2013թ. հոկտեմբերի 23, 3-րդ նիստ
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Հարգելի կառավարություն, օգոստոսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ բուհերում վարձավճարների բարձրացման հարցի կապակցությամբ, որին ակտիվորեն մասնակցեց նաեւ քաղաքացիական հասարակությունը։ Բազմաթիվ հանդիպումների ընթացքում կառավարությունը խոստացավ կարգավորել հարցը։ Այսօր արդեն հոկտեմբերն է, կուզեինք իմանալ՝ կոնկրետ ի՞նչ քայլեր են կատարվել հարցի կարգավորման ուղղությամբ։
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Հարցին կպատասխանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Ա.ԱՇՈՏՅԱՆ
-Շնորհակալություն կրկին հարցի համար։ Ինչպես հիշում ենք, օգոստոսի վերջին իրականում հասարակության մեջ ուսանողության, երիտասարդության որոշ խմբերի շրջանում անհանգստություն առաջացավ՝ ուսման վարձերի բարձրացման հետ կապված, որոշ բուհերում, որոշ մասնագիտությունների գծով։ Էլ չեմ ուզում մեկնաբանել այդ ամբողջ նախապատմությունը, ուզում եմ ընդամենը փաստել, որ այդ մտահոգությունը լավ առիթ հանդիսացավ, որպեսզի մենք բոլորս սկսենք առավել մեծ ուշադրություն դարձնել բարձրագույն կրթության մատչելիության խնդիրներին։ Կառավարությունն այդ ժամանակահատվածում արագացրեց իր նախապես տված խոստումների եւ նախանշված ծրագրերի իրականացումը։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ դեռեւս 2012թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ նախընտրական ծրագրում ներառված էր դրույթ, ըստ որի առաջարկվում էր բուհերի ուսման վարձի վերին շեմի սահմանմանն իրավական լուծում տալ։
Այս ամբողջ համատեքստում նոր ծրագրեր նաեւ առաջարկվեցին։ Մի մասն արդեն կյանքի է կոչված։ Ուզում եմ թվարկել այդ ծրագրերը՝ հատկապես ուշադրությունը դարձնող սոցիալապես անապահով ընտանիքների, «Փարոս»-ի համակարգում ընդգրկված ընտանիքների ուսանողների կրթության նոր հնարավորությունների վրա։ Այս տարվա բյուջեով արդեն 90մլն դրամ է հատկացված։ Մենք ստացել ենք, ամփոփել ենք նախնական տվյալները, եւ պետք է փաստեմ, որ, ցավոք, ոչ բոլոր սոցիալապես անապահով ուսանողներն են լավ սովորում, եւ մենք ստիպված ենք եղել իջեցնել միջին որակական գնահատականը, այն շեմը, ըստ որի մենք դիտարկում ենք այդ ուսանողին լավ սովորող՝ կոնկրետ այդ ծրագրում ընդգրկվելու համար, որպեսզի իրականում այս պահին միայն այս տարի շեշտադրում անենք բացառապես սոցիալական կարիքների վրա։ Եվ նախնական գերազանցության շեմից այդ շեմն իջեցվել է միայն այս տարվա համար «լավ» գնահատականի շրջանակների շեմին։
Երկրորդ ծրագիրը, որ կյանքի է կոչվել, դա կառավարության կողմից այն որոշումն էր, որով 60մլն դրամ է հատկացվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին համապատասխան կրթաթոշակներ 1-ին 2-րդ կուրսերի ուսանողներին տրամադրելու համար։ Անցյալ տարի կարող եմ շեշտել, որ 750 ուսանող օգտվեց այս ծրագրից։ Այս տարվա ծրագիրը կամփոփվի հունվար, փետրվար ամիսներին, առաջին քննաշրջանից հետո։
Մյուս խոշոր ծրագիրը, դա, իհարկե, օրենքի այն նախագիծն էր, որի մեջ փաստացի չորս ուղղություններով լուծումներ են առաջարկվում։
Իմ ժամանակը մոտենում է ավարտին, եթե մեկնաբանեք, հնարավորություն կունենամ շարունակել։
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-2-րդ խոսափող։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Ես կարծում եմ, որ կարիք կա մեկնաբանության, որովհետեւ այսօր դեռ հանրության շատ շերտերի մոտ հասանելի չէ այդ ինֆորմացիան եւ մինչեւ այսօր այդ հարցը բարձրացնում են, որ բարձրացումներն ի՞նչ եղավ եւ դեպի ո՞ւր է ուղղվելու արդյոք՝ դասախոսների աշխատավարձերի բարձրացմա՞նը, թե՞ ուսումնական միջավայրի բարելավմանը, թե՞ դասագրքերի, թե՞ մնացած միջոցների։
Ա.ԱՇՈՏՅԱՆ
-Գիտե՞ք, այդ հարցադրումների մի մասն է, ցավոք, մասնագիտական կամ, իրոք, կարիքից դրդված։ Ցավոք սրտի, այս ընթացքում հնչած բազմաթիվ մեկնաբանությունների հորձանուտի մեջ շատ հեշտ էր զանազանել այն ռացիոնալ հատիկները, որոնք գոյություն ունեին քաղաքական մեկնաբանություններից եւ իրավիճակից օգտվելու, ուսանողների ձեռքերով շագանակներ հանելու այդ անհագուրդ ցանկությունից։
Փա՛ռք իրավիճակին եւ հայ ուսանողությանը, որը թույլ չտվեց եւ ոչ մի քաղաքական ուժի նման տեսակի շագանակ հանել իր ձեռքերով։
Կոնկրետ օրինագիծը, որի մասին դուք շատ լավ տեղյակ եք՝ կառավարության կողմից առաջարկված, չորս ուղղություններով տալիս է համապարփակ լուծումներ։
Առաջինը՝ առաջարկվում է սահմանել ուսման վարձի վերին շեմ։
Երկրորդ՝ առաջարկվում է սահմանել ուսման, բուհերի վճարովի ծառայությունների մի նվազագույն բյուջեի տոկոս, որով պարտավոր է ապահովել ուսանողական զեղչեր։
Երրորդ՝ ապահովագրվում են հստակ օրենքով այն սոցիալական խմբերը, որոնց այդ զեղչը հասանելի պետք է լինի՝ անկախ ռեկտորի, դեկանի, ամբիոնի վարիչի, ուսանողական խորհրդարանի նախագահի կամ նախարարի կամքից, օրենքով երաշխավորված զեղչեր կոնկրետ սոցիալական խմբերի համար։
Եվ չորրորդ՝ դա այն է, որ պետական բուհերը, ըստ օրինագծի, պարտավորված կլինեն պետության կողմից տրամադրված պետական պատվերի շրջանակի 20 %-ի չափով ապահովել հավելյալ անվճար կրթության տեղեր՝ առանց տարկետման իրավունքի։
Օրինագիծը բուռն քննարկվել է նաեւ հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն, քառօրյայի օրակարգում է։ Առիթից պետք է օգտվեմ, դիմեմ ԱԺ նախագահին եւ իր տեղակալներին՝ համապատասխան նիստերի վարման ընթացքում գերակա ճանաչել նաեւ այս նախագիծը, հնարավորության դեպքում այն քննարկել հնարավորինս շուտ, որպեսզի կարողանանք մինչեւ հունվարի 1-ը՝ նոր ֆինանսական տարվա մեկնարկը, ունենալ բուհերի բյուջեներում երաշխավորված դրամաքանակ՝ ուսանողական զեղչերի համար։ Շնորհակալ եմ։
No comments:
Post a Comment