Sunday, September 28, 2014

«Այսօր դասագրքերում որակի առումով լուրջ խնդիրներ կան»

«Դպրոց-կենտրոնների միությունն» առաջարկում է նաեւ առարկայական չափորոշիչների փոփոխություն  «Այսօր դասագրքերում որակի առումով լուրջ խնդիրներ կան, մենք բազմիցս առաջարկել ենք, որ պետք է կատարել նաեւ առարկայական չափորոշիչների փոփոխություններ»,- այսօր «Ներդպրոցական վերահսկողության պլանավորում և իրականացում» թեմայով քննարկման ժամանակ իր կարծիքը բարձրաձայնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: Նրա հետ համաձայնեցին նաեւ քննարկման մասնակից «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ տնօրենները:
Ռուզաննա Մուրադյան. «Այսօր դասագրքերում որակի առումով լուրջ խնդիրներ կան» Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին`որքան էլ այսօր կրթական համակարգում նոր ծրագրեր են իրականացվում, նոր տեխնոլոգիաներ են ներդրվում, միևնույն է, շատերն այն կարծիքին են, որ խորհրդային միության տարիների կրթությունն ավելի որակյալ էր, Ռուզաննա Մուրադյանն ասաց. «Սովետական տարիների լավ կրթությունը սովետական պետության հիմքում էր լավը, հիմա արդեն մեր այս նոր անկախ պետության հիմքում, երբ աշխարհը փոփոխվում է: Ուզենք, թե չուզենք, որքան էլ տեխնոլոգիաները քննադատենք, մեկ է, երեխային հասանելի է արդեն նոր կրթությունը»։ Ռուզաննա Մուրադյանը համամիտ է, որ ներկայիս ուսուցչական անձնակազմը հիմնականում դեռ խորհրդային միությունից մինչ օրս դասավանդող կադրերն են, ովքեր չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին. «Սա հենց այն խնդիրն է, որ մենք ունենք մեր առջև դրված: Մենք ունենք այսօր լավ փորձառություն ունեցող, շատ լավ մանկավարժական տեսություններ իմացող ու փորձառություն ունեցող մանկավարժ, բայց մի քիչ հին մտածելակերպով ու տեխնոլոգիաներին լավ չտիրապետող: Մյուս կողմից ունենք հենց նոր ուսանողական նստարանից ելած, տեխնոլոգիաներ իմացող, բայց տեսական ու գործնական գիտելիքների պակասով երիտասարդ կադրեր»: Այս առումով, Ռուզաննա Մուրադյանը բավական կարեւորում է մասնագիտության ընտրության խնդիրը: Նախկին մանկավարժ պատգամավորը նկատում է, որ շատերն այսօր մանկավարժ են դառնում զուտ այն պատճառով, որ այլ բուհերում «բալերը» չեն հերիքում, ու ստիպված մանկավարժական ինստիտուտ են ընդունվում: Այսինքն, մանկավարժ են դառնում հանգամանքների բերումով: Մինչդեռ, նախկինում, նրա համոզմամբ, մանկավարժ դառնում էին նրանք, ովքեր դեռ մանկուց երազում էին մանկավարժ դառնալու մասին։ Ներկայիս խնդիրների պարագայում, տիկին Մուրադյանը կարծում է, որ հին ու մասնագիտական բարձր որակներով ուսուցիչներին ու նոր տեխնոլոգիաները պետք է համադրվեն ուսուցիչների վերապատրաստումների միջոցով: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/28/501126/ 

No comments:

Post a Comment