Wednesday, October 23, 2013

Հարց ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանին

2013թ. հոկտեմեբրի 23, 3-րդ նիստ

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մենք ունենք ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանի եւ Հովհաննես Մարգարյանի գրավոր հարցերը։ Եթե պատգամավորները ցանկանում են հնչեցնել իրենց հարցերը, խնդրում եմ մոտենալ խոսափողին։
Ռուզաննա Մուրադյան, 2-րդ խոսափող։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Մեծարգո պրն նախագահ, հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, հարցս ուղղված է, մասնավորապես, կրթության, գիտության նախարարին։
Օրեր առաջ մեր հանձնաժողովում քննարկում էր գնում գիտության հարցերի եւ գիտության ֆինանսավորման հետ կապված, եւ ինձ, ճիշտն ասած, հետաքրքրեց մի հարց, թե պետական միջոցներով ինչպիսի՞ գիտական հետազոտություններ են ֆինանսավորվել կրթության ոլորտի հետ կապված։
Հարցը գրավոր ներկայացրել եմ եւ ստացել եմ պատասխան։  Հարցս հնչեցրել եմ, նկատի ունենալով, որ արդյոք հանրակրթության ոլորտին ուղղված հետազոտություններ կա՞ն, թե՞ ոչ։ Փաստորեն, պատասխանից էլ երեւում է, որ հիմնականում այդ հետազոտություններն ուղղված են բարձրագույն ուսումնական ոլորտին եւ միջինմասնագիտական ոլորտին։ Այստեղ չընթերցեմ, նշված են բազում հետազոտություններ, որոնք կրեդիտային համակարգի ներդման հետ   են կապված, մասնագիտական զարգացման  ծրագրերի արդյունավետ կազմակերպման եւ այլն, որոնք, կարծում եմ, կարեւոր հետազոտություններ են, բայց հանրակրթության ոլորտը բաց է մնացել։
Կուզեի, որ պատասխանեիք, հարգելի պրն նախարար, թե կա՞ն արդյոք այլ հետազոտություններ, որոնք միգուցե իմ հարցի շրջանակների մեջ չէր մտնում, որոնք կարգավորում են կամ որոնք ավելի ուղղված են կոնկրետ հանրակրության ոլորտին։ Շնորհակալություն։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Հարցին կպատասխանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Ա.ԱՇՈՏՅԱՆ
-Շնորհակալություն հարցի համար։ Մեծարգո խորհրդարան, առիթից օգտվելով երեւի թե ակնկալիք ունեմ ձեզ բավարարեմ, ավելին ասեմ, քան գրավոր պատասխանում նշված է։
Իրականում հանրակրթության ոլորտում, ինչպես նաեւ կրթական այլ ոլորտներում հետազոտական աշխատանքները, որոնք հիմք են ծառայում պետական քաղաքականության ուրվագծման համար, մշակման համար, իրականացվում են։ Հանրակրության ոլորտում, հատկապես ուզում եմ շեշտել հանրակրթության վիճակագրական տվյալների այն բազան, որ յուրաքանչյուր տարի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծում եւ հրապարակում է, ուզում եմ նաեւ ուրախությամբ շեշտել, որ այս տարվանից այդ բազան հասանալի է նաեւ ինտերնետում արմստադ, «Կտա?.ամ» կայքում ամբողջությամբ տվյալների բազան մուտքագրված է։ Իհարկե, դա խոշոր հետազոտական աշխատանք է պահանջել։
Երկրորդ ուղղությունը, որ ուզում եմ ձեզ առաջարկել, այդ ուղղությամբ միասին աշխատել, դա Համաշխարհային բանկի հետ նոր վարկային ծրագրի շրջանակներում հետազոտական այն բաղադրիչներն են, որոնք ուղղված են լինելու հատկապես ավագ դպրոցներում կրթության կազմակերպման խնդիրների վերծանմանը եւ այդ խնդիրների լուծումներին միտված համապատասխան գործողությունների ծրագրի մշակմանը։
Ուստի, կարծում եմ, որ հանրակրթության ոլորտը չի անտեսվել իր հետազոտական բաղադրիչով, հատկապես նաեւ շեշտեմ, որ այդ ոլորտում աշխատում են նաեւ մի շարք մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց գիտական գործունեության մի մասն ուղղված է նաեւ հանրակրթության դաշտում առկա խնդիրների գիտական ուսումնասիրություններին։

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-2-րդ խոսափող։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն։ Ինձ, մասնավորապես, հետաքրքրում էր նաեւ հանրակրթության ոլորտում, հատկապես դուք նշեցիք նաեւ ավագ դրոցների, մեր այս կայացման գործընթացում ինչպե՞ս կարելի է կոնկրետ, հստակ հետազոտել եւ հասկանալ «կրթության որակ» հասկացությունը, որը նաեւ  այսօր մեզ բոլորիս հուզում է, եւ մենք էլ տարին հայտարարել ենք որակի տարի։ Ա՛յ, ինչպե՞ս կարող ենք հասկանալ այդ որակի չափը որտեղի՞ց է սկսում, որտե՞ղ է ավարտվում եւ ինչպե՞ս դա կարող ենք վերահսկել, դնել, ներդնել, առավել եւս, նորից եմ կրկնում, երբ մենք ավագ դպրոցների կայացման խնդիր ունենք։

Ա.ԱՇՈՏՅԱՆ
-Եթե ձեր առաջին հարցադրումը փորձեմ դիտարկել որակի հարթության մեջ, ապա պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք որակի գնահատման արտաքին եւ ներքին մեխանիզմներ։ Որակի գնահատման նոր հայեցակարգը մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին եւ հիմա փորձարկման փուլում է։
Ինչ վերաբերում է առավել անկախ գնահատականներին, ապա արտաքին գնահատումն այս պահին իրականացնում է Գնահատման թեստավորման կենտրոնը, գիտեք իրենց մեթոդաբանությունը, եւ Հայաստանն ընդգրկված է միջազգային ստուգատեսներից «Թիմս»-ի մեջ, ոչ թե «Պիսա»-ի, այլ «Թիմս»-ի մեջ, որտեղ 70 երկիր է այս պահին մասնակցում։ Մեր ցուցանիշները այնքան վատը չեն, ինչքան որ կցանկանային մեկնաբանել։ Իհարկե, այն լավագույն ցուցանիշները չեն, որոք մենք պետք է միասին ձգտենք, ուղղակի համեմատության համար ասեմ, եթե որակի մասին ենք խոսում եւ հետազոտական բաղադրիչն ենք ուզում շեշտել, որ Հայաստանի աշակերտների գիտելիքները 9-րդ դասարանում, օրինակ, մաթեմատիկայից, համադրելի են Նորվեգիայի աշակերտների գիտելիքների կամ Ռումինիայի աշակերտների գիտելիքների հետ։ Հաշվի առեք նաեւ այն փաստը, որ Նորվեգիայում մեկ աշակերտի վրա 6,5 անգամ ավելի շատ գումար է ծախսվում՝ հանրակրթության, մեկ շնչին ընկնող ֆինանսավորման չափով, քան Հայաստանում։ Այսինքն՝ անելիքներ կան, բայց իրավիճակը շատ ավելի հուսադրող է եւ անկախ գնահատականներով ավելի լուսավոր, քան մեր քննադատները երբեմն փորձում են՝ չխորանալով հարցի մասնագիտական էության եւ կողմնորոշումների մեթոդաբանության մեջ, ներկայացնել։  Շնորհակալ եմ։

No comments:

Post a Comment