«Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ կողմից սեպտեմբերի 27-ին Ծաղկաձորում կազմակերպված սեմինար-խորհրդակցության ժամանակ քննարկվել է «Կրեդիտային համակարգի ներդրումը ավագ դպրոցում» թեման։ գաղափարն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, իսկ վերոնշյալ միույթւոնն էլ որոշել է մշակել ծրագրի հայեցակարգը։
Նշենք, որ եռօրյա սեմինարին մասնակցում էին հանրապետությունում գործող թվով 84 դպրոց-կենտրոնների ղեկավարներ։
«Դպրոց-կենտրոնների միության» ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, պատասխանելով Hraparak.am-ի հարցերին, ասաց, որ սեմինարի մասնակիցներին ներկայացվել է հայեցակարգի երեք մոդել, որոնք մինչ այդ քննարկվել են հանրապետության տարբեր մարզերում: Մոդելների քննարկումները դեռեւս կշարունակվեն դպրոցներում` մանկավարժական կոլեկտիվներում, ապա կներկայացվեն առաջարկները, որպեսզի մոդելն ամբողջական տեսքով ներկայացվի ՀՀ ԿԳՆ-ին:
Մեր դիտարկմանը, թե ինչու՞ են որոշել դպրոցներում ևս կրեդիտային համակարգ ներդնել, երբ այդ համակարգի կիրառումը բուհերում ժամանակին բավականին խիստ քննադատության ենթարկվեց, Ռ․ Մուրադյանն ասաց, որ թեպետ հնչած քննադատություններին՝ համակարգն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը:
Ըստ պատգամավորի՝ կրեդիտային համակարգի դրականն այն է, որ երեխան հստակ մոտիվացիա է ունենում ավագ դպրոց գնալու։
«Նախ բացակայությունների համար կրեդիտ է հանվելու, բացի այդ ծրագիրը մեր առաջարկով այնպես է դրված, որ երեխան ինքը ձգտի որեւէ թեմա բաց չթողնել: Օրինակ, ասենք, եթե առաջին կիսամյակի ֆիզիկա առարկայից պետք է դրվի 30 կրեդիտ, դրանում ներառվեն բոլոր այն թեմաները, որոնք եթե երեխան չանցնի, այդքան կրեդիտ պակաս է մնալու` անկախ նրանից, թե ինչպես է գնահատվել նա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ սա հնարավորություն է տալիս, որպեսզի հիվանդության կամ այլ հարգելի պատճառով դասերը բաց թողած աշակերտը լրացնի իր գիտելիքները, այլապես հստակ պետք է իմանա, որ կրեդիտներ է կորցնում:
Նա նաև նշեց, որ սեմինարի քննարկման հիմնական թեման եղել է այն, թե ինչ մեխանիզմներով պետք է լրացվի բաց թողնվածը, ովքեր եւ որտեղ պետք է լրացուցիչ աշխատեն աշակերտների հետ:
Իսկ թե որոնք են համակարգի բացասական կողմերը, ԱԺ մանկավարժ պատգամավորն ասաց, որ այս համակարգի միջոցով աշակերտի մոտ առաջանում է ավելի շատ մեխանիկական աշխատանքի միտվածություն, ինչը լավ չէ։
«Եթե մենք դրա հետ միասին մտածողության զարգացման ու մոտիվացիայի նկատմամբ հետաքրքրություն չստեղծենք, ապա աշակերն ուղղակի աչոկներ հավաքելու համար, մեխանիկորեն կանի այս կամ այն գործողությունը եւ մեխանիկական մոտեցումը առաջնահերթ կդառնա»,-նկատեց «Դպրոց-կենտրոնների միության» ղեկավարը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=63646&l=am/
No comments:
Post a Comment