ՀՀԿ-ի «նոր տեսանկյունը, հայացքն ու պահանջները» եւ ընդդիմության «հին օրերի երգը»
Զրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ
- Ինչպե՞ս եք վերաբերվում Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակմանը: Ձեր կարծիքով՝ նա ավելի լավ ԱԺ նախագա՞հ էր, թե՞ լավ վարչապետ կլինի:
- Հովիկ Աբրահամյանն այն պատասխանատու եւ գործունյա պաշտոնյան է, ով լավագույնս տիրապետում է կառավարման հմտություններին եւ ունի հարուստ փորձառություն, եւ ինչպես որ ԱԺ լավ նախագահ էր, այնպես էլ, համոզված եմ, լավ վարչապետ կլինի: Վստահ եմ, որ նոր վարչապետն այն կարող ուժն է, որը կնվազեցնի հասարակության մեջ առկա սոցիալական լարվածությունը, կամրապնդի երկրի քաղաքական կայունությունն ու զարգացումը:
- Քառյակից սպասվող քաղաքական վտանգը ՀՀԿ-ի համար, Ձեր կարծիքով, Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ չեզոքացա՞վ:
- Իշխանությունը միշտ էլ հակված է եղել կառուցողական երկխոսություն ծավալելու` անկախ նրա ձեւաչափից, եւ իր որոշումները կայացրել է ի շահ ժողովրդի: Իշխանությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլ նաեւ ընդդիմության համար: Իսկ նոր վարչապետի նշանակումն ավելի շատ ոչ թե կանխարգելման միտում ուներ, այլ իրավիճակի ճիշտ գնահատման եւ բարելավման:
- Նախագահն ուշագրավ հայտարարություն արեց` ասաց, որ վարչապետին տրվել է ազատ գործելու հնարավորություն, նաեւ, որ արգելվում են կաշառակերությունը, կոռուպցիան: Տիգրան Սարգսյանն ազատ չէ՞ր գործում, ո՞ւմ հրահանգով էր աշխատում, կամ կաշառակերությունն ու կոռուպցիան մինչեւ հիմա մեզ մոտ օրենքով թույլատրվա՞ծ էին:
- Անշուշտ, ՀՀ նախագահի հայտարարությունը զարմանալի չէր: Նախկինում էլ բազմիցս խոսվել եւ լուրջ քայլեր են արվել այդ արատների վերացման ուղղությամբ, ուստի եւ նոր կառավարության ձեւավորման նախնական փուլում էլ առաջնահերթ խնդիրների վրա առավել ուշադրություն դարձնելու կարիք կա:
- Անընդհատ խոսվում է կառավարությունում էական փոփոխությունների մասին. ի՞նչ է դա նշանակում, կլինեն նոր դեմքեր` նոր ծրագրո՞վ, թե՞ նոր դեմքեր` հին ծրագրով:
- Այնպես չէ, որ հին ծրագրերը լավը չեն, դրանց մեջ էլ կան բավականին լավ ծրագրեր, որոնք կունենան իրենց շարունակականությունը, իսկ հիմնական մոտեցումն այն է, որ ծագած խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են նոր տեսանկյուն, նոր հայացք եւ նոր պահանջներ:
- Ի՞նչ եք մտածում ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու, ընդդիմություն դառնալու եւ «Դեմ եմ»-ի պայքարին միանալու մասին:
- Քաղաքական տարբեր գործընթացներում յուրաքանչյուր քաղաքական ուժի կայացրած որոշումը տվյալ իրավիճակում տեսանելի է որոշում կայացնողների համար, եւ կարծում եմ, որ հասկանալի է նաեւ իրենց քաղաքական թիմի անդամների համար: Հուսանք, որ առաջիկայում ՕԵԿ-ի վերջնական որոշումը չի հիասթափեցնի նրան վստահողներին:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/18/452382/
No comments:
Post a Comment