Tuesday, September 30, 2014

Ռ.Մուրադյանի հարցը ԱԺ պատգամավոր Ա.Հովհաննիսյանին

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արայիկ Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Մարգարիտ Եսայանի, Թեւան Պողոսյանի, Մնացական Մնացականյանի, Ստեփան Մարգարյանի կողմից ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը: 
Հիմնական զեկուցող` ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյան:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Համեցեք, տիկի Մուրադյան: Ռուզաննա Մուրադյան:
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Հովհաննիսյան, ինձ հետաքրքիր է հիմնավորման մեջ մի այսպիսի արտահայտություն, որպեսզի կարողանանք տարբերել ոչ այնքան շահութաբեր եւ շահութաբեր համայնքները: Ինչպե՞ս է սահմանվում կամ ինչ-որ այդպիսի չափանիշներ կան, որ տնտեսագիտորեն դա երեւում ա:
2-րդ հարցը` գոտիականության սկզբունքը ո՞վ է մշակում եւ ո՞ր լիազոր մարմինն է այդ սկզբունքը հաստատում: Շնորհակալություն:
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Շնորհակալություն, տիկին Մուրադյան: Շահութաբերը, ոչ թե համայնքներին է վերաբերում, այլ` շահութաբեր տարածքներին է վերաբերում, այդ համայնքի ներսում, այսինքն` ցանկացած համայնք, բնականաբար, ունի բիզնեսի համար շահութաբեր տարածք, եւ ոչ այնքան: Հարցը վերաբերում է միայն համայնքի ներսում շահութաբերության խնդրին, այսինքն` դա տարիների փորձն է, տարածքն է, դա այն տեղն է, որտեղ իրականացվում է այդ բիզնեսը: Կարծում եմ, որ սա բոլորին հայտնի իրավիճակ է:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին` ավագանու լիազորությունների հետ կապված, կարծում եմ, այստեղ եւս մանեւրելու հնարավորություն է տրված, որպեսզի իրենք ազատ իրականացնեն այս հնարավորությունը:

Սեպտեմբերի 30, 2014

Ռ.Մուրադյանի հարցը Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռ.Ջաղինյանին

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
- Ռուզաննա Մուրադյան։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Ջաղինյան, մենք, ուսումնասիրելով այս տարվա ներկայացրած զեկույցը, իրոք, հաճելիորեն չենք զարմանում, այլ ուրախանում եւ գնահատում ենք, որ առաջընթացն ակնառու է, որովհետեւ  նախորդ տարիների այդ զեկույցների հետ, երբ մենք ինքներս ենք համեմատության մեջ դնում, ապա այստեղ հստակ բազմիցս իմ կողմից բարձրացված հարցը կարծես գտել է իր լուծումը։ Այսինքն՝ կրթական հաղորդումներ, հաղորդումնե՛ր, որոնք ուղիղ ուղղված են կրթադաստիարակչական այս արժեքների տարածմանը, ունե՞ք, թե չունեք։ Այո՛, ոչ միայն ունեք, այլ նաեւ հստակ տալիս եք։ Օրինակ, «Հայքյու»-ն տալիս եք, «Այբ, բեն, գիմ»-ը տալիս եք, «Օտար ամայի ճամփեքի վրա», «Հանրալսարանը» եւ այլն, չթվարկեմ։ Հիմա ինձ հետաքրքիր է՝ արդյոք առաջիկայում այդ շարքը շարունակվելո՞ւ է, եւ ի՞նչ նոր հաղորդումներ, որոնք արդեն կրթական նոր նպատակների պիտի ծառայեն, որովհետեւ հիմա դուք սրանով լցրել եք այն բացը, որը չկա, եւ փորձում եք դեռ լցնել, բայց նաեւ մի նոր պահանջ է արդեն առաջանում՝ ավելի կոնկրետ կրթական նպատակների խնդիրների։ Ունե՞ք առաջիկայում այդպիսի պլաններ, թե՞ ոչ։

Եվ երկրորդը՝ այսօր մի շարք հեռուտաընկերություններում նմանատիպ ինչ-որ հաղորդում կա, ավելի առաջարկի տեսքով է հարցս հնչում, մեր շատ ու շատ պետական պաշտոնյաներ, պետական այրեր, մշակութային, կրթական գործիչներ կառավարության կողմից տարբեր պարգեւների են արժանացել։ Արդյոք հնարավո՞ր է, որ որեւէ հաղորդման տեսակ կամ, չգիտեմ, ինչ-որ ձեւով լուսաբանվի, ներկայացվի նրանց որպես ժամանակի հերոսներ, որովհետեւ մենք իդեալը կերտելու այս գործընթացը չպիտի գնանք եւ փնտրենք դրսերում, այլ մեր շարքերում էլ կան մարդիկ, որոնցով մենք հպարտանում ենք, եւ որոնք, որպես դաստիարակության օրինակ, պիտի ներկայացնենք մեր երիտասարդներին, այսպիսի շարք լինի հաղորդումների՝ վաստակավոր գործիչների՝ մշակութային, կրթական, տարբեր, ճարտարապետներ եւ այլն։ Սա որպես առաջարկ։ Շնորհակալություն։

Սեպտեմբերի 30, 2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետության կայացման ու հզորացման, գրագետ հասարակության ձեւավորման գործում կարեւորել է կրթական համակարգի, մասնավորապես դպրոցի եւ բանակի դերը: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում կարեւորել է կրթության դերը եւ ակնածանքով է վերաբերվել դպրոցին ու ուսուցչին: Պարոն Սահակյանը, անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին, նշել է, որ վերջին տարիներին դպրոցի բազմաթիվ խնդիրներ են լուծում ստացել թե Երեւանում, թե մարզերում:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը եւ միության անդամները ԱԺ նախագահի հետ զրույցում ներկայացրել են միության անցած ուղին, ծրագրերն ու խնդիրները, անդրադարձել են ոլորտում առկա բացթողումներին ու հիմնախնդիրներին:
Քննարկվել են այլ հարցեր եւս: 

Նյութի աղբյուրը՝ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=6852&year=2014&month=09&day=30&lang=arm

Ռ.Մուրադյանի 30.09.2014թ.-ի ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

Այսօր կրկին ուզում եմ խոսել մի երևույթի մասին, որին բազմիցս եմ անդրադարձել իմ ելույթներում: Հասարակությանը մոլորության մեջ գցելը, մանիպուլյացիայի ենթարկելն այսօր, կարծես, շատ քաղաքական գործիչների այցեքարտն է դարձել:
Հետաքրքիրն այն է, որ շատերն են խոսում ազգի շահերի մասին, բայց միևնույն ժամանակ  առաջնորդվում  ոչ ազգային շահերի սկզբունքներով:
Այսօր, կարծես, նաև վատ սովորություն է դարձել հերոսի կերպար կերտելը՝ հատկապես ուրիշներին հեղինակազրկելու հաշվին: Չմոռանանք Արթուրո Գրաֆի այն հայտնի խոսքերը, որ այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներկայացնում:  Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրեն իրավունք է վերապահում խոսել ժողովրդի անունից, հաճախ փորձում է ինքն իրեն ներկայացնել որպես միակ ուժ, որը ունակ է փոփոխություններ բերել՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը: 
Միջազգային հարաբերությունները երկրների միջեւ նույնպես կառուցվում են պետության հեղինակության առկայության տեսանկյունից: Ուստի հատկապես այն պաշտոնյաները, ովքեր թե ազգային և թե միջազգային հանրության մեջ ներկայացնում են մեր ազգային դիմագիծը, մեր ազգի շահը, առավելապես պետք է պաշտպանված լինեն ժողովրդի կողմից:
Վերջին շրջանում բոլորս ականատես եղանք մեր երկրի առաջին դեմքի փայլուն  հաղթանակներին, որոնք նա տարավ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ՝ իր հարցադրումներով Ալիևին նեղ վիճակի մեջ գցելով, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, որտեղ նա բավականին կոշտ և հստակ ձևով ՆԱՏՕ-ին հորդորեց ձեռնպահ մնալ թուրք-ադրբեջանական լոբբինգի ազդեցությունից։ Արդյունքում ընդունվեց հռչակագիր, որը մեծ «ապտակ հասցրեց թուրք-ադրբեջանական դաշինքին»:ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում արված շեշտադրումները նույնպես շատ դիպուկ էին։ Ոչ մի կարևոր  հիմնախնդիր չշրջանցվեց, և ներկայացվեց հստակ, կոշտ՝ իրերն իրենց անուններով կոչելով:
Այս հաղթանակները կատաղության հասցրեցին ադրբեջանական կողմին, որի արտացոլումը տեսանելի էր հաջորդած ժամերին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտնող հակամերիկյան պոռթկումներում: Հնչել են նաև տարբեր միջազգային գնահատականներ.  ՙՍ.Սարգսյանը ուժեղ տեսակետներ ունի տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ, որոնք արտահայտում է շատ ուժեղ կերպով և շատ հստակ,- մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպան Ջ.Հեֆերնը:
Այո, պետք է հպարտությամբ խոսենք մեր հաղթանակների մասին, սակայն մենք պատրաստ ենք լսել նաև անաչառ, վայելուչ քննադատություն, և համագործակցելով լուծումներ տալ վեր հանված խնդիրներին:
Մենք փոխել ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնել ենք ընդդիմախոսների` բարի նպատակ և ազնիվ մղումներ ունենալու իրավունքը:
Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ, -ասել է նախագահ Ս.Սարգսյանը:
Կեղծիքով, կուսակցական միտումնավորությամբ, չարությամբ ու նախանձով ակնհայտ իրողությունների հերքումը, տարբեր ամբիոնններից ոչ վահելուչ արտահայտությունները միմյանց նկատմամբ ուղղակիորեն ուղղված են մեր ժողովրդի դեմ:
Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պատեհ պահին միշտ հիշում է, որ մեր միասնությունը մեր հավաքական ուժի մեջ է :Չջլատենք այն:


Monday, September 29, 2014

Ռ.Մուրադյանի հարցը ԱԺ պատգամավոր Հ.Բաբախանյանին

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Բաբուխանյան, հիմնավորման մեջ դուք նշել եք, որ «ակտիվների չափը, եթե չի գերազանցում շեմը, բայց առաջացնում է բարդ ֆինանսական վիճակ կուսակցությունների համար...», ես ուզում եմ հասկանալ՝ էդ բարդ ֆինանսական վիճակ ասածն ի՞նչ է նշանակում եւ էդ շեմն ո՞վ է սահմանում, ինչպիսի՞ն է շեմը։
Կա՞ արդյոք հատուկ, հստակ պետության կողմից սահմանված շեմ, որ դրա առկայության դեպքում է, որ նոր կուսակցությունը կարող է, ասենք, այս նախաձեռնությունից օգտվել։ Շնորհակալություն։

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Շեմը սահմանված է «Կուսակցությունների մասին» օրենքով, 28.1 հոդվածում նշված է նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկը, սա շեմն է։
Ինչ վերաբերում է բարդ իրավիճակին, նորից օրինակ կարող եմ բերել՝ կուսակցությունն ունի գույք, որի արժեքը գերազանցում է 10-հազարապատիկը, բայց տարվա ընթացքում կուսակցությունը չի ստացել որեւէ եկամուտ կամ ստացել է շատ քիչ եկամուտ։ Այդ դեպքում կուսակցությունն ինչ-որ տեղից պետք է վճարում կատարի աուդիտ անցկացնելու համար։ Եթե կուսակցության դրամարկղը դատարկ է, սակայն կուսակցությունն ունի ակտիվ՝ գույքի տեսքով,  կուսակցությունն ընկնում է դժվար վիճակի մեջ, որովհետեւ նա պետք է ինչ-որ տեղից հայթայթի այդ գումարը եւ վճարի պարտադիր աուդիտ անցկացնելու համար։ Սա էլ այդ դժվար վիճակներից մեկն է, որի մասին խոսում ենք։

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ
-Արձագանքի համար՝ Ռուզաննա Մուրադյան։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն։ Իհարկե, մեկնաբանությունը շատ պարզ էր ի սկզբանե, պարզապես, ինձ համար հարցը մնում էր, որ բարդ ֆինանսական վիճակն ինչ-որ հասկացությու՞ն է, որ պիտի հասկանանք, թե՞, ուղղակի, էնպիսի իրավիճակ կստեղծվի, որ բնականաբար, ակտիվներով չես կարող, գույքով, ակտիվով չես կարող փոխհատուցել այդ գումարը։ Ինձ թվաց հատուկ հասկացություն է դա՝ բարդ ֆինանսական վիճակ։
Չէ, պարզապես, ուղղակի, նկարագրել եք դուք, որ կհայտնվի էնպիսի ֆինանսական վիճակում, որ չի կարողանալու անշարժ գույքով կամ իր մոտ եղած այլ ակտիվներով, որոնք դրամական միջոցներ չեն, փոխհատուցել աուդիտի ծախսերը։ Սրանով օրենքը կարգավորում է այդ մասը։ Շնորհակալություն։

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

-Դուք միանգամայն ճիշտ եք։

Սեպտեմբերի 29, 2014

Ռ.Մուրադյանի հարցը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ
-Հարց տալու համար՝   Ռուզանննա Մուրադյան։

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն  Նազարյան, սահմանումների մասում երբ ներկայացված էր, ի՞նչ ասել է հայկական զորախումբ, ասվում է, որ հայկական զորախումբը Հայաստանի զինված ուժերի հետեւակային դասակ եւ 2 շտաբային սպա, որոնց կցվել է... ավելի կառուցվածքն է նկարագրում, քան կոնկրետ այդ հասկացությունն ի՞նչ ասել է, մինչդեռ  հոդված 4-րդի 3-րդ կետում հասկացության սահմանումն է պարզաբանվում։ Ես գրավոր առաջարկով ձեզ կներկայացնեմ, կառաջարկեմ, որ վերանայվեր այդ սահմանումը։  Կարծում եմ, որ այս երկուսն իրար հետ խմբագրելու կարիք ունի։
2-րդ հարցը՝ հոդված 5-րդում ներկայացված է աջակցության ծառայությունները։ Ինձ հետաքրքրում է. մեր հայկական զորախմբի անդամներին դրամական միջոցներ տրամադրվու՞մ են, թե՝ ոչ, ծառայության ընթացքում։
Եվ այստեղ նշվում է նաեւ, որ իտալական կողմի հրահանգով, եթե ինչ-որ կարգազանց դեպքեր կան, ապա նրանք հետ կկանչվեն։ Այս հարցը, ինչպե՞ս են այդ իրավահարաբերությունները կարգավորվում հայկական կողմի հետ։
Եվ նաեւ բժշկական ծառայությունների հետ կապված, կետեր են նշված, որոնցից մեկն էլ ատամնաբուժական ծառայություններին է վերաբերվում, եւ հստակ նշվում է անհետաձգելի, կոնսերվատիվ եւ վիրաբուժական ծառայություններ։ Արդյոք կարիք չկա՞ այստեղ ավելացնելու, որ դրանք պետք է սահմանի համապատասխան լիազոր մարմինը, որովհետեւ չի հասկացվում, թե դա ինչ ա։
Ի՞նչ  ասել է միջազգային իմունիզացիոն քարտ։
Ա.ՆԱԶԱՐՅԱՆ
-Այնքան հարցեր տվեցիք։ Հիմա հերթով հիշեմ, պատասխանեմ։ Ինչ վերաբերում է ատամնաբուժականին, խոսքը վերաբերում է անհետաձգելիին, նշված է։ Ես չգիտեմ, տվյալ բժշկական տերմինը՝ «կոնսերվատի եւ վիրաբուժական», հանձն չեմ առնում ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանություն տամ, բայց 1-ին բժշկական օգնություն։ Այնտեղ բուժում են,  երեւի, ոչ պրոթեզավորում, նկատի ունեմ ընթացիկ։
Ինչ վերաբերում է կարգազանցների հետ կապված հարցին, հետեւյալ կարգով է դրված, որ, ճիշտ է, ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումը 30 հոգով եւ 2 սպայի կազմով մասնակցելու է այդ առաքելությանը, եւ նա գտնվելու է համապատասխան իտալական օպերատիվ կառավարման ներքո, սակայն այս առումով նրանց ռոտացիայի կամ կարգապահության հետ կապված հարցերը, ինչպես նաեւ հանցագործության հետ կապված որոշակի խնդիրները նրանք լիազորված չեն իրականացնելու, քանի որ հանդիսանում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանում։
Եվ քարտը, ինչպես նշեցիք դուք, իմունիտետի իրավունքից օգտվելու մասին որ խոսեմ, այնտեղ կնշվի, որ իրավունք ունեն նաեւ հանդես գալու ՀՀ դրոշի, իրենց տեղակայման վայրում ունենալ ՀՀ դրոշը, եւ  համապատասխանաբար ունենան հայկական տարբերանշանները։ Այն կարգավիճակը, որով որ համաձայնագիրը հավասարեցվում է իտալական զորախմբի զինծառայողների կարգավիճակին, դա նշանակում է, որ նաեւ թույլատրում են, որպեսզի զենքով մտնեն Լիբանանի տարածք եւ զենք կրելու իրավունք ունեն Լիբանանի տարածքում, ՄԱԿ-ի հովանու ներքո։  Իրենք  որոշակի օգտվում են մուտքի արտոնագրերից, ազատվում են համապատասխան վճարներից, կարգապահական խախտումների դեպքում պետք է կիրառվի ազգային օրենսդրությունը։ Մարտական գործողությունների ժամանակ երբ որ հասցվում է վնաս, նրանք պատասխանատվություն չեն կրում այդ ամենի համար։ Սա այդ իմունիտետի շրջանակներում է։
Ինչ վերաբերում է վարձատրությանը։  Այստեղ նախատեսված չի աշխատավարձի վճարում, սակայն այլ անվանում ունի, դա կոչվում է ամսական փոխհատուցում եւ նրանց տրվում է մոտ 1000 ԱՄՆ դոլարի կարգի  փոխհատուցում։
Գ.ՍԱՀԱԿՅԱՆ
-Արձագանքի համար՝ Ռուզաննա Մուրադյան։
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Ես գրավոր առաջարկը կներկայացնեմ, բայց նաեւ ասեմ, որ իմ ասածը դրան էր ուղղված, որ դուք պարտավոր չեք իմանալ, ինչպիսի՞ ատամնաբուժական, առողջապահական, եւ մեզանից յուրաքանչյուրը։ Այնտեղ մի հատ հղում է պետք, մի նախադասություն, որի չափանիշները կսահմանի տվյալ ոլորտի պետական լիազոր մարմինը, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը։
 Ա.ՆԱԶԱՐՅԱՆ

-Ես մոռացա ձեր ամենակարեւոր հարցին պատասխանեմ։ Այս համաձայնագրերը,   սրանք տիպային ձեւեր են, սրանք համաձայնեցված են, սրանք միջազգային ստանդարտներին համապատասխան փաստաթղթեր են։ Ցանկացած նմանատիպ համաձայնագրի մեջ որոշակի հղումներ են տրվում, ընդունենք, ՄԱԿ-ի այս կամ այն բանաձեւի  տեղեկատվության, տրամադրելու, բուժման, կան այդ ընթացակարգերը սահմանված, ուստի  այստեղ ներդնելու անհրաժեշտությունը չկա։

Սեպտեմբերի 29, 2014

Sunday, September 28, 2014

«Այսօր դասագրքերում որակի առումով լուրջ խնդիրներ կան»

«Դպրոց-կենտրոնների միությունն» առաջարկում է նաեւ առարկայական չափորոշիչների փոփոխություն  «Այսօր դասագրքերում որակի առումով լուրջ խնդիրներ կան, մենք բազմիցս առաջարկել ենք, որ պետք է կատարել նաեւ առարկայական չափորոշիչների փոփոխություններ»,- այսօր «Ներդպրոցական վերահսկողության պլանավորում և իրականացում» թեմայով քննարկման ժամանակ իր կարծիքը բարձրաձայնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: Նրա հետ համաձայնեցին նաեւ քննարկման մասնակից «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ տնօրենները:
Ռուզաննա Մուրադյան. «Այսօր դասագրքերում որակի առումով լուրջ խնդիրներ կան» Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին`որքան էլ այսօր կրթական համակարգում նոր ծրագրեր են իրականացվում, նոր տեխնոլոգիաներ են ներդրվում, միևնույն է, շատերն այն կարծիքին են, որ խորհրդային միության տարիների կրթությունն ավելի որակյալ էր, Ռուզաննա Մուրադյանն ասաց. «Սովետական տարիների լավ կրթությունը սովետական պետության հիմքում էր լավը, հիմա արդեն մեր այս նոր անկախ պետության հիմքում, երբ աշխարհը փոփոխվում է: Ուզենք, թե չուզենք, որքան էլ տեխնոլոգիաները քննադատենք, մեկ է, երեխային հասանելի է արդեն նոր կրթությունը»։ Ռուզաննա Մուրադյանը համամիտ է, որ ներկայիս ուսուցչական անձնակազմը հիմնականում դեռ խորհրդային միությունից մինչ օրս դասավանդող կադրերն են, ովքեր չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին. «Սա հենց այն խնդիրն է, որ մենք ունենք մեր առջև դրված: Մենք ունենք այսօր լավ փորձառություն ունեցող, շատ լավ մանկավարժական տեսություններ իմացող ու փորձառություն ունեցող մանկավարժ, բայց մի քիչ հին մտածելակերպով ու տեխնոլոգիաներին լավ չտիրապետող: Մյուս կողմից ունենք հենց նոր ուսանողական նստարանից ելած, տեխնոլոգիաներ իմացող, բայց տեսական ու գործնական գիտելիքների պակասով երիտասարդ կադրեր»: Այս առումով, Ռուզաննա Մուրադյանը բավական կարեւորում է մասնագիտության ընտրության խնդիրը: Նախկին մանկավարժ պատգամավորը նկատում է, որ շատերն այսօր մանկավարժ են դառնում զուտ այն պատճառով, որ այլ բուհերում «բալերը» չեն հերիքում, ու ստիպված մանկավարժական ինստիտուտ են ընդունվում: Այսինքն, մանկավարժ են դառնում հանգամանքների բերումով: Մինչդեռ, նախկինում, նրա համոզմամբ, մանկավարժ դառնում էին նրանք, ովքեր դեռ մանկուց երազում էին մանկավարժ դառնալու մասին։ Ներկայիս խնդիրների պարագայում, տիկին Մուրադյանը կարծում է, որ հին ու մասնագիտական բարձր որակներով ուսուցիչներին ու նոր տեխնոլոգիաները պետք է համադրվեն ուսուցիչների վերապատրաստումների միջոցով: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/28/501126/ 

Saturday, September 27, 2014

Քառօրյա սեմինար Ծաղկաձորում դպրոցի տնօրենների համար

Սեպտեմբերի 27-ին ք. Ծաղկաձորում մեկնարկեց քառօրյա սեմինարը  <Դպրոց-կենտրոնների միության> տնօրենների համար <Ներդպրոցական վերահսկողության պլանավորում և իրականացումը դպրոցում> թեմայով:


























 



Ծաղկաձորի “Գրողների ստեղծագործական տանը” սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ-ում գործող “Դպրոց- կենտրոնների միության” հերթական նիստը, որը ղեկավարում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նիստին ներկա են եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ:
“Դպրոց-կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միության նիստին մասնակցել են Հայաստանի 84 դպրոցների տնօրեններ:
Ներկաներին ողջունել է միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և ներկայացրել է սեմինար-խորհրդակցության քննարկման հիմնական թեման: Պատգամավորի խոսքով` “Դպրոց – կենտրոնների միությանն” անդամակցում են իրենց փորձով հանրապետությունում լավագույնը ճանաչված տարբեր դպրոցների տնօրեններ: Ռուզաննա Մուրադյանը տեղեկացրել է, որ միությունը ձևավորվել է 2004թ.-ին և այն շարժուն, գործող, անընդհատ զարգացող համակարգ ունեցող միություն է:
Միության նախագահի խոսքով` իրենք պետք է ոչ միայն թելադրող լինեն համակարգում, այլև իրենց փորձով մասնակցեն միության բոլոր խնդիրների լուծմանը:
ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանն իր խոսքում կարևորել է կրթական խնդիրների քննարկումն ու վերհանումը միությունում: Ըստ պատգամավորի` պետական մարմինների կապը դպրոցների հետ պետք է ամուր լինի, որպեսզի համատեղ ջանքերով գտնվեն խնդիրների լուծման լավագույն մեխանիզմները:
Պարոն Դավթյանն ընթերցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է.
“Դպրոց -կենտրոնների միության հարգելի անդամներ, ողջունում եմ “Դպրոց -կենտրոնների միություն” կազմակերպության համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ ստեղծագործական և բեղմնավոր աշխատանք: Հզոր պետություն ունենալու համար անհրաժեշտ է կիրթ հասարակություն: Եվ այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են գրագետ հասարակության ձևավորմանը, և նպաստում են պետության կայացմանը, իմ ուշադրության և հոգածության կենտրոնում են: Համոզված եմ, որ նմանատիպ գործուն կառույցի գործունեությունը, ինչպիսին է միությունը, նպաստում է Հայաստանում կրթական ոլորտում զարգացման միտումներին և արդի չափանիշներին համապատասխան, կրթական ծրագրերի և միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:
Կարևորում եմ “Դպրոց-կենտրոնների միության” գործունեությունը, որը գործուն հարթակ է մանկավարժների շարունակական մասնագիտական զարգացման, դպրոցներում նորարարությունների, փորձի փոխանակման և առաջարկվող փորձի տարածման համար:
ՀՀ բոլոր մարզերի դպրոցների միջև ակտիվ համագործակցությունն ապահովող այս կառույցին մաղթում եմ գործունեության շարունակականություն և զարգացում”,- իր ուղերձում նշել է Գալուստ Սահակյանը:
Ներկաներին ողջունել է նաև Չինաստանի Դալյան քաղաքի օտար լեզուների համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկան պրն. Փընգ ՎՆՃԱՕ-ն:
Նա ներկայացրել է Չինաստանի համալսարանի համագործակցությունը տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ և ընդգծել է, որ պետք է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի դպրոցների հետ:
Այնուհետև Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի և “Դպրոց- կենտրոնների միություն” ԻԱՄ-ի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Մասնակիցները այնուհետև քննարկել են “Կրեդիտային համակարգի ներդրումը ավագ դպրոցներում և ներդպրոցական վերահսկողության ձևերը, տեսակներն ու մեթոդները” թեմաները:
Քննարկման ավարտին “Դպրոց –կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին քննարկման համար, նշելով, որ այն լինելու է շարունակական:

Համագործակցության հուշագրի կնքում ԴԿՄ-ի և Կոնֆուցիուսի ինստիտուտի միջև

Սեպտեմբերի 27-ին ք. Ծաղկաձորում Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի և <Դպրոց- կենտրոնների միություն> ԻԱՄ-ի միջև կնքվեց Համագործակցության հուշագիր:

Փորձում են դպրոցներում ևս կրեդիտային համակարգ ներդնել

«Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ կողմից սեպտեմբերի 27-ին Ծաղկաձորում կազմակերպված սեմինար-խորհրդակցության ժամանակ քննարկվել է «Կրեդիտային համակարգի ներդրումը ավագ դպրոցում» թեման։ գաղափարն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, իսկ վերոնշյալ միույթւոնն էլ որոշել է մշակել ծրագրի հայեցակարգը։ 
Նշենք, որ եռօրյա սեմինարին մասնակցում էին հանրապետությունում գործող թվով 84 դպրոց-կենտրոնների ղեկավարներ։ «Դպրոց-կենտրոնների միության» ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, պատասխանելով Hraparak.am-ի հարցերին, ասաց, որ սեմինարի մասնակիցներին ներկայացվել է հայեցակարգի երեք մոդել, որոնք մինչ այդ քննարկվել են հանրապետության տարբեր մարզերում: Մոդելների քննարկումները դեռեւս կշարունակվեն դպրոցներում` մանկավարժական կոլեկտիվներում, ապա կներկայացվեն առաջարկները, որպեսզի մոդելն ամբողջական տեսքով ներկայացվի ՀՀ ԿԳՆ-ին: 
 Մեր դիտարկմանը, թե ինչու՞ են որոշել դպրոցներում ևս կրեդիտային համակարգ ներդնել, երբ այդ համակարգի կիրառումը բուհերում ժամանակին բավականին խիստ քննադատության ենթարկվեց, Ռ․ Մուրադյանն ասաց, որ թեպետ հնչած քննադատություններին՝ համակարգն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Ըստ պատգամավորի՝ կրեդիտային համակարգի դրականն այն է, որ երեխան հստակ մոտիվացիա է ունենում ավագ դպրոց գնալու։ «Նախ բացակայությունների համար կրեդիտ է հանվելու, բացի այդ ծրագիրը մեր առաջարկով այնպես է դրված, որ երեխան ինքը ձգտի որեւէ թեմա բաց չթողնել: Օրինակ, ասենք, եթե առաջին կիսամյակի ֆիզիկա առարկայից պետք է դրվի 30 կրեդիտ, դրանում ներառվեն բոլոր այն թեմաները, որոնք եթե երեխան չանցնի, այդքան կրեդիտ պակաս է մնալու` անկախ նրանից, թե ինչպես է գնահատվել նա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ սա հնարավորություն է տալիս, որպեսզի հիվանդության կամ այլ հարգելի պատճառով դասերը բաց թողած աշակերտը լրացնի իր գիտելիքները, այլապես հստակ պետք է իմանա, որ կրեդիտներ է կորցնում: Նա նաև նշեց, որ սեմինարի քննարկման հիմնական թեման եղել է այն, թե ինչ մեխանիզմներով պետք է լրացվի բաց թողնվածը, ովքեր եւ որտեղ պետք է լրացուցիչ աշխատեն աշակերտների հետ: Իսկ թե որոնք են համակարգի բացասական կողմերը, ԱԺ մանկավարժ պատգամավորն ասաց, որ այս համակարգի միջոցով աշակերտի մոտ առաջանում է ավելի շատ մեխանիկական աշխատանքի միտվածություն, ինչը լավ չէ։ «Եթե մենք դրա հետ միասին մտածողության զարգացման ու մոտիվացիայի նկատմամբ հետաքրքրություն չստեղծենք, ապա աշակերն ուղղակի աչոկներ հավաքելու համար, մեխանիկորեն կանի այս կամ այն գործողությունը եւ մեխանիկական մոտեցումը առաջնահերթ կդառնա»,-նկատեց «Դպրոց-կենտրոնների միության» ղեկավարը։ 

 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ


Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=63646&l=am/

Wednesday, September 10, 2014

Բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է ուղիղ ծառայել արտաքին թշնամուն

ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանը բավական թեժ սկսվեց: Ըստ կանոնակարգ օրենքի, յուրաքանչյուր նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը:  Խորհրդարանական ընդդիմությունը սվիններով ընդունեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն առաջարկը, ըստ որի` 11 հոգանոց հաշվիչ հանձաժողովի անդամներից հինգը պետք է լինեն ՀՀԿ-ից: Սրա հետ կապված սկսվեցին թեժ քննարկումներ:
 Հայտնի է, որ խորհրդարանական պատմության մեջ շատ նախագծեր ընդդիմադիր խմբակցությունները ցանկացել են տապալել ամենատարբեր ձեւերով, սակայն այն, ինչ արել էր արդեն ամերիկաներում իր հանգիստն ու ուսումը վայելող "Ժառանգություն" խմբակցության արդեն նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նրա մտքի թռիչքին կնախանձեր անգամ Ադրբեջանի նախագահ  Ալիեւը: Հիշեցնենք, որ երբ Ազգային ժողովում քվեարկության պետք է դրվեր գազի, նավթամթերքների, ադամանդագործության զարգացման ու հայ-ռուսական հարաբերությունների հարցը, տիկինը ԱԺ հերթական ընդմիջման ժամին սկսեց հափշտակել պատգամավորներից շատերի քվեարկության քարտերը, որի համար, ի դեպ, որեւէ պատասխանատվության չենթարկվեց: Որքանով է հարիր հատկապես կնոջը նման քայլերը` հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ նշեց. 
- Ես ընդհանրապես դեմ եմ Աժ աշխատակարգը խանգարելուն եւ խաթարելուն: Բայց փորձը ցույց տվեց, ինչպես եւ ականատես եղանք, որ նախորդ նիստի ժամանակ քվեարկության դրված մի շարք հարցեր փորձեցին խաթարել: Եթե հարցը դիտարկեմ` որպես կին, ապա չէի  պատկերացնի, որ կարող են ԱԺ-ում լինել չգրված օրենքներ, որոնք դուրս են ոչ միայն կանոնակարգից, այլեւ նորմալ ու քաղաքակիրթ աշխատող պատգամավորի վարքագծից:
- Կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքը ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյան եւ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյան հակամարտության մասին:
- Կարծում եմ, որ դա ընդամենը տեսակետների արտահայտման ձեւ էր, եւ էքս նախագահը եւս հայտնեց իր կարծիքը, իսկ կառավարության պատասխանն էլ եղավ հավուր պատշաճի: Այսօր մենք առավել  ուշադրություն պետք է դարձնենք, թե ինչպես է Ադրբեջանն իր ոտնձգություններով ու  դյուրագրգիռ վարքագծով բացասական  ազդում Հայաստանի վրա, սրան զուգահեռ` տեսնում ենք միջազգային հարթակում ՀՀ-ի եւ Արցախի հարցով  լուրջ ձեռքբերումներ: Միջազգային հայտնի իրավապաշտպան "Ֆրիդոմ Հաուզ" կազմակերպության կողմից Ադրբեջանը  համարվեց անազատ երկիր, իսկ դրա կողքին ԼՂՀ-ն համարվեց ավելի ժողովրդավարական երկիր, կարծում եմ, որ այդ հայտարարությունները հենց Ադրբեջանին դարձրին ավելի դյուրագրգիռ, որի արդյունքում սկսեց իր ոտնձգությունները: Տարածաշրջանում խաղաղության պահպանումը չպետք է լինի միայն Հայաստանի մտաhոգությունը, այլ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այլ երկրների եւ միջազգային կառույցների մտահոգությունը: Հայաստանին միշտ տրվել են ընդհանուր, խաղաղեցնող  գնահատականներ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բայց դա բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի վրա, որը շարունակում է իր սուտ քարոզչությունները` ռամիլսաֆարովյան գործելաոճով: Խաղաղ ճանապարհով հարցի լուծումը դրանք միայն բառեր չեն, այլ պետք է լինեն կոնկրետ գործողություններ:
- Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը հենց տեսնում է, որ մեր երկրի ներսում թեկուզ մի փոքր անկայունություն է, սկսում է իր անօրինական գործողությունները սահմանի վրա: Իսկ թեկուզ էքս նախագահի տարեվերջյան ու տարեսկզբյան հայտարարությունները պատահական չէին:
- Այո, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է օգնել կամ խանգարել, կարող է ուղիղ ծառայել արտաքին  թշնամուն: Դրա համար պետք է զգոն լինենք ու հասկանանք` ինչն է մեր երկրի ու ազգի շահից բխում: Մեր արտաքին թշնամու դեմ կարող ենք պայքարել միայն ներքին համախմբման ճանապարհով: Չնայած բազում մարտահրավերների եւ խնդիրների` մեր երկիրը գնում է ժողովրդավարության զարգացման ճիշտ ընտրած ճանապարհով, ինչը բարձր է գնահատվում նաեւ միջազգային կառույցների կողմից: Այսօր մեր պետությունը լայն հնարավորություններ է ստեղծել քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ զարգացման համար` ազատ դաշտ ստեղծելով  յուրաքանչյուր քաղաքացու համար` իր կարծիքն արտահայտելու, քաղաքացիական նախաձեռնություններով հանդես գալու, խնդիրների եւ դրանց լուծումների շուրջ բաց երկխոսություն ծավալելու, էլ ինչ կարիք կա թշնամու ջրաղացին ջուր լցնել: Իսկ առաջ գնալու լավագույն ճանապարհը ոչ միայն շարունակ չարությամբ խնդիրներից խոսելն է, այլ ժամանակ առ ժամանակ հետ նայելն ու ձեռքբերումները գնահատելն է:  
- Ադրբեջանը թե՛ իր տարածքով, թե՛ ֆինանսապես ավելի հզոր է համարվում Հայաստանից` ելնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից: Ինչո՞վ է պայմանավորված նրանց անընդմեջ հիսթերիան:
- Թե՛ միջազգային հանրության, թե՛ այլ երկրների կողմից Արցախի ինքնորոշմանն ու Հայաստանին տրված տարբեր դրական գնահատականները Ադրբեջանին հասցնում է հիսթերիայի, որի մասին արդեն ասացի: Վերջերս էլ, Կալիֆորնիայի նահանգը որոշեց, որ դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին ուսումնական պլանում պետք է ներառվի, իսկ օրերս էլ Ֆրանսիայի արդարադատության նախարարը հայտարարեց, որ պետք է անպայման ընդունվի Հայոց ցեղասպանության քրեականացումը ժխտելու օրինագիծը, որպեսզի այսուհետ աշխարհի համար ցեղասպանությունը դատապարտելի լինի: Օրինակները շատ են, որոնք կարող ենք անընդհատ ասել, իսկ Ադրբեջանն այս ամենը տեսնելով` իր սուտ ստեղծագործական քարոզչությունն է իրականացնում, որպեսզի դրանով մոլորեցնի միջազգային հանրությանը: Նրանք շատ անգամ փորձում են իրենց կեղտոտ արարքները հայերի վրա բարդել: Ավելին` այդ մասին նրանք գրում են նաեւ իրենց  պատմության գրքերում` փորձելով հայերի նկատմամբ ատելություն սերմանել իրենց սերնդի մեջ, թե իբրեւ մենք մարդասպան ենք: Իսկ մենք միշտ եղել ենք ոչ թե ընդդեմի, այլ հանունի կողմնակիցը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.zaruhi.com/ishxanavor/2450-ishxanavor

Կայացավ դպրոց-կենտրոնների միության հերթական հանդիպումը

2014թ. մարտի 20-ին Երևանի Ջ. Կիրակոսյանի անվ. հ. 20 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված դպրոցների տարբեր մասնագիտական խմբերի հերթական հանդիպումը: 
Հանդիպմանը  ներկա  էին   ՀՀ  ԱԺ  պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա  Մուրադյանը,  ՀՀ ԿԳՆ <Կրթական ծրագրերի կենտրոն> ԾԻԳ –ի ենթածրագրերի ղեկավար Կարեն Մելքոնյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության  պետի տեղակալ Նոննա Սահակյանը, ՀՀ  բոլոր  մարզերի  84  դպրոց - կենտրոնների  շուրջ 250 ներկայացուցիչներ՝ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալներ, մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչներ, դասղեկներ և ծնողական խորհրդի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռ.Մուրադյանը` նշելով, որ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը դարձել է  կրթական այն ցանցը, որը գործուն հարթակ է հանդիսանում կրթության ոլորտի տարբեր մասնագետների մասնագիտական կարիքների բավարարման, կրթական համակարգում առկա խնդիրների բարձրացման և լուծման համար:

Հանդիպմանը հաջորդեց  սեմինար-քննարկումներ՝ առանձին մասնագիտական խմբերի, որոնց ընթացքում քննարկվեցին այսօրվա դպրոցի, ծնողների, ինչպես նաև մանկավարժների մասնագիտական կարիքներից բխող հիմնահարցերը, այդ թվում անդրադրձ կատարվեց ծնողական ժողովների, դասղեկի ժամերի նպատակային թեմաների ընտրության և կազմակերպման ձևերին, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով դպրոցի փոխտնօրենի տարեկան աշխատանքային պլանի մշակմանն ու կատարողականին, սովորողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների ուղղություններին և ուսումնա-դաստիարակչական այլ հրատապ խնդիրների:

Հայաստանի տարբեր մարզերից եկած մասնակիցները կարևորեցին կազմակերպված հանդիպման բովանդակությունը և նշեցին, որ այս սեմինար-քննարկումները հնարավորություն են տալիս իրենց հարցերի պատասխանները քննարկել կոլեգաների հետ և մասնագետներից ստանալ հստակ պատասխաններ:Քննարկումների ընթացքում մասնակիցները բավականին ոգևորված էին, ինտերակտիվ, ազատ և անկաշկանդ մթնոլորտ էր ստեղծված արդյունավետ համագործակցության համար: