Saturday, March 9, 2013

ԿԻՆԸ` մեծագույն արժեք է


Օրվա խորհրդի կոնտեքստում Panorama.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանի հետ:
-Տիկին Մուրադյան, ի սկզբանե մարտի 8-ն իր հիմքում ունեցել է կանանց իրավունքների պաշտպանության գաղափարը: Արդյո՞ք Հայաստանում, որը շարունակվում է պատրիարխալ երկիր համարվել, այդ գաղափարով է ընկալվում մարտի 8-ը, կա՞ն տեղաշարժեր այդ ոլորտում, թե ավելի շատ որպես գարնանային տոն է դիտվում:
-Ասել, որ ոչինչ չի արվում այդ ուղղությամբ շատ սխալ կլիներ, առավել ևս, որ այդ տեղաշարժերը արտահայտվում են նաև թվերով: Մասնավորապես օրինակը բերեմ կուսակցությունս ու Ազգային Ժողովը մատնանշելով, քանի որ ներկայացնում եմ օրենսդիր մարմինը` խորհրդարանում ներկայացված են 14 կին պատգամավորներ, այս թվից 9-ը պատգամավորներ ներկայացված են ՀՀԿ խմբակցությունում: Սա ակնառու է և համեմատելով էլ նախորդ գումարման ԱԺ-ի հետ ակնհայտ երևում է այդ տեղաշարժը:
Բայց այն, որ տեղ ունենք ջանքերն ավելացնելու` այս և մյուս ոլորտներում, ևս փաստ է: Կնոջ մասնակցությունը բոլոր ոլորտներում, իսկ քաղաքական կյանքում` առավել ևս, տանում է բանակցությունները ավելի խաղաղ ու կոմպրոմիսային ճանապարհով, քանի որ կինը միշտ էլ հանդիսացել է խնդիրների խաղաղ կարգավորման, դիվանագիտական մոտեցումների կողմնակիցը` վերցնենք ընտանիքի օրինակը, որով ամեն ինչ ասված է: Այնպես որ շատ կարևոր է, որ հնարավորություն ընձեռվի, որպեսզի իրոք մի շարք ոլորտների ղեկավար պաշտոններում մեծանա կանանց ներկայացվածությունը: Հատկապես, որ խելացի, կրթված կանանց մեծ ռեսուրս ունենք:
-Դուք ևս նշեցիք, որ պետք է հնարավորություն ընձեռվի… Ո՞րն է խնդիրը. տղամարդիկ ավելի գերիշխող են, քանի որ ֆինանսապես ավելի կայուն են, թե դոմինանտ են հեղինակության տեսանկյունից:
-Եկեք այդ խնդիրը այլ տեսանկյունից դիտարկենք: Տարիներ շարունակ այդպես եկել է, գենդերային խնդիրները, կարծրատիպերը եղել են նաև մենթալիտետային հարթությունում: Բայց չմոռանանք, որ մեր պատմության մեջ կանայք առանձնահատուկ տեղ ու դեր են ունեցել` ունեցել ենք կին հերոսներ, ովքեր անցել են պատերազմով, առաջամարտիկներ, որոնք իրենց հետևից տարել են մարդկանց և այլ գործիչներ: Սա ապացուցում է, որ խնդիրը միայն հնարավորություններ ընձեռելու մեջ է, որոնց էլ պետք է հասնենք փոփոխությունների ճանապարհով:
Ի դեպ, այսօր շատ տեղերում արդեն տղամարդիկ են հարցը բարձրացնում, թե արդյո՞ք գենդերը ներկայումս հենց իրենց չի վերաբերում… այսպիսի իրավիճակ էլ կա, այո (ժպտում է):
-Հասարակական սեկտորը բարձրաձայնում է, որ օրվա հրամայականն է Ընտրական օրենսգրքով ամրագրել կանանց մասնակցության 40 տոկոս քվոտան:
-Դա ոչ թե հրամայական կամ անհրաժեշտություն է, այլ ԵՄ պահանջ է, որպեսզի քվոտավորումը առնվազն 40 տոկոս լինի: Ես անձամբ դա շատ ճիշտ եմ համարում, որովհետև կարող եմ հարց տալ` իսկ ինչու ո՞չ: Խնդիրը նրանում է, որ մենք հարցին մոտենում ենք կին, տղամարդ սկզբունքով, մինչդեռ հարկավոր է դիտարկել նախևառաջ կադր, կարող ուժի տեսանկյունից: Այսինքն` անհատի կարողությունը գնահատելիս չպետք է խոչընդոտ հանդիսանա նրա կին կամ տղամարդ լինելը: Այ երբ այս տեսանկյունից հարցին մոտենալը գերիշխի, այնժամ խնդիրների մեծամասնությունը կարելի կլինի լուծված համարել:
-Տիկին Մուրադյան, թերևս կհամաձայնվեք, որ կուսակցությունների մեծամասնությունում, նույն ՀՀԿ կանանց խորհրդում էլ կան կանայք, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերումով են այդտեղ և ավելի շատ, չվիրավորելով որևէ մեկին, արհեստականորեն «ներմուծված»…
-Ես պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն այսօր դարձավ նոր գաղափարի թելադրողը կուսակցական կանանց գործունեության առումով: Ձեր աչքի առաջ այսօր գործում է կանանց խորհուրդը, այն բավականին ակտիվ է, կանայք ներգրավված է բոլոր ոլորտներում, ու այսօր արդեն դա հստակ գործող համակարգ է դարձել: Ի դեպ, ես դեմ եմ, երբ կանանց խորհուրդ ասելով հասկանում են միայն այն կին քաղաքական գործիչներին, որոնք բոլորի աչքի առաջ են: Օրինակ, գիտեի՞ք, որ Հանրապետական կուսակցության 52 տոկոսը կանայք են. շատերն են զարմանում…
-Դա այսօր, բայց երբ քվոտա հասկացությունը նոր մուտք գործեց Հայաստան, այն ժամանակ կուսակցական ցուցակները (թեև երևույթը չի կարելի ասել, թե իսպառ վերացել է այսօր) «հարուստ էին» կանանցով զուտ արհեստականորեն` այդ կանանց ճակատագիրը հօգուտ տղամարդկանց ինքնաբացարկ հայտնելն էր:
-Համաձայն եմ դիտարկման հետ, բայց կարող եմ ասել, որ այդ արհեստականի գործոնը կամաց-կամաց դուրս է գալիս մեր առօրյայից: Այսօր արդեն կանանց ճակատագիրը ոչ թե ինքնաբացարկի ճանապարհն է, այլ սեփական ուժերով առաջ գնալը, սեփական կարծիքն արտահայտելը, նրանց մասնակցությունը որոշումներ կայացնելու գործում: Եվ անկախ նրանից տղամարդիկ դա կուզեն, թե ոչ, արդեն իսկ կնոջ դիրքն ու պաշտոնը այդ հնարավորությունը ընձեռում է: Բայց թե կինն ինչպես է աշխատում` դա արդեն ոչ միայն նրա էությունից է կախված, այլև նույն այդ պաշտոնից, քանի որ կան աշխատանքներ, որոնք տեսանելի են բոլորի համար և հակառակը և եթե չեն լուսաբանվում, ապա պետք չէ ենթադրել, թե ոչինչ չի արվում: Եվ օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ այն կանայք, ովքեր ներկայացված են այսօրվա խորհրդարանում, իսկապես շատ ակտիվ ու սրտացավ ընդգրկված են օրենսդրական գործունեության մեջ:
-Տիկին Մուրադյան, կանանց և տղամարդկանց հավասարության գաղափարը Հայաստան ներմուծվեց արևմուտքից` մեզ անընդհատ օրինակ են բերում եվրոպական երկրներում կանանց դերակատարումը և այլն: Ձեր կարծիքով, այսօրվա դրությամբ էլ այդ օժանդակությունը հարկավոր է, թե Հայաստանն արդեն կարող է ինքնուրույն շարունակել:
-Իրականում շատ հարցեր կան, որ արևմուտքը չենք կարող որպես օրինակ վերցնել, մի բան էլ մենք կարող ենք շատ ու շատ երկրների համար օրինակ ծառայել: Օրինակ, ես կարծում եմ, որ կանանց հարցում մենք դեռևս փորձի փոխանակման կարիք, կանանց ուժերը ներգրավելու և տարբեր երկրների փորձը դիտարկելու կարիք դեռևս ունենք: Բայց այն, որ մենք ինքներս սեփական փորձ ենք ձեռք բերել, որը, այսպես ասած, արտադրել ենք հենց մեր երկրում` սա էլ կա: Սա նշանակում է նաև, որ մենք շատ ընդունակ ազգ ենք և արևմուտքից վերցնում ենք ոչ միայն այն, ինչ իրենք տալիս են, այլ նաև իրենցից վերցրածը փորձում ենք տեղայնացնել և հարմարացնել մեր հայկականին, ազգայինին ու նաև մենթալիտետին, ինչը շատ կարևոր է, որովհետև ամեն ինչ չէ, որ մեր ազգային շահերի, արժեքների հետ համընկնում է:
-Վերջինը` ի՞նչ կմաղթեք հայ կանանց գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
-Եկեք այս միամսյակի ընթացքում տանք բոլոր տղամարդկանց հնարավորություն, որպեսզի վերջիններս մեր տոնը շնորհավորելով` ամբողջ տարին դարձնեն տոն` իրականացնելով իրենց բոլոր մտահղացումները: Ուզում եմ, որ հայ կինը միշտ լինի ուժեղ, ինչպիսին որ կա, որպեսզի հայ կնոջ մոտ հույսը միշտ վառ մնա, քանի որ առանց հույս մենք չենք կարող մեր ընտանիքների ու պետության լավագույն ապագան տեսնել և ուզում եմ, որ հայ կինը լինի երջանիկ` իր ընտանիքում, հասարակության մեջ ու պետության մեջ, քանի որ ԿԻՆԸ մեծագույն արժեք է: 
Նյութի աղբյուրը` http://www.panorama.am/am/comments/2013/03/08/ruzanna-muradyan/

No comments:

Post a Comment