Friday, December 21, 2012

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի գնահատականը՝ դիվանագիտական նկատառումներով


- Դուք է՞լ բոլոր ՀՀԿ-ականների նման կարծում եք, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի:
- Ես կարծում եմ՝ ժողովուրդն իմաստուն է եւ կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել: Մեր ժողովուրդն իմաստուն է, տեսնում է հիմքը եւ արդեն պատկերացնում է, թե ինչ վերնաշենք է կառուցվելու դրա վրա: Ոչ մեկը չի ցանկանա իր երեխայի, ընտանիքի, երկրի ապագան փորձության ենթարկել՝ առաջընթացն արդեն տեսնելով: Բոլորն էլ ցանկանում են գնալ կայուն զարգացման ճանապարհով: Հանրությունը կկայացնի իր ճիշտ որոշումը. այդ մասին փաստում են 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց որակը վկայում է, որ ՀՀԿ-ն կարողացավ նպատակ դնել, քաղաքական կամք ցուցաբերեց եւ իսկապես լավ ընտրություններ կազմակերպեց: Այս ընտրությունները եւս բացառություն չեն լինելու, այս անգամ եւս մենք ունենալու ենք թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ:
Մենք մինչեւ այսօր փորձում ենք լուծել կուտակված եւ անցյալից ժառանգություն ստացած խնդիրները: Դրան զուգահեռ՝ պետք է երկիրն առաջ տանել, դիմակայել համաշխարհային ճգնաժամերը, ինչու ոչ՝ նաեւ ներքին մարտահրավերները: Այս ամենը լավագույնս կարողանում է անել մեր երկրի նախագահը: Ժողովուրդն էլ դա տեսնում է:
- Չե՞ք կարծում, որ նախագահական ընտրությունների վրա ստվեր կգցի այն հանգամանքը, որ խորհրդարանական երկրորդ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, հրաժարվեց ընտրապայքարին որեւէ կերպ մասնակցությունից, մանավանդ, որ խոսակցություններ կան, որ դա ճնշումների տակ է եղել:
- Չեմ կարծում, որ այդքան ձայն ունեցող կուսակցությունը ինչ-որ ճնշումների կենթարկվեր: Այդ դեպքում, ուրեմն, պետք է խաբված լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր վստահել եւ ձայն են տվել ԲՀԿ-ին: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր սեփական քաղաքական կամքով է որոշում, թե ինքը որտեղ պետք է լինի: Կարծում եմ՝ այդ կուսակցությունը վերլուծեց, գնահատեց իրավիճակը եւ ընդունեց իր որոշումը: Իհարկե, Սահմանադրությամբ ամրագրված է, թե ով կարող է լինել նախագահի թեկնածու, բայց կան շատ ու շատ այլ չափորոշիչներ, որոնք որեւէ տեղ ամրագրված չեն, որոնք քաղաքացիներն իրենք պետք է սահմանեն իբրեւ նշաձող: Մեր ժողովրդի քաղաքացիական գիտակցության մակարդակն այնքան բարձր է, որ նա հստակ պատկերացնում է, թե ով պետք է լինի իր երկրի առաջնորդը, գերագույն գլխավոր հրամանատարը, ով երկիրը կտանի զարգացման ճանապարհով՝ հեռու պահելով բոլոր տեսակի մարտահրավերներից: Գնահատականի եւ գովասանքի է արժանի, որ մարդիկ եւ քաղաքական ուժերը տեսան, որ կա ժողովրդին առաջ տանելու ցանկությամբ ավելի ուժեղ առաջնորդ: Եվ այդ առաջնորդը Սերժ Սարգսյանն է:
- Նախագահ Սարգսյանի հրապարակած նախընտրական ծրագրում կրթության ոլորտին արված շեշտադրումները համահո՞ւնչ էին Ձեր պատկերացումներին, թե՞ կան թերացումներ, բացթողումներ, որոնց կցանկանայիք, որ նախագահն առավել ուշադրություն դարձներ կամ ընդգրկեր իր ծրագրում:
- Նախ ասեմ, որ առավել տպավորված եմ նախագահի՝ ավելի ապահով Հայաստան կառուցելու մասին հնչեցրած կարգախոսով: «Ապահով Հայաստան» կարգախոսի հիմքում մենք տեսնում ենք ապահով ընտանիքը: Պետության հիմքը ընտանիքն է, իսկ յուրաքանչյուր մարդ ուզում է ապրել ավելի ապահով, բարեկեցիկ, անվտանգ, սոցիալապես կայուն ընտանիքում, հետեւաբար՝ ավելի ապահով երկրում, որն էլ ամրագրված է նախագահի նախընտրական ծրագրում: Իսկ ապահովության հասնելու ճանապարհին մարդու կյանքում շատ կարեւոր է նաեւ կրթությունը: Այսօր մարդուն կրթելով, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարելու համապատասխան գիտելիքներով զինելով՝ կկարողանանք ստեղծել նաեւ տվյալ երկրի ներսում, տվյալ ընտանիքի ապահովությունն ու բարեկեցությունը: Նախագահի ծրագրում շատ եմ կարեւորում այն, որ հենց առաջին դասարանից մեծ ուշադրություն է դարձվում աշակերտներին տեխնոլոգիապես զինելու ծրագրերին: Յուրաքանչյուր առաջին դասարանցի կստանա անվճար համակարգիչ: Սա կարեւոր է. ուզենք, թե ոչ, աշխարհը փոխվում է, եւ տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց լուրջ ազդեցությունն են ունենում այդ փոփոխությունների վրա, այդ թվում նաեւ՝ կրթության: Ժամանակակից գիտելիքներին չտիրապետելը ամենամեծ սպառնալիքներից մեկն է, որը նաեւ նախագահի ուշադրության կենտրոնում է: Ի դեպ, սոցիալական խնդիր է լուծելու նաեւ պետության կողմից երաշխավորված նվազագույն 9-ամյա կրթությունից անցումը երաշխավորված 12-ամյա կրթությանը, նաեւ բուհական համակարգում անվճար կրթության ապահովումը սոցիալապես անապահով խավերի համար: Բուհերում ուսման վարձի վերին շեմ պետք է սահմանվի, եւ դա պետք է լինի պետության կառավարման տիրույթում:
- Նախագահի նախորդ ծրագրում էլ կրթական ոլորտի բարելավման մասին գեղեցիկ խոստումներ կային, բայց այսօր ունենք մի իրականություն, երբ համալսարանի պատմության դասագրքերում խեղաթյուրվում են ընդամենը հնգամյա վաղեմության իրադարձությունները: Իսկ նախորդ գեղեցիկ դրույթներից ոչ մեկի շոշափելի արդյունքը չկա: Ի՞նչն էր խանգարում նախագահին եւ ՀՀԿ-ին կյանքի կոչել սեփական ծրագիրը եւ այսօր առավել բաց ճակատով կանգնել ընտրողի առջեւ:
- Նախագահի թե նախորդ տարիների եւ թե նոր նախընտրական ծրագրերում ամրագրված է, որ միայն կայուն արժույթը ժամանակակից աշխարհում լինելու է գիտելիքը, հետեւաբար հարստանալու հուսալի ճանապարհը լավ կրթություն ստանալն է: Շոշափելի արդյունք, իհարկե, կա կրթության ոլորտում, դրա վկայությունն են կրթական բարեփոխումները, որոնք այսօր իրականանում են Հայաստանի Հանրապետությունում, ստեղծվում են լավ կրթություն ստանալու պայմաններ եւ միջավայր, որոնք օր օրի բարելավվում են: Դրանց են ուղղված դպրոցաշինության ծրագրերը, դպրոցների ջեռուցման ապահովումը, դպրոցներում նյութատեխնիկական բազայի հարստացմանն ուղղված ծրագրերը՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաների վերազինումը, համակարգչային տեխնիկայի եւ ինտերնետ կապի տրամադրումն ու ընդլայնումը, ուսուցիչների ատեստավորման գործընթացը եւ դրանց նախորդող վերապատրաստումները, դպրոցների տնօրենների վերապատրաստումը եւ այլն:
Դասագրքերը, առավել եւս պատմության, պետք է հիմնված լինեն շատ հստակ փաստերի վրա, որոնք չեն շեղի պատմությունը, կնպաստեն պատմության ճիշտ ընթացքի մատուցմանը երիտասարդներին եւ ճիշտ վերլուծություն սովորեցնելուն: Չպիտի աղավաղվի ոչ մի փաստ:
Իսկ ինչո՞ւ չեք նկատում նախագահի նախորդ հինգ տարիների մատնանշած ծրագրերի կատարված դրույթները: Կարեւոր օրինակներից մեկն էր սոցիալական փաթեթների ներդրման ծրագիրը: Մանկավարժներից շատերն ունեին առողջական խնդիրներ, որոնք պարզապես չէին հետեւում իրենց առողջությանը՝ տարբեր պատճառներով: Սոցիալական փաթեթի շնորհիվ մանկավարժին պարտադրվեց, որպեսզի զբաղվի իր առողջության խնդիրներով, գոնե հետազոտվի, առաջին բուժօգնությունը ստանա: Մարդիկ վիրահատություններ կատարեցին, որոնք մինչ այդ գումար չլինելու պատճառով հետաձգել էին: Մի՞թե սա սոցիալական առաջընթաց չէ: Էլ չեմ ասում, որ արձակուրդների շրջանում եւս հանգիստը, որպես կյանքի որակ, շատ մանկավարժների կյանքից ջնջված էր, բայց մարդկանց կյանքն արդեն փոխվեց, եւ նրանք իրենց կարող են թույլ տալ օգտվել նաեւ այդ արտոնությունից: Կարծում եմ՝ մենք կայուն, դանդաղ, բայց մտածված եւ հստակ քայլերով գնում ենք առաջ: ՀՀԿ-ն չի ընտրել շտապողականությունը եւ հեղափոխական ճանապարհը, այլ ընտրել է քայլ առ քայլ, բայց արդյունավետ ճանապարհով առաջ գնալու ռազմավարությունը, յուրաքանչյուր փուլի արդյունքները ճիշտ վերլուծելու եւ հետեւություններ անելու ճանապարհը:
Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Աղբյուրը` http://www.aravot.am/2012/12/21/143152/   
«Առավոտ» օրաթերթ

No comments:

Post a Comment