ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ դեկտեմբրի 11-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ «Հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լսումների առաջին նիստի բացման խոսքում շեշտեց հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին մատուցվող ծառայությունների ոլորտում տեղ գտնող թերացումները, ակնկալվող բարեփոխումները: Նա կարեւորեց հատկապես խնդիրների վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ կրթական ծրագրերի արդյունավետ կազմակերպումը, հոգեբանասոցիալան աջակցությունը: Հայաստանում կան 8.000 պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմում են ողջ մանկական բնակչության 1 տոկոսը: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պետական եւ հասարակական օղակները համատեղ ջանքերով պետք է կարողանան բարելավել հատուկ կարիքներ ունեցող երեխաների կենսապայմանները, նրանց մատուցվող ծառայությունները:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ոլորտում: Նրա խոսքով՝ նմանատիպ լսումները, քննարկումները հաճախակի են դառնում եւ դրանցից հետո ակնհայտ են նաեւ գործնական քայլերը: ԿԳ նախարարի դիտարկմամբ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներն այսօր պետական ատյանների եւ հասարակական կազմակերպությունների համար օրակարգային հարց են: Արմեն Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ ոլորտում օրենսդրական փոփոխությունների արդյունավետության հանդեպ կասկածամտությունն արդարացված չէ. դրանք պարզապես փոփոխություններ չեն, այլ գործողությունների հավակնոտ ծրագրեր: Ինչպես նշեց նախարարը, Հայաստանի փորձը ներառական կրթության անցնելու ոլորտում մեծ հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ երկրներում եւ օրինակ է ծառայում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ՝ խորհրդարանում ստեղծվել է «Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքային խումբ», որի անդամներ, ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Կարինե Պողոսյանն իրենց ելույթներում կարեւորեցին երեխայի հաշմանդամության բացահայտման եւ նրա առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացակարգերի բարելավումը, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետեւողականությունը:
Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ հասարակական կազմակերպությունների կուտակած փորձը ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ-ների միավորման ներկայացուցիչ Արման Մուշեղյանը: Նրա խոսքով՝ երկար տարիներ շարունակ հասարակության մեջ հաշմադամություն ունեցող երեխաների համար ստեղծվող խոչընդոտները բնական են համարվել, նրանք հայտնվել են մարգինալ վիճակում: Այսօր Հայաստանում խնդրի հաղթահարման հարցում զգալի առաջընթաց է գրանցվում, սակայն դեռեւս բազմաթիվ չլուծված հարցեր կան, հատկապես մարզերում, որտեղ նման երեխաները հայտնվում են մեկուսացված վիճակում:
Խորհրդարանական լսումներին, ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերին Շուշիում տեղի ունեցած արտագնա նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակցում էին պատգամավորներ նաեւ Արցախից, մասնավորապես՝ ԼՂՀ ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կամո Բարսեղյանը, սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արամ Գրիգորյանը:
ԼՂՀ ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Արցախում հասարակությունը շատ զգայուն է հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների նկատմամբ, մանավանդ այն պատճառով, որ նրանց մի մասը հաշմանդամություն է ձեռք բերել պատերազմի հետեւանքով: Նա շեշտեց այն հանգամանքը, որ Արցախում նման խնդիրներ ունեցող բոլոր երեխաներն ապրում են ընտանիքներում: Արմեն Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում այս ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների փորձը կներդրվի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, բացելով լսումների երկրորդ նիստը, շեշտեց, որ քննարկված բոլոր ուղղություններով բարեփոխումներն իրատեսական են, եւ պետք է գործնական քայլեր ձեռնարկել հաշմանդամություն ունեցող երեխայի բնականոն կյանքի համար անհրաժեշտ բարենպաստ ու մատչելի միջավայրի ստեղծման ուղղությամբ:
Երեւանում այս ոլորտում իրականացվող աշխատաքները ներկայացրեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա նկատեց, որ չնայած անելիքները բազմաթիվ են, բայց վերջին տարիներին բավական շատ աշխատանքներ են իրականացվել քաղաքային միջավայրը հատուկ կարիքներ ունեցող անձանց պահանջներին հարմարեցնելու համար: Երեւանի փոխքաղաքապետի հավաստիացմամբ՝ լուրջ փոփոխությունների ծրագրեր կան հասարակական վայրերը թեքահարթակներով ապահովման, քաղաքային տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համապատասխանեցման եւ մի շարք այլ բարեփոխումների ուղղությամբ:
Հարցուպատասխանների, ելույթների ժամանակ խորհրդարանական լսումների մասնակիցները շարունակաբար համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին՝ շեշտելով նման քննարկումների կարեւորությունն ու հաջողվածությունը խնդիրներին քայլ առ քայլ լուծումներ տալու տեսակյունից:
No comments:
Post a Comment