Sunday, April 20, 2014

«Ես միշտ եմ այդպես հագնվել, մեր տանը միայն ես չեմ աշխատում»


ՀՀԿ պատգամավոր. «Ես միշտ եմ այդպես հագնվել, մեր տանը միայն ես չեմ աշխատում»«Պառլամենտ մոնիթորինգ» կայքի տվյալներով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ամենաակտիվ պատգամավորների տասնյակում է: Ռուզաննա Մուրադյանը, երբ դեռ նոր էր դարձել պատգամավոր, ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ շարժական եւ թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, դրամական միջոցներ չունի: Պատգամավորը նշել է, որ ունի ընդամենը 1 բնակարան` 61.5 քմ մակերեսով: Տարեկան դրամական եկամուտներն էլ կազմել է 307 հազար դրամ՝ աշխատավարձ: Ուստի Aravot.am-ի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում, ինչ ՀՀԿ պատգամավոր է դարձել՝  նոր ավտոմեքենա կամ բնակարան, որեւէ թանկարժեք իր ձեռք չի՞ բերել: Տիկին Մուրադյանը պատասխանեց. «Եթե նայել եք իմ կենսագրությունը, պիտի տեսնեք, որ ես մանկավարժ եմ եղել, որեւէ բիզնես չունեմ, թանկ գույքերի չեմ տիրապետում եւ չունեմ: Լավ կլիներ, որ ունենայի եւ ցույց տայի»: Նա ասաց, որ մեքենա ունեն, բայց ունի ամուսինը. «Մեր մեքենան չի փոխվել: Այն, ինչ ունենք, նույնը մնացել է, ոչ մի փոփոխություն չի եղել: Չեմ կարծում, որ պատգամավորի աշխատավարձով հնարավոր է այդպիսի շքեղ գույք ձեռք բերել կամ միանգամից մեծ հարստություն կուտակել»: Հարցին՝ բա մյուս Հանրապետականները ո՞նց են իրենց թույլ տալիս պատգամավորի աշխատավարձով այդքան հարստություն կուտակել՝ Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց. «Հարցրեք մնացածներին»: ԱԺ նիստերին Ռուզաննա Մուրադյանը միշտ ներկայանում է՝ ասես հենց նոր է վարսավիրանոցից դուրս եկել՝ մազերը ուռուցիկ հարդարված, թանկարժեք կոստյումներով: Մեր հարցին՝ Ձեր աշխատավարձով ինչպե՞ս եք հասցնում խնամքին այդքան տեղ տալ, դա էլ է մեծ գումար պահանջում՝ տիկին Մուրադյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրիս արտաքին տեսքը առաջին հերթին  նաեւ հարգանք է լսարանի նկատմամբ: Իսկ այսօր մեր լսարանը շատ ավելի մեծ է, եւ մենք պատասխանատու ենք ամբողջ ժողովրդի առաջ: Պետք է ասեմ, որ անկեղծ ասած, իմ զգեստապահարանում էլ շատ բան չի փոխվել: Եթե դուք նայեք իմ նկարները, տարբեր միջոցառումներին նայեք իմ զգեստապահարանը, կտեսնեք, որ շատ բաներ կրկնվում են: Ես միշտ եմ այդպես հագնվել եւ միշտ եմ կարեւորել ղեկավար կնոջ արտաքին տեսքը՝ իր կառավարման արդյունավետության մեջ, որովհետեւ արտաքինով ընդունում են, խելքով ճանապարհում են: Իսկ արտաքինի հարդարված, խնամված լինելը եւ դասական ոճը հարգանք է առաջին հերթին քո եւ երկրորդ հերթին՝ դիմացինի նկատմամբ, ով քեզ հետեւում է, լսում է եւ ով քեզանից ակնկալիք ունի»: Ինչ վերաբերում է այդ ամենի համար աշխատավարձը բավականացնելուն, Ռուզաննա Մուրադյանն ասաց. «Մեր տանը միայն ես չեմ աշխատում, նաեւ ունենք երեխաներ, ունեմ ամուսին: Իրենք միշտ հոգացել են իմ կարիքները եւ մինչեւ հիմա էլ հոգում են»: Ակտիվ պատգամավորների տասնյակում տեղ գտնելու հետ կապված ՀՀԿ պատգամավորն ասաց, որ ինքը փորձում է ճիշտ պլանավորել իր ժամանակը եւ կարողանում է ժամանակ հատկացնել պատգամավորի իր գործունեությանը, դրա համար էլ ակտիվ է. «Հուսով եմ, որ ակտիվությունը գնահատվել է ոչ միայն ԱԺ դահլիճում բարձրացրած հարցերի քանակով, օրենսդրական առաջարկների քանակով, ելույթներով, այլ նաեւ ակտիվության մեջ պիտի գնահատվի նաեւ ընդհանուր հասարակական ակտիվ գործունեությունը՝ մինչ օրենսդրական նախաձեռնությունները պառլամենտ մտցնելը: Այսինքն՝ հանդիպումները, քննարկումները, նոր օրենսդրական նախաձեռնությունների առաջարկները: Ճիշտն ասած, ես շատ պատասխանատու եմ ինձ զգում այդպիսի գնահատականի համար: Կարծում եմ՝ իմ գործելաոճն է այդպիսին: Ես, երբ նախկինում դպրոցի տնօրեն էի, դարձյալ ակտիվ տնօրենների ցանկում էի եւ 2006-ին ճանաչվեցի ՀՀ լավագույն տնօրեն: Մարդու գործելաոճն իր բնույթով եւ բնավորությամբ չի փոխվում, դրսեւորման ձեւն է փոխվում»: Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք քաղաքական դաշտում նոր մարդ եք, մինչ այդ դպրոցի տնօրեն եք եղել, մանդատը Ձեզ ի՞նչ տվեց՝ տիկին Մուրադյանը պատասխանեց. «Իմ կյանքում փոփոխությունն այն է, որ ավելի պատասխանատվությունը մեծանում է արդեն ոչ թե լոկալ որոշակի խնդիրների լուծման, որին առնչվում էիր քո աշխատանքի բերումով, այլ նաեւ ընդհանուր դաշտն է մեծացել: Կրթության դաշտից դուրս ես գալիս քաղաքականության դաշտ, առողջապահական, սոցիալական: Որքանով այսօր մարդկանց խնդիրներին, կարիքներին, հուզող հարցերին ես անդրադառնում, այդքանով նաեւ ճանաչելի ես  դառնում: Իսկ իմ ուշադրությունից դուրս չեն այդ ոլորտները, որովհետեւ առաջին հերթին պիտի փորձենք կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալով՝ առաջարկներ ներկայացնենք»:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/04/21/453245/ 

No comments:

Post a Comment