Ներկայացնում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հայտարարությունը՝ ԱԺ-ի հայտարարությունների ժամին:
Վերջին շրջանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձություններն ինձ հիշեցնում են Աբրահամ Մասլոուի հետևյալ խոսքերը. «Եթե դուք միայն մուրճ ունեք, ամեն ինչ սկսում է մեխ թվալ»: Սա ի միջի այլոց….
Անժխտելի ճշմարտություն է, որ ազատ խոսքի իրավունքը պատկանում է բոլորին:Բայց այդ խոսքի իրավունքով խոսող ցանկացած հայ մարդ պետք է խորը պատասխանատվություն կրի՝ գործի դնելով այդ իրավունքն ընդհանրապես, իսկ հայ լինելու դեպքում՝ հատկապես՝ չմոռանալով, որ փոքր ազգերի կողմից փոքր վրիպումներն անգամ մեծ ազդեցություն են թողնում ազգի կամ պետության ճակատագրի վրա:
Մեր կոչումից ելնելով մենք պարտավոր ենք ճիշտ կողմնորոշել հանրային կարծիքը՝ միշտ հիմնվելով առարկայական փաստերի ու տվյալների վրա և հստակ կեցվածք ունենանք նրանց նկատմամբ՝ ելնելով միայն և միայն հանրության գերագույն շահերից, ազգի և պետության շահերից:
Մեր օրերում, ապագան պայմանավորող գործընթացների, հայկական հիմնախնդիրների, ազգային համամարդկային գաղափարների ու ազգային արժեքների խառնաշփոթ ժամանակների թոհուբոհի մեջ, երբ շատ անգամ դժվար է զատել ճշմարիտը սխալից, իրականը կեղծիքից ու ստից, կարևորը անկարևորից, հայանպաստը հային վնասից. նման խառնաշփոթի մեջ ակնհայտ է, որ ժողովրդավարություն և խոսքի ազատություն բղավողներից շատերը իրենց ապատեղեկատվությամբ մոլորեցնում են հանրությանը՝ ի սպաս իրենց անձնական, խմբային և հատվածական շահի՝ մոռանալով, որ խոսքը հզոր և ազդեցիկ ուժ է, որը կարող է մաքրել մթնոլորտը կամ թունավորել այն:
Տեղին է հիշել բանաստեղծի տողերը. «Խոսքը զենքի պես զգույշ գործածիր, երբ խառն է դարը, նույն արճիճից են ձուլվում, իմացիր, գնդակն ու տառը»:
Մեր կոչումից ելնելով՝ մենք պարտավոր ենք խոսքի ուժը ճիշտ օգտագործել, արտաքին թշնամուն ցույց տալու մեր ներքին ուժը, հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու, բարություն սերմանելու, աննկուն պայքարելու հանուն ամբողջական հայ ժողովրդի և ազգի ապագայի:
Ճիշտ, տեղին և մտածված խոսքերով և գործով բոլորս միասին կարող ենք գործուն դերակատարը դառնալ յուրաքանչյուր անհատի, ընտանիքի, հասարակության, պետության հաջողության կերտողը:
Եվ ընդմիշտ հիշենք, որ կան արժեքներ, որոնք վերկուսակցական են, և դրանց մասին խոսելիս՝ լավ է չասել ոչինչ, քան՝ ասել ոչինչ: Սա ևս ի միջի այլոց…
No comments:
Post a Comment