Monday, December 23, 2013

Հայ խորհրդարանականների հանդիպումները , Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի խորհրդարանականների հետ














Տեսադարան























32











«Այսօր հնարավորություն ունեմ ինքս նախաձեռնելու օրենքների փոփոխություններ»․


2013-06-19 / 23 36 
Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը փոքր տարիքից սիրել է ուսուցչի աշխատանքը: Մտերիմները հաճախ են ասել, որ դիմացիններին սովորեցնելու և կազմակերպչական ջիղ ունի: Մասնագիտությամբ տնտեսագետ հայրիկից ժառանգած վերլուծական մտածողությունը ստիպեց որպես մասնագիտություն ընտրել ֆիզիկան: 
 Իրավաբան.net-ը սկսում է հարցազրույցների նոր շարք «Կանայք` օրենսդիրում»: 

Այս շարքի շրջանակներում պարբերաբար կներկայացնենք կին պատգամավորների գործունեությունը, ինչպես նաև կփորձենք որոշակի չափով բացահայտել նրանց մարդկային կերպարը: «Կանայք` օրենսդիրում» նախագծի առաջին զրուցակիցն Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանն է:   

Փաստերի լեզվով  

  •  1985թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու:  
  •  1985-1996թթ. Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի: 
  • 1996-1999թթ.` ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն:  
  •  2002թ. «Կրթություն առանց սահմանի» հկ հիմնադիր նախագահն է: 
  • 2006թ.` ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ: 
  • 2010թ.` «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ:   
  • 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 
  •   2006թ. Անկախության տոնի 15-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, հաղթող է ճանաչվել ՀՀ դպրոցների «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում, պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 
  • 2008թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով: 
  • 2011թ` «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով:   

Գիտամանկավարժական մի շարք հոդվածների եւ մեթոդական ձեռնարկների հեղինակ է:   
Ամուսնացած է, ունի 2 դուստր:   
Ըստ parliamentmonitoring.am-ի տվյալների` Ռուզաննա Մուրադյանն ամենաակտիվ պատգամավորների տասնյակում է: 
  2012 թվականի մարտի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն` Ռուզաննա Մուրադյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան` 61.5 քմ մակերեսով, իսկ տարեկան դրամական եկամուտ է նշել 307 հազ. 643 դրամ (աշխատավարձ):   Ըստ հայտարարագրի` շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, դրամական միջոցներ, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, չունի:     -

Նիստերի օրերին աշխատում եմ առավոտ շուտ որոշակի կենցաղային հարցեր հոգալ, որպեսզի հանգիստ կարողանամ ամբողջ օրս տրամադրել օրենսդիր աշխատանքին: Եթե ժամանակ եմ ունենում, սիրում եմ համեղ բան պատրաստել: Պատգամավորական մյուս գործառույթներն իրականացնելու համար մյուս օրերին ունեմ հստակ պլանավորած ժամանակացույց. հանդիպումներ ընտրողների հետ, օրենսդրական նախաձեռնությունների համար աշխատանքային խմբի հետ քննարկումներ, տարբեր հասարակական ծրագրերի իրականացում:   
 -Կրթական միջավայրից Ազգային ժողով գալով` կարծում եմ, որ Ձեր օրենսդրական նախաձեռնությունները պետք է միտված լինել այդ ոլորտը բարելավվելուն: Կմանրամասնե՞ք Ձեր օրենսդրական գործունեության մասին:   
-Կրթական ոլորտի օրենքների բարեփոխման համար մի քանի անգամ հանդես եմ եկել հարակից զեկույցներով: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում հանդես եմ եկել տասնյակ առաջարկներով, որոնք արդեն տեղ են գտել օրենքի փոփոխության նախագծի մեջ:   «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ եմ: Առաջին ընթերցմամբ ընդունված «Հավատարմագրման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկել եմ կատարել փոփոխություններ ՊՈԱԿ-ի խորհրդի գործառույթների, ինչպես նաև տնօրենի լիազորության հետ կապված, «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում մի խումբ պատգամավորների հետ հանդես եմ եկել գրավոր առաջարկներով և այլն: Ես բլոգ ունեմ` http://muradyanruzanna.blogspot.com/, որտեղ մարդիկ կարող են ծանոթանալ ու հետևել իմ պատգամավորական գործունեությանն առավել մանրամասն: Մի քանի անգամ ընդգրկվել եմ նաև ՀՀ ԱԺ հայկական պատվիրակության կազմում:   Քանի որ ես ղեկավարում եմ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և տարբեր հանդիպումներ եմ ունենում Հայաստանի տարբեր մարզերի մանկավարժների հետ, փորձում եմ նրանց աշխատանքի ընթացքում առկա խնդիրները բերել օրենսդրական դաշտ և համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալ: Այս պահին օրինակ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվում է դպրոցի զարգացման ծրագրի փաթեթի մշակումը, որը շուտով կդրվի տնօրենների սեղանին: Այն նրանց համար շատ լավ մեթոդական օգնություն կլինի առաջիկա ուսումնական տարվանից վերանայելու իրենց դպրոցի զարգացման ծրագրերը:  
 -«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը աշխատում է «Ուսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի մշակման ուղղությամբ: Այն որքանո՞վ է կարևոր այսօրվա դպրոցին:   
 -Ուսուցչի էթիկայի նորմերի սահմանումը բոլորովին նոր մոտեցում է, որը մինչև այդ չի եղել Հայաստանում: Թվում է, թե դրանք նորմեր են, թե ուսուցիչը ինչպես պետք է հագնվի, ինչպիսի տեսքով ներկայանա աշակերտներին, սակայն այդպես չէ: Դա ավելի խորքային փաստաթուղթ է: Էթիկայի նորմներն ավելի շատ ուղղված են ուսուցիչ- աշակերտ, ուսուցիչ -ծնող, ուսուցիչ- ուսուցիչ, ուսուցիչ- համայնք փոխհարաբերությունների կարգավորմանը: Այսինքն` ուսուցիչն իր խոսքով, վարքով պետք է դառնա օրինակ, քանի որ օրինակի միջոցով դաստիարակությունն ամենահզոր դաստիարակության ձևն է: Այս փաստաթուղթը պետք է կարողանա դպրոցում առկա բացասական երևույթների դեմ պայքարել, և դրանով ուսուցիչը պետք է նաև պաշտպանված լինի, քանի նպատակ չունի արժեզրկելու ուսուցչի դերը, այլ` հակառակը:   Վերջերս Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ես բերեցի Ֆինլանդիայի օրինակը, որտեղ հանրակրթության որակն աշխարհում ամենաբարձրն է, և հետազոտությունները ցույց են տվել, որ առաջնայի պատճառը ոչ թե ուսուցիչների բարձր աշխատավարձերն են, այլ այն, որ ուսուցիչն այդ երկրում գնահատված է: Ուսուցիչը պետք է լինի այն արժեքների կրողը, որը պատրաստվում է իր գիտելիքները փոխանցել կրտսեր սերնդին և կարողանա դաստիարակել Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի: Հասարակության վերաբերմունք էլ այդպիսին պետք է լինի ուսուցչի նկատմամբ:    
 -Որքանով տեղյակ եմ Ձեր թոռնիկներից մեկն արդեն դպրոց է հաճախում: Գո՞հ եք նրա ստացած կրթության որակից:  
 -Այո, մեծ թոռնիկս` Նարեկը, սովորում է երրորդ դասարանում: Ես կարծում եմ, որ տարրական դասարաններում թե՛ ուսուցիչների, թե՛ երեխաների, թե՛ ծնողների մոտ կրթության նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է: Այսինքն` բոլորը ձգտում են մի կարևոր կետի` լավ սովորեցնելուն ու սովորելուն, իսկ միջին դասարաններում արդեն մի քիչ փոխվում է ձգտումների ուղղությունն ու չափը և դրանից հետո ինչ -որ բան, կարծես թե, աղճատվում է: Բայց տվյալ պարագայում ես գոհ եմ թոռնիկիս ստացած կրթության որակից` չնայած տարրական օղակում մենք շատ ու շատ բաներ դեռ ունենք անելու, հատկապես երեխային սովորել սովորեցնելո՛ւ հարցում:   Նախ պետք սահմանվի, թե ի՞նչ է կրթության որակը, որ հնարավություն ունենանք համեմատել և հասկանալ մեր ունեցածից մենք գո՞հ ենք, թե` ոչ: Տարրական դասարաններից սկսած մենք պետք է կարողանանք զարգացնել երեխայի մտածողությունը: Նա պետք է կարողանա իր ձեռք բերած գիտելիքների պաշարը ճիշտ օգտագործել: Ամբողջ աշխարհում շատ է կարևորվում նաև այն ծրագրերը, որոնք հիմնվում են երեխայի անհատական զարգացման վրա:  
 -Ամբողջ աշխարհում ներառական կրթությունը ևս անցել է ինտեգրման, ներառման փուլ, բայց մեր երկրում դեռ նոր է թափ հավաքում: Որքանո՞վ եք կարևորում ներառական կրթությունը:  
 -Յուրաքանչյուր մարդ հասարակության անդամ է, դպրոցն ինքն էլ հասարակական ինստիտուտ է: Եթե մենք մարդուն ասում ենք դու տանը մեծացիր կամ գնա՛ հատուկ դպրոց, որտեղ դու նորից պետք է տեսնես քեզ պես կարիքով մարդու, դա չեղավ, որ մենք հավասար հասարակություն ենք ստեղծում: Նրանք հասարակության անդամ են, մենք նրանց չենք էլ ներառում, այլ պարզապես մեր մոտեցումն ենք փոխում, որպեսզի կարողանանք համապատասխան պայմաններ ստեղծել բոլորի համար:   «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններով, որը մի քանի ամիս առաջ առաջին ընթերցմամբ անցավ Ազգային ժողովում, շեշտը դրվելու է համընդհանուր ներառման վրա, որտեղ ներառական կրթություն պետք է իրականացվի հարապետության բոլոր դպրոցներում: Սա շատ լավ ծրագիր է և հուսանք, որ արագ կյանքի կկոչվի:   
 -Ի վերջո, ինչո՞ւ դառնալ պատգամավոր:  
  -Դպրոցի տնօրենների թեկնածուներին քննություններին նախապատրաստելու ժամանակ, երբ սովորեցնում էինք ի՞նչ մեխանիզմով սովորել օրենքները, հասկացա, որ շատ օրենքներում ես այս կամ այն փոփոխությունները կանեի…Այդ քննություններն ինձ օգնեցին ավելի արագ ու ճիշտ ընկալել օրենքի իմաստը կամ առաջարկվող նախագիծը:   Երբ կուսակցության կողմից ինձ ներկայացրին համամասնական ցուցակով, հասկացա, որ եթե նախկինում որպես մանկավարժ երբեմն կարող էի բողոքել օրենքներից, ապա այսօր հնարավություն ունեմ ինքս նախաձեռնելու օրենքների փոփոխություններ:  
 -Երբ աշխատանքային օրվա ավարտից հետո տուն եք վերադառնում, ի՞նչն է Ձեզ ուրախացնում կամ լիցաքաթափում:  
 -Թոռնիկներս, եթե կարողանում ենք բոլորս միասին հավաքվել: Երկու դուստր ունեմ և երեք թոռնիկ` Նարեկը, Դավիթը և Աշոտը: Երբ բոլորը հավաքվում են, ինձ համար տոն է, իհարկե, ոչ ամեն օր ենք կարողանում այդպես բոլորով հավաքել: Սովորություն ունեմ երեկոյան ամուսնուս հետ անցնող օրս քննարկելու, ինչպես նաև մինչև քնելը անպայման մի քիչ կարդալու: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/36255.html#ad-image-12 
© iravaban.net կայք

Tuesday, December 3, 2013

Ռ.Մուրադյանի դեկտեմբերի 3-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին


ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի 03.12.2013 ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին

03.12.2013թ.

Այսօր ուզում եմ բոլորիս ուշադությունը մեկ անգամ ևս հրավիրել ծխելու դեմ պայքարին՝  հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում: Իհարկե գաղտնիք չէ, ոչ ծխախոտի օգտագործումը Հայաստանի հանրային առողջապահության հիմնական խնդիրներից է և վերջին տասնամյակում ծխելու դեմ պայքարը դարձել է երկրի կառավարության առաջնահերթություններից մեկը: Չնայած որ 2004 թ. ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան, ստեղծվել են  օրենքներ, իրավական ակտեր, որոնք սահմանափակում են ծխախոտի իրացումն ու օգտագործումը, սահմանափակումը և գովազդը, սակայն դրանք միշտ չեն գործում և իրավիճակը չի բարելավվում:
Թվում է, թե այսօր ամեն ինչ ունենք, որով պետք է կարգավորվի խնդիրը, սակայն ակնհայտ է, որ միայն օրենսդրական կարգավորումներով և որոշ սահմանափակումներով խնդիրը լուծել հնարավոր չէ։ Օրենքի կրողները մեզանից յուրաքանչյուրն է: Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել մարդկանց գիտակցական մակարդակում և վարքագծում՝ ուղղված ծխախոտի դեմ պայքարին: Ցանկացած լուծում պետք է ունենա նաև հասարակական ըմբռնում և աջակցություն:
Ողջունում եմ մի շարք հասարակական կազմակերպությունների այն նախաձեռնությունը, որոնք ներկայումս հանրակրթական դպրոցներում իրականացնում են ծխելու դեմ պայքարի հակաքարոզչական միջոցառումներ և ակցիաներ, քանի որ ինչպես ցույց է տալիս բազմաթիվ երկրների փորձը, ծխելու դեմ  կանխարգելիչ միջոցառումների վաղ նախաձեռնումն ու կանխարգելումը շատ ավելի արդյունավետ և նպատակային է, քան  օգտագործումից հետո՝ այն թողնելուն ուղղված ջանքերը: Որպես կանոն, կանխարգելիչ միջոցառումերը հատկապես կարևոր է իրականացնել երեխաների դեռ վաղ տարիքից, երբ դեռևս չի ձևավորվել երեխայի արժեքային համակարգը, և դեռ չկա արտահայտված նիկոտինային կախվածություն՝ հաշվի առնելով նաև, որ առողջության արժևորումը, վատ սովորությունների հանդեպ անկոտրում կամքի և բացասական վերաբերմունքի ձևավորումը ինքնաբուխ չեն առաջանում երեխաների մոտ, այլ դրանք պետք է դաստիարակվեն մանկության տարիքից: Այստեղ շատ մեծ է և ընտանիքի, և միջավայրի, և դպրոցի դերը, որտեղ էլ տարիներ շարունակ վերաբերմունք է ձևավորվում կյանքի տարբեր արժեքների նկատմամբ:
Այնուամենայնիվ, այսօր դպրոցներում գոյություն չունի ծխելու դեմ պայքարի կամ կանխարգելման միջոցառումների համակարգված ծրագիր, և ներկայումս ականատես լինելով ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացվող հակածխախոտային միջոցառումների, ողջունելի է, որ ՀՀ նախագահի կողմից տրված դրամաշնորհի շրջանակներում դպրոցներում ստեղծվել են նախաձեռնող խմբեր, որոնց աջակցությամբ դպրոցահասակ երեխաները մասնակցում են ծխելու դեմ ուղղված գովազդների մրցույթին և հատկապես նշանակալից է, որ իրենք են ստեղծում հակածխախոտային պաստառներ, բացահայտում ծխախոտի վնասակար ազդեցությունը առողջության վրա, որոնք կնպաստեն դեռահասների մոտ առողջության արժևորմանն ու երիտասարդ սերնդի առողջ ապրելակերպի ձևավորմանը:Կարծում եմ, այսօր գործուն ծրագրերի ժամանակն է, և դրանք մասնավորապես հանրակրթական դպրոցներում պետք է շարունակական լինեն՝ընգրկելով և աշակերտներին, և նրանց ծնողներին, և դպրոցի մանկավարժներին:  Անշուշտ, չափազանց կարևոր և առավել արդյունավետ կլինի մշակել ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ ամբողջական ուսումնամեթոդական ուղեցույց, որը ներդնելով հանրակրթական դպրոցական ծրագրում, որպես  մեթոդական աջակցություն կծառայի մանկավարժներին և ծնողներին իրականացնելու ծխելու դեմ պայքարին ուղղված շարունակական միջոցառումներ: 


Friday, November 22, 2013

Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ

Նոյեմբերի 22-ին Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում, ՈւԱՀ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ:
ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:
Ողջունելով ԱԺ նախագահին` Խերման Կարդոսոն նշեց, որ Ուրուգվայը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նրա համոզմամբ միջխորհրդարանական համագործակցությունը մեծ դերակատարություն ունի միջպետական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում, եւ նման այցերը նպաստում են երկու երկրների բարեկամության ամրապնդմանը:
Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորեց երկկողմ համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով եւ երկու խորհրդարանների համագործակցությունը տարբեր ձեւաչափերով: Նա անհրաժեշտ համարեց երկու երկրների միջեւ ձեւավորված իրավական դաշտի արդիականացումը եւ ընդլայնումը, որը պարարտ հող կստեղծի տարբեր ոլորտներում, հատկապես առեւտրատնտեսական բնագավառում ակտիվ համագործակցության համար:
Զրուցակիցները կարեւոր համարեցին միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, բարեկամական խմբերի համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Կողմերը շեշտեցին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: «Այսօր Հարավային Կովկասում ստեղծված փխրուն անվտանգության պահպանման անհրաժեշտության պարագայում առավել գիտակցված պետք է լինի միջազգային հանրության կողմից տարածաշրջանի երկրների հանդեպ հավասարակշիռ եւ անկողմնակալ դիրքորոշման կենսական նշանակությունը: Իսկ Ուրուգվայի՝ որպես բարեկամ երկրի սկզբունքային եւ արդարացի մոտեցումը հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ կարող է էական դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզում»,- ասաց ԱԺ նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Հովիկ Աբրահամյանը Խերման Կարդոսոյին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: