Տարիներ շարունակ Հանրապետական կուսակցությունն իր ուժն ու կարողությունը ներդրել է Հայաստան պետության կայացման գործին: Հանրապետական կուսակցությունը երկրի իշխող քաղաքական ուժն է, որը գիտակցաբար և կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար:
Այսօր Հանրապետական կուսակցությունը միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների, որոնք այս տարիներին կուտակած հսկայական փորձով ու մշտապես ավելացող եռանդով պատրաստ են կանգնել անհանդուրժողականության, պառակտվածության, անհամերաշխության դեմ: Մեր իմաստության աղբյուրը մեր փորձն է:
Այսօր մենք ունենք արդյունք և չպետք է ժխտենք, որ մեր կյանքը փոխվել է դեպի լավը, իհարկե դանդաղ, սակայն հաստատուն քայլերով:
Անհար է չնկատել, որ վերջին տարիներին կատարվել են բարեփոխումներ գրեթե բոլոր ոլորտներում: Ճիշտ է, դրանք դեռ վաղ է կատարյալ կոչելու, սակայն կատարյալին հասնելու հիմքեր մենք ձեռք ենք բերել: Հիմքերը միշտ շատ ավելի քիչ են տեսանելի, քան այն, ինչ կառուցվում է դրանց վրա, բայց միայն ամուր հիմքերն են ամբողջական և անսասան կառույցի ստեղծման երաշխիքը:
Իհարկե, դեռ շատ խնդիրներ կան լուծելու և մենք դեռ չենք ապահովել մեր նախանշած մակարդակը, սակայն չենք կարող նաև չարձանագրել այս տարիների առաջընթացը: Առանց սոցիալական ցնցումների կործանարար ճգնաժամի ճիրաններից երկիրը դուրս է բերվել, հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետևանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու ավելացնել այն: Առողջապահության, կրթության, մշակույթի, գիտության ոլորտ ուղղվող միջոցներն ավելացել են, ներդրվել են նոր մեխանիզմներ, որոնք գնալով ավելի շոշափելի կդառնան:
Այսօր մեր պետության ու հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք մենք ժառանգել ենք անցյալից, և որոնք այսօր էլ դեռևս շարունակվում են, և միանգամից այդ բացասական երևույթներն արմատախիլ անել հնարավոր չէ:
Մենք շարունակելու ենք իրագործել մեր առջև դրված խնդիրները, անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի յուրաքանչյուր մարդու կյանքը:
Այսօր առավելապես կենտրոնանանք ապագայի վրա, չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի բացթողումների և սխալների վերաբերյալ անհիմն քննադատություններում, այլ համագործակցենք ու կառուցողական երկխոսություն ծավալենք այն նպատակների և խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են մեր ազգային-պետական առաջնահերթություններին և միտված են բարեկեցիկ ապագայի կերտմանը:
Այս գիտակցությամբ ենք մենք գնում համակարգային փոփոխությունների ու վերափոխման և օգտագործելով մեր հնարավորությունները ու կարողությունները՝ մենք ունակ ենք շարունակել առաջնորդել դեպի նոր տնտեսական քաղաքականություն և հարաբերություններ, դեպի նոր փոփոխություններ, որը կբարելավի յուրաքանչյուրի կյանքը: Այդ փոփոխություններն իրականացնողները մենք ենք, բոլորս միասին` հանրապետականի փորձով և առաջնորդությամբ:
Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ այս բարդ գործընթացները հնարավոր չէն իրականացնել միանգամից, այլ այն մի քանի քայլերով իրականացվող միասնական գործողությունների ամբողջությունն է:
Մեր ժողովրդին որևէ նվաճում երբեք հեշտ չի տրվել, միշտ հաջողվել է հաղթանակել կամքի և միասնականության շնորհիվ: Ժողովրդական առածն ասում է. <Ուր կամք կա, այնտեղ և ճանապարհ>: Հաղթանակին հասնելու համար ոչ այնքան արագություն է հարկավոր, որքան ճիշտ ընտրված ճանապարհ: Այսօր մենք այդ ուղու վրա ենք:Չինական ասացվածքն ասում է.<Քամիներից պաշտպանվողները կամ գտնում են վրաններ՝ պատսպարվելու, կամ կառուցում հողմաղացներ՝ քամու էներգիան օգտագործելու>: Արտաքին և ներքին փոթորիկների դեմ մենք գնում ենք հողմաղացներ կառուցելու ճանապարհով:
«Ամենալավ իմաստությունը հաստատ որոշումն է», իսկ ժողովուրդը իմաստուն է և իր ճիշտ որոշումը կկայացնի:Արժևորելով վերջին տարիների մեր անցած ճանապարհը, ամփոփելով նվաճումներն ու բացթողումները և սահմանելով մեր երկրի հետագա ընթացքի ուղենիշներն ու նպատակները՝ կընտրի նրան, ով ուժեղ է և կոչված է դրանք իրագործել, և ակնհայտ է, որ նա մեր երկրի նախագահն է, որն անցել է դժվարությունների և փորձությունների ճանապարհ, կուտակել է մեծ փորձ և գիտելիքներ: Նա գիտի բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Գիտի նաև, թե ինչպես է պետք լուծել դրանք, ուստի վերարժևորելով ձեռք բերվածը՝ մենք հնարավորություն ունենք բազմապատկելու մեր ունեցածը և նվաճելու նոր բարձունքներ:
No comments:
Post a Comment