Wednesday, April 23, 2014

ՀՌԱՀ-Ը ՀԱՄ ՁԱՆՁՐԱՑՐԵՑ ՀԱՄ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Ապրիլի 23-ին  ԱԺ Կրթության գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ սուր քննարկում հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թվականի հաշվետվության վերաբերյալ:
Նախ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը որոշեց կարդալ իր ամբողջ հաղորդումը, որը տպագիր տեսքով բաժանված էր պատգամավորներին: Մի քանի րոպե լսելուց հետո հանձնաժողովի անդամներն արդեն ձանձրացան, իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ընդհատեց Բունիաթյանին նշելով, որ այն ինչ նա կարդում է, բոլորի առջեւ դրված է եւ թերեւս կարելի է անցնել հարց ու պատասխանի: Սակայն այս փուլում եւս հանձնաժողովի նախագահից որեւէ ինֆորմացիա ստանալը բավականին դժվար էր, քանի որ պարոն Բունիաթյանը չէր կարողանում հստակ տրված հարցերին տալ հստակ պատասխան: Այսպես պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի այն հարցին, թե ի՞նչ է փոխվել ոլորտում եւ ՀՌԱՀ աշխատանքում նախորդ տարվա համեմատ, Բունիաթյանը միայն նշում էր <շատ բան>, իսկ թե հատկապես ի՞նչ, այդպես էլ պարզ չդարձավ ոչ մեկին: Մի քանի անգամ նույն հարցը տարբեր ձեւերով կրկնելուց հետո Ռ. Մուրադյանը նկատելով, որ չի ստանում իր հարցի պատասխանը ստիպված եղավ ընդհատել Բունիաթյանին: Անգամ այս դեպքում ԱԺ հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանի նույն հարցի նոր ձեւակերպումը, թե ինչով է պարոն Բունիաթյանի այս տարվա հաշվետվությունը տարբերվում նախորդ տարվանից դա էլ չփրկեց պարոն Բունիաթյանին:
ԱԺ-ում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը սազը ձեռքին գովք էր անում հեռուստառադիո-ընկերություններում գովազդի պուպուշ լինելու հանգամանքը, նշելով, որ որեւէ անբարեխիղճ գովազդ չի հնչել եթերում: Սրա հետ կապված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարց ուղեց ՀՌԱՀ նախագաին ճշտելու, թե երբ է վերանալու հեռուստատետեսությամբ հեռարձակվող լոտո-աշխատավարձի այն գովազդը, ըստ որի մարդկանց դրդում են չաշխատելու եւ աշխատավարձ ստանալու.«Ի՞նչ է սա նշանակում, մարդկանց անգործությա՞ն եք տանում: Այս կերպ աշխատավարձ բառը արժեզրկում են»: ՀՌԱՀ նախագահը շտապեց տեղեկացնելու, որ այդ գովազդն արդեն դուրս է եկել եթերից եւ գովազդի ձեւը փոխվել է. «Օրենքի խախտում չկա, այլ միայն բարոյական խնդիր էր, մեզ լսեցին եւ հոլովակը փոխեցին, կոմպրոմիսային տարբերակ գտանք»:
Նմանատիպ բախտի արժանացան ներկա պատգամավորների այլ հարցերը, իսկ հարակից զեկուցող Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՌԱՀ-ի կողմից ԱԺ-ին ներկայացրած տարեկան հաշվետվությունը չափից շատ սեղմ է, չի բացահայտում թե ինչպիսի քաղաքականություն է իրականցնում իր ոլորտում ՀՌԱՀ-ն, ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններ է մշակում եւ ընդհանրապես ՀՌԱՀ-ի հաղորդումը եւ այսօրվա քննարկումները բազմաթիվ հարցեր բաց թողեցին: Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՌԱՀ-ն պետք է բարելավի իր աշխատանքը հասարակական կառույցների հետ եւ ոչ թե մեկուսանա նրանցից:
Մի խոսքով այն տպավորությունը ստեղծվեց, որ ՀՌԱՀ-ն ողջ տարվա ընթացքում մի երեք-չորս լիցենզիայի հարց է լուծել եւ մի երկու դատավարության մասնակցել: Արդյոք նման գործառույթ իրականացնելու համար մեր բազմաչարչար բյուջեի փխրուն ուսերին պետք է նստացնել մի հսկայական կառույց իր անդամներով, սպասարկող անձնակազմով, քարտուղարուհիներով ու վարորդներով եւ այլն: Չէ որ այսպիսի գործառույթ հաջողությամբ կարող էր իրականացնել ասենք տրանսպորտի եւ կապի նախարարությունում մի փոքրիկ բաժին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=15578%3A2014-04-23-12-42-37&catid=41%3Alurer&Itemid=57

No comments:

Post a Comment