Saturday, September 27, 2014

Քառօրյա սեմինար Ծաղկաձորում դպրոցի տնօրենների համար

Սեպտեմբերի 27-ին ք. Ծաղկաձորում մեկնարկեց քառօրյա սեմինարը  <Դպրոց-կենտրոնների միության> տնօրենների համար <Ներդպրոցական վերահսկողության պլանավորում և իրականացումը դպրոցում> թեմայով:


























 



Ծաղկաձորի “Գրողների ստեղծագործական տանը” սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ-ում գործող “Դպրոց- կենտրոնների միության” հերթական նիստը, որը ղեկավարում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նիստին ներկա են եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ:
“Դպրոց-կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միության նիստին մասնակցել են Հայաստանի 84 դպրոցների տնօրեններ:
Ներկաներին ողջունել է միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը և ներկայացրել է սեմինար-խորհրդակցության քննարկման հիմնական թեման: Պատգամավորի խոսքով` “Դպրոց – կենտրոնների միությանն” անդամակցում են իրենց փորձով հանրապետությունում լավագույնը ճանաչված տարբեր դպրոցների տնօրեններ: Ռուզաննա Մուրադյանը տեղեկացրել է, որ միությունը ձևավորվել է 2004թ.-ին և այն շարժուն, գործող, անընդհատ զարգացող համակարգ ունեցող միություն է:
Միության նախագահի խոսքով` իրենք պետք է ոչ միայն թելադրող լինեն համակարգում, այլև իրենց փորձով մասնակցեն միության բոլոր խնդիրների լուծմանը:
ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանն իր խոսքում կարևորել է կրթական խնդիրների քննարկումն ու վերհանումը միությունում: Ըստ պատգամավորի` պետական մարմինների կապը դպրոցների հետ պետք է ամուր լինի, որպեսզի համատեղ ջանքերով գտնվեն խնդիրների լուծման լավագույն մեխանիզմները:
Պարոն Դավթյանն ընթերցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է.
“Դպրոց -կենտրոնների միության հարգելի անդամներ, ողջունում եմ “Դպրոց -կենտրոնների միություն” կազմակերպության համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ ստեղծագործական և բեղմնավոր աշխատանք: Հզոր պետություն ունենալու համար անհրաժեշտ է կիրթ հասարակություն: Եվ այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են գրագետ հասարակության ձևավորմանը, և նպաստում են պետության կայացմանը, իմ ուշադրության և հոգածության կենտրոնում են: Համոզված եմ, որ նմանատիպ գործուն կառույցի գործունեությունը, ինչպիսին է միությունը, նպաստում է Հայաստանում կրթական ոլորտում զարգացման միտումներին և արդի չափանիշներին համապատասխան, կրթական ծրագրերի և միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:
Կարևորում եմ “Դպրոց-կենտրոնների միության” գործունեությունը, որը գործուն հարթակ է մանկավարժների շարունակական մասնագիտական զարգացման, դպրոցներում նորարարությունների, փորձի փոխանակման և առաջարկվող փորձի տարածման համար:
ՀՀ բոլոր մարզերի դպրոցների միջև ակտիվ համագործակցությունն ապահովող այս կառույցին մաղթում եմ գործունեության շարունակականություն և զարգացում”,- իր ուղերձում նշել է Գալուստ Սահակյանը:
Ներկաներին ողջունել է նաև Չինաստանի Դալյան քաղաքի օտար լեզուների համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկան պրն. Փընգ ՎՆՃԱՕ-ն:
Նա ներկայացրել է Չինաստանի համալսարանի համագործակցությունը տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ և ընդգծել է, որ պետք է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի դպրոցների հետ:
Այնուհետև Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի և “Դպրոց- կենտրոնների միություն” ԻԱՄ-ի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Մասնակիցները այնուհետև քննարկել են “Կրեդիտային համակարգի ներդրումը ավագ դպրոցներում և ներդպրոցական վերահսկողության ձևերը, տեսակներն ու մեթոդները” թեմաները:
Քննարկման ավարտին “Դպրոց –կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին քննարկման համար, նշելով, որ այն լինելու է շարունակական:

No comments:

Post a Comment