Միամսյակի, հայ կանանց առավելությունների , նրանց հասարակական և քաղաքական գործընթացներում ունեցող դերի, նրանց մեծարելու և անակնկալներ մատուցելու մասին այս անգամ Gazeta.am-ի հետ զրույցում խոսել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
- Տիկին Մուրադյան, Ձեզ հարազատ կանանց ի՞նչ անակնկալներ եք մատուցել միամսյակի կապակցությամբ:
-Շատ եմ սիրում անակնկալներ և նվերներ մատուցել հարազատներիս և ընկերներիս, որոնք ընտրում եմ՝ հաշվի առնելով նրանց ճաշակն ու նախասիրությունները:
- Ձեզ համար միամսյակը սպասված տոների շարքու՞մ է:
-Համոզված եմ, որ բոլոր կանանց համար էլ միամսյակը սպասված տոն է :
Կարծում եմ, որ հայ կանայք միշտ էլ պիտի լինեն ուշադրության կենտրոնում ոչ միայն մարտի 8-ից ապրիլի 7-ը, այլ ապրիլի 7-ից մարտի 8-ը, իսկ միամսյակը պետք է հնարավորություն տա տղամարդկանց մրցակցելու իրենց ուշադրությամբ:
- Հետաքրքիր դեպք՝ կապված միամսյակի հետ:
-Հետաքրքիրը դեռ առջևում է… Այս տարի Կանանց միամսյակի շրջանակներում ՀՀԿ Կանանց խորհրդով ԼՂՀ խորհրդարանի հետ կազմակերպել ենք միջոցառում` շնորհավորելու Արցախի մայրերին:
- Ձեզ ավելի շատ հոգեհարազատ է մարտի 8-ը, թե՞ ապրիլի 7-ը:
- Կանանց և աղջիկներին նվիրված այս երկու տոներն էլ լավագույն առիթ են գնահատելու գեղեցիկը, կարևորելու կնոջ և մոր դերը ընտանիքում և հասարակության մեջ, ինչպես նաև երախտագիտություն հայտնելու նրանց:
- Որո՞նք են հայ կանանց առավելությունները:
- Ինչպես ասել է Գ.Նժդեհը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի եւ հավատարիմ ապրող ընտանիքներ, որոնց կայացման և ամրապնդման գործում մեծ է կնոջ դերը»:Այո, հայ կինը ընտանիքի, ազգի և պետության հենասյունն ու պահապանն է եղել դեռևս հին ժամանակներից ի վեր: Անուրանալի է նրա դերը ազգային ավանդույթների և արժեքների պահպանման, սերունդների հայեցի դաստիարակության, պատմական դժվարին պահերին արիության ու ոգու ամրության դրսևորման գործում։
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանում երկու տոն կա նվիրված կանանց:
-Կանանց կյանքի տարբեր բնագավառներում ունեցած ներդրումները, ձեռքբերումները և նվաճումները գնահատանքի են արժանի , կանանց գեղեցկությունը, խելացիությունը, շրջահայացությունը մեծարանքի են արժանի, կանանց մայր լինելու և ազգը շարունակելու վեհ կոչումը երախտագիտության է արժանի… : Այսքան արժանիքների համար երկու տոնն ի՞նչ է: Միանշանակ, հայ կինն արժանի է, որ նրա յուրաքանչյուր օրը տոն դառնա:
- Մեկ ամիսը բավարա՞ր է կանանց մեծարելու համար:
-Ո´չ մեկ օրը, ո´չ մեկ ամիսը, ո´չ էլ մեկ տարին….Կինը կյանքի աղբյուրն է, և միշտ է մեծարանքի արժանի:
-Միամսյակի կապակցությամբ ի՞նչ սպասելիքներ ունեիք և ի՞նչ անակնկալներ ստացաք:
-Թոռնիկներիս հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն ինձ համար արդեն տոն է: Հերթական անգամ ամենամեծ անակնկալը ստացա թոռնիկներիս կողմից, երբ Նարեկը, Դավիթը և Աշոտը իրենց տատիկին ծաղիկներ նվիրեցին:
-Ի՞նչ կմաղթեք բոլոր կանանց:
-Բոլոր կանանց, մայրերին և աղջիկներին մաղթում եմ երջանկություն, իսկ երջանկությունն այն է, երբ քեզ սիրում են, մեծ երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են, իսկ իսկական երջանկությունն այն է, երբ դու ես սիրում, և թող, որ բոլոր կանայք շրջապատված լինեն իրենց սիրող և հասկացող, իրենց կողմից սիրված մարդկանցով:
Հարցազրույցը՝ Դուսյա Ղազարյանի
Նյութի աղբյուրը՝ http://gazeta.am/index.php/hy_AM/news/18/14829-miamsyake-petq-e-hnaravoroutyoun-ta-txamardkanc-mrcakcelou-irenc-ousadroutyamb.html
No comments:
Post a Comment