատրության սկզբունքի մասին... այսօր ուսուցչի գործառույթների մեջ շատ բան է փոխվել, ավելացել են գրավոր աշխատանքների տեսակներ, որոնք նախկինում 2 առարկաների համար վճարվում էին, մաթեմատիկայի եւ հայոց լեզվի, իսկ հիմա արդեն բոլոր առարկաներից այդ գրավորները... արդյոք այդ համապատասխան աշխատանքի փոփոխությունն արտահայտվելու՞ է այդ նոր հաշվարկի մեջ։ Եթե պաշտոնի նկարագիրը նայում ենք, ուսուցչի գործառույթները շատ են, դրանց համապատասխան հաշվարկվա՞ծ է աշխատավարձը։
Վ.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
-Կարծում եմ, որ այդ հարցը ճիշտ կլինի տալ բյուջետային քննարկումների ժամանակ, որովհետեւ սույն օրենքի փաթեթով ուսուցիչների աշխատանքը չի կարգավորվում։ Այն կարգավորգում է ընդամենը ֆինանսավորման մեխանիզմի տեսակետից, ինչն ամրագրված է բյուջեում։ Դա 1աշակերտի հաշվով ֆինանսավորումն է, որի հիմքում ընկած է եւ այլն։ Կարծում եմ, այն ժամանակ շատ ավելի ճիշտ կլինի այդ հարցին անդրադառնալ։

Ամեն ինչ սկսում է մեխ թվալ. ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հոկտեմբերի 22ի ելույթը հայտարարություննների ժամին

Ներկայացնում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հայտարարությունը՝ ԱԺ-ի հայտարարությունների ժամին:
Վերջին շրջանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձություններն ինձ հիշեցնում են Աբրահամ Մասլոուի հետևյալ խոսքերը. «Եթե դուք միայն մուրճ ունեք, ամեն ինչ սկսում է մեխ թվալ»: Սա ի միջի այլոց….
Անժխտելի ճշմարտություն է, որ ազատ խոսքի իրավունքը պատկանում է  բոլորին:Բայց այդ խոսքի իրավունքով խոսող ցանկացած հայ մարդ պետք է  խորը պատասխանատվություն կրի՝ գործի  դնելով այդ իրավունքն ընդհանրապես, իսկ հայ լինելու դեպքում՝ հատկապես՝ չմոռանալով, որ փոքր ազգերի կողմից փոքր վրիպումներն անգամ մեծ ազդեցություն են թողնում ազգի կամ պետության ճակատագրի վրա:
Մեր կոչումից ելնելով մենք պարտավոր ենք ճիշտ կողմնորոշել հանրային կարծիքը՝ միշտ հիմնվելով առարկայական փաստերի  ու տվյալների վրա և հստակ կեցվածք ունենանք նրանց նկատմամբ՝ ելնելով միայն և միայն հանրության գերագույն շահերից, ազգի և պետության շահերից:
Մեր օրերում, ապագան պայմանավորող գործընթացների, հայկական հիմնախնդիրների, ազգային համամարդկային  գաղափարների ու ազգային արժեքների  խառնաշփոթ ժամանակների թոհուբոհի մեջ, երբ շատ անգամ դժվար է զատել ճշմարիտը սխալից, իրականը կեղծիքից ու ստից, կարևորը անկարևորից, հայանպաստը հային վնասից. նման խառնաշփոթի մեջ ակնհայտ  է, որ ժողովրդավարություն և խոսքի ազատություն բղավողներից շատերը իրենց ապատեղեկատվությամբ մոլորեցնում են հանրությանը՝ ի սպաս իրենց անձնական, խմբային և հատվածական շահի՝ մոռանալով, որ խոսքը հզոր և ազդեցիկ ուժ է, որը կարող է մաքրել մթնոլորտը կամ թունավորել այն:
Տեղին է հիշել բանաստեղծի տողերը. «Խոսքը զենքի պես զգույշ գործածիր, երբ խառն է դարը, նույն արճիճից են ձուլվում, իմացիր, գնդակն ու տառը»:
Մեր կոչումից ելնելով՝ մենք պարտավոր ենք խոսքի ուժը ճիշտ օգտագործել, արտաքին թշնամուն ցույց տալու մեր ներքին ուժը, հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու, բարություն  սերմանելու, աննկուն պայքարելու հանուն ամբողջական հայ ժողովրդի և ազգի ապագայի:
Ճիշտ, տեղին և մտածված  խոսքերով և գործով բոլորս միասին կարող ենք գործուն դերակատարը դառնալ յուրաքանչյուր անհատի, ընտանիքի, հասարակության, պետության հաջողության կերտողը: 
Եվ ընդմիշտ  հիշենք, որ կան արժեքներ, որոնք վերկուսակցական են, և դրանց մասին խոսելիս՝ լավ է չասել ոչինչ, քան՝ ասել ոչինչ: Սա ևս ի միջի այլոց…

Monday, October 21, 2013

հարց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին

21.10.2013թ.
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

-Պրն Ասատրյան, առաջին հարցս ուղղված է հոդված 6-րդ կետում ամրագրված «հարմար աշխատանք» հասկացությանը, նշված է, որ հարմար աշխատանքի համար բնութագրող պահանջները սահմանում է լիազոր մարմինը, մինչդեռ հոդված 11-ում, որը լիազոր մարմնի իրավասություններն է սահմանում, չկա կոնկրետ այդ դրույթը: Կուզեի, որ դրան ուշադրություն դարձնեիք: 
Հաջորդ հարցը` երբ մենք խոսում ենք հոդված 6-ում հանրմար աշխատանքի մասին, իսկ մյուս հոդվածում` 7-ում, խոսում ենք արժանապատիվ աշխատանքի միջազգային չափանիշների մասին: Արդյոք դրանց հարաբերակցության մեջ մենք ունե՞նք օրինակ, երբ միջազգայնորեն ընդունված արժանապատիվ աշխատանքի չափանիշների մեջ կարող է «հարմար աշխատանք» հասկացությունը չտեղավորվի:
Մյուս հարցը` հոդված 11-ի 8-րդ կետը ձեւակերպված է այսպես, լիազորված մարմնի իրավասություններում ասվում է, որ. «Լիազորված մարմինը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` լիազորված մարմի կողմից սահմանված կարգով»: Կարծում եմ, սա խմբագրման կարիք ունի, եւ ուղղակի էլ պետք չի նշել «լիազոր մարմնի սահմանված կարգով» եւ առաջարկում եմ, որ լինի լիազորված մարմնի տակ, 7-րդ կետում թվարկվի. «Սահմանում է տոնավաճառի կարգը եւ իրականացնում այն» կամ «կազմակերպում»: Իմ առաջարկները ես գրավոր էլ կներկայացնեմ, որ ավելի տեսանելի լինի:
Վերջին հարցը, եթե ժամանակ ունեմ, որտեղ խոսվում է. «Ամենամյա ծրագրերի մշակում» հոդվածը` հոդված 12: Հոդվածի վերնագրի մասին եմ ուզում խոսել: «Ամենամյա ծրագրերի մշակում» վերնագիրը եւ նրա տակ դասված կետերը, կարծես տրամաբանորեն իրար չեն համապատասխանում, որովհետեւ գործառույթները, որոնք նշված են դրանց տակ, ինձ թվում է, որ այստեղ մի բառ է պակասում, ամենամյա ծրագրերի մշակման կամ գործողություններ կամ ինչ-որ բան, որովհետեւ մշակումով, կարծես միտքը կիսատ է մնում եւ կոնկրետ թվարկած գործողությունները չեն գալիս դա լրացնելու:
Ի վերջո, վերջին հարցը, որ ավելի, կարծում եմ, այսպես որակական բնույթի է, քան` օրենսդրական: Դուք նշում եք հոդվածներից մեկում, որ պետք է աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի արդյունքները ներկայացնեք կրթության պետական լիազոր մարմնին, որպեսզի այնտեղ սահմանվեն միջին մասնագիտական, նախնական մասնագիտական հաստատություններում համապատասխան տեղեր: Արդյոք դա հիմա՞ պետք է արվի, թե՞ արդեն ունենք արված, համակարգված չի, հիմա օրենքով էլ ավելի արդյունավետ լուծում կտրվի դրան: Շնորհակալություն:

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ
-Շնորհակալություն: Տիկին Մուրադյան, առաջին հարցի հետ կապված` «հարմար աշխատանք» հասկացությունը: Քանի որ «հարմար աշխատանք» հասկացության հիմնական դրույթները այստեղ օրենքի նախագծով ամրագրված են, եւ միեւնույն ժամանակ դրան ներկայացվող պահանջների չափորոշիչների առումով անհրաժեշտություն կա, որ լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգ սահմանվի, մասնավորապես, հարմար աշխատանքի ներքո դիտարկվեն նաեւ այլ պահանջներ, ինչքան տրանսպորտի, ենթադրենք, ծախսի հետ կապված ճանապարհահատվածը ինչքան պետք է լինի, այսինքն` լրացուցիչ չափորոշիչներ կան, որոնք թույլ են տալու ամբողջությամբ բնութագրել «հարմար աշխատանք» հասկացությունը:
Այս առումով, կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել այն ձեր առաջարկը, որ 11-րդ հոդվածում այդ համապատասխան մասը լրացված չի, լրացուցիչ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կնայենք:
Մյուս խնդիրը, կապված «հարմար աշխատանք», «արժանապատիվ աշխատանք» հասկացությունների հարաբերակցության հետ, քանի որ դա` արժանապատիվ աշխատանքը օրենքով սահմանված, այս մեր ամբողջ զբաղվածության քաղաքականության նպատակն է, հարմար աշխատանքը, որպես ավելի կոնկրետ գործիք, մեխանիզմ, որից հրաժարվելու դեպքում զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու հայտ ներկայացված անձինք զբաղվածության ծրագրերից կարող են դուրս մնալ: Այսինքն` եթե անձը դիմում է աշխատանք փնտրող հաշվառվելով, գործազուրկի կարգավիճակ է ստանում եւ նրան առաջարկվում է հարմար աշխատանք, ապա այդ հարմար աշխատանքից հրաժարվելը նաեւ համապատասխան մեխանիզմներ է ենթադրում, աշխատանք փնտրող անձի նկատմամբ, որը ուղղակի հաշվառումից կարող է դուրս բերվել կամ նրան այլեւս այդպիսի առաջարկություն չի արվի, քանի որ դա, ըստ էության, հենց զբաղվածության ծառայությունում հաշվառվելու հիմնական նպատակը պետք է լինի` հարմար աշխատանքի առաջարկ ստանալը:
Զբաղվածության ծրագրերից նշեցիք տոնավաճառի հետ կապված, մենք լրացուցիչ դա կքննարկենք, ձեզ հետ միասին, ձեւակերպումների հետ կապված:
Նույնը վերաբերում էր նաեւ 12-րդ հոդվածի ձեւակերպումներին:
Ինչ վերաբերում է կրթության լիազոր մարմնի հետ կապված աշխատանքներին, համագործակցությանը, ներկայումս էլ այդ համագործակցությունը կա: Այս դեպքում, դա օրենքի մակարդակով սահմանվում է, որպես հիմք, այսինքն` աշխատաշուկայի վերլուծությունը, եւ առաջարկի ու պահանջարկի հաշվառումը ինքնանպատակ չի կարող լինել: Բնականաբար, այն պետք է ներկայացվի նաեւ կրթության լիազոր մարմնին` կրթության ոլորտի լիազոր մարմնին, որը, ըստ էության, կրթության պահանջն է դնում` պետական պատվերը, որը պետք է համապատասխանի աշխատաշուկայի իրավիճակին եւ պահանջարկին:
Բնական է, ես նշեցի, որ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, կապված նրա հետ, որ այդ վերլուծությունները պետք է կարողանան մեզ հնարավորություն տալ, ավելի երկար ժամանակահատվածի համար կանխատեսումներ անել, աշխատաշուկայի հետ կապված, իսկ դա բավականին դժվար գործ է, բայց պետք է ամեն դեպքում դա դրվի հիմքում: Առանց դա հիմքում ներդնելու, ուղղակի այդ իրավիճակի վերլուծությունը կլինի տվյալ իրավիճակին համապատասխան զուտ քայլեր կատարելուն միտված, որը, կարծում եմ, մեզ համար ընդունելի չի: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Արձագանքման համար` Ռուզաննա Մուրադյան, համեցեք:

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն: Ես լրացնում եմ ձեր միտքը, եւ հարցը տվեցի զուտ նրա համար, որ մեկ անգամ եւս ընդգծվի, որ կրթության ոլորտի մեր առաջիկա բարեփոխումներում մենք նաեւ ամրագրել ենք 12-ամյա անվճար ուսուցման ծրագիրը, որի մեջ նաեւ մտնում են նախնական մասնագիտական, միջին մասնագիտական ուսումնարաններում, հաստատություններում սովորողներին անվճար տեղեր պետության կողմից սահմանելը: Դրա համար, կարծում եմ, որ դա հստակ հաշվարկելը շատ ճիշտ է, որպեսզի հստակ հաշվարկվի նաեւ, թե պետական բյուջեից ի՞նչ միջոցներ է տրամադրվում եւ որքա՞ն ռեսուրսներ մենք պետք է կարողանանք հետագայում իրացնել:
Ձեզ մոտ նշեք խնդրեմ, նաեւ հոդված 14-ում կա այսպիսի հասկացողություն. «հանրապետական եւ տարածքային համաձայնեցված կոմիտեներ»: Ի՞նչ բան են այդ համաձայնեցված կոմիտեները, քանի որ ես հասկացությունների հոդվածում, որը հոդված 4-րդն է, նայեցի, եւ դա չգտա: Միգուցե, դրա մասին պետք է այնտեղ լրացու՞մ արվի: Շնորհակալություն:

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ
-Շնորհակալություն: Ամբողջությամբ կիսում եմ ձեր կարծիքը, այսինքն` այդ համագործակցության դաշտը կրթության ոլորտի հետ, բնականաբար, պետք է ավելի ամրապնդվի, եւ այս մեխանիզմների ներդրմամբ, այո, մենք կարող ենք ունենալ ավելի արդյունավետ, հասցեական ծրագրեր եւ՛ սոցիալական պաշտպանության ոլորտում եւ՛ կրթության ոլորտում:
Ինչ վերաբերում է համաձայնեցման կոմիտեներին, դրանք ներկայումս գործող մարմիններ են, որտեղ եռակողմ, սոցիալական գործընկերության կողմերի մասնակցությունն է ապահովված` գործատուների շահերի ներկայացուցիչներ, աշխատողների, այսինքն` արհմիություններ, եւ պետական կառավարման լիազոր մարմնի, եւ այս համաձայնեցման կոմիտեները մարզերում, այն բոլոր խնդիրները եւ իրականացվող ծրագրերը, որոնք կան կամ կարող են լինել, կամ այլ խնդիր, որոնք կարող են ներկայացվել, նպատակահարմար է գտնվում ներկայացնել սոցիալական գործընկերներին, որպեսզի քննարկվի ավելի, այսպես, կառավարության մակարդակով, քանի որ մենք ունենք այդ եռակողմի հետ համագործակցության հուշագիրը ստորագրված` կառավարություն-գործատուների միություն-արհմիություններ, եւ այդ համաձայնեցման կոմիտեները տեղերում բավականին արդյունավետ աշխատում են, եւ այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են մարզերում, նաեւ այդ համաձայնեցման կոմիտեների կողմից քննարկվում, հավանության են արժանանում եւ ներկայացվում են հետագա հաստատման, որպեսզի այդ ծրագրերը ավելի առարկայական եւ հասցեական լինեն, եւ բոլոր կողմերը ընդգրկված լինեն այդ քննարկումներում` գործատուներ, վարձու աշխատողներ եւ պետական կառավարման լիազոր մարմին: Շնորհակալություն:
Նյութի աղբյուրը`

Tuesday, October 1, 2013

«Հասարակության արժեհամակարգը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների»

1.10.2013թ. արժեհամակարգը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների»

Հեռուստաընկերությունների եթերի բովանդակության և ՀՀ քաղաքացու արժեհամակարգի ձևավորման վրա դրա ունեցած ազդեցության մասին Aysor.am-ը զրուցեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանի հետ:
«Այսօր օբյեկտիվորեն քննարկվում և քննադատվում է հայկական հեռուստաընկերու-թյունների եթերի բովանդակությունը և հատկապես՝ նրա ազդեցությունը ՀՀ քաղաքացու արժեհամակարգի ձևավորման վրա: Այն, որ հայ հասարակության արժեհամակարգը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների, անհերքելի փաստ է, և այստեղ է, որ մենք բոլորս մտորում ենք, թե այսօր ինչպիսին պետք է լինի մեր ժամանակների հերոսը, այն իդեալը, որով պետք է ոգեշնչվեն և դաստիարակվեն մեր երեխաներն ու երիտասարդները:
Իսկ որ հեռուստատեսության դերը շատ մեծ է անձի արժեհամակարգի ձևավորման և իդեալի կերտման գործընթացում, նույնպես փաստ է: 

Այսօր գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունը, համակարգիչը հաճախ դպրոցականների համար փոխարինում են հաղորդակցումն իրենց հասակակիցների, ուսուցիչների, ինպես նաև` ծնողների հետ, ուստի զանգվածային լրատվամիջոցները պետք է շատ զգույշ ինտեգրվեն դաստիարակչական գործընթացում, այնպես, որ ուղղված լինեն անձի զարգացմանը, այլ ոչ թե խեղաթյուրմանը»,- նշեց Ռ. Մուրադյանը:
Ըստ պատգամավորի՝ հեռուստատեսությունը մեզ մոտ էլ պետք է դառնա մեդիակրթության բաղկացուցիչ մաս, ինչպես ընդունված է շատ զարգացած երկրներում: 

«Այս ընթացքում փորձեցի ուսումնասիրել միջազգային փորձը այս ոլորտում, և արդյունքում պարզվեց, որ գրեթե բոլոր զարգացած երկրներում գոյություն ունեն առանձին կրթադաստիարակչական, մշակութային հեռուստաալիքներ, որոնց միջոցով տարբեր թիրախային խմբեր` երեխաներ, դեռահասներ, երիտասարդներ, ծնողներ, ուսուցիչներ կարողանում են գտնել իրենց բազմաթիվ հարցերի պատասխանները:
Առաջարկվում է թեմատիկ հաղորդումների շարք ծնողների համար` ուղղված ընտանիքում դաստիարակության ակտուալ խնդիրների լուծումներին, որոնք նաև տպագրվում են թերթում: 

ԱՄՆ-ում կրթական ծրագրեր հեռարձակում են շուրջ 200 հեռուստաընկերություններ և 700 մալուխային հեռուստակայաններ:

Կրթական ծրագրերի մշակմամբ և ներդրմամբ զբաղվում են հատուկ մանկավարժական կենտրոններ: Արևմտյան Եվրոպայում նույնպես կրթական հեռուստաալիքը պատվավոր տեղ է զբաղեցնում: Օրինակ` անգլիական BBC հեռուստաընկերությունը տարեկան հեռարձակում է շուրջ 400 ժամ կրթական հեռուստանախագծեր: Ծրագրերը, կարծես, մուտք են գործել կրթական միջավայր, որոնք դիտում են Մեծ Բրիտանիայի գրեթե բոլոր դպրոցներում հստակ սահմանված դասաժամերի ընթացքում: Ֆրանսիայում հանրային հեռուստաընկերությունը շաբաթական երեք ժամ ցուցադրում է կրթական հաղորդումներ, և ուսումնական տեսահաղորդումները ղեկավարում է աուդիովիզուալ ուսուցման ազգային կենտրոնը»,- նշեց Ռ. Մուրադյանը:
 


http://aysor.am/am/news/2013/10/01/ruzanna-muradyan/                    

Aysor.am

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հոկտեմբերի 1-ի ելույթը ԱԺ-ում Ուսուցիչների տոնի առթիվ

01.10.2013թ.