Tuesday, March 24, 2015

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մարտի 24-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին


ԵՎՐԱՆԵՍԹԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Անցյալ շաբաթ Հայաստանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության խորհրդարանական «Եվրանեսթի» 4-րդ լիագումար նիստը: Այն շատ լավ էր կազմակերպված, բարձր մակարդակի ջերմ ընդունելություն. այսպես գնահատեցին մեզ մեր հյուրերը:
Այս փաստը մենք պատվով արձանագրեցինք:
Պատմական էր պահը մեզ համար, ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ Եվրանեսթի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունվեց: Մասնակիցների մեծամասնության կողմից քննադատվեցին ցեղասպանությունը, հայերի ցեղասպանությունը, ցեղասպանության ժխտողականությունը:
Այս փաստն էլ մենք փառքով արձանագրեցինք:
Շատ հարցեր ստացան իրենց պատասխանները` ԵՏՄ-ԵՄ-ը կողմնորոշման գործընթացում: Ինչպես նշեց ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը՝ մեր արտաքին քաղաքականության շնորհիվ իրականում մենք պատրաստ ենք ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև կամուրջի դեր ունենալ, որով էլ կբարձրանա տարածաշրջանում մեր դերը:
Այս փաստն էլ մենք հպարտությամբ արձանագրեցինք:
Հատկանշական է, որ Ադրբեջանը չմասնակցեց նիստին, ինչպես որ կարելի էր սպասել: Սա, թերևս, կրկին բացահայտում է նրանց իրական  դիմագիծն ու հակահայկական գործելակերպը, միաժամանակ նաև մեր եվրոպացի գործընկերների մոտ բացահայտում նրանց ոչ քաղաքակիրթ տեսակը: Չեկան, որովհետև չէին ուզում հայտնվել մարդու իրավունքներ, ժողովրդավարություն քարոզող այս կարևոր հարթակում՝ չկրելով այդ արժեքները:
Այդ փաստն էլ մենք օբյեկտիվորեն արձանագրեցինք:
Դա արձանագրեցին նաև Եվրոպացի մեր գործընկերները, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության ոտնահարումը, դա Ադրբեջանի ղեկավարության գործելակերպն է: Նրանք չեկան, վախեցան, որովհետև մեղավոր են, իսկ մենք գնացինք, չվախեցանք, որովհետև միշտ պատրաստ ենք տարբեր հարթակներում երկխոսության և համագործակցության՝ հանուն խնդիրների խաղաղ կարգավորման:
Փաստերն այլևս արձանագրված են, եկել է արդարություն պահանջելու և օբյեկտիվ գնահատական տալու ժամանակը:
Հետևությունները թողնում ենք մեր միջազգային գործընկերներին, նրանց ենք թողնում նաև Ադրբեջանի վարքագծի օբյեկտիվ գնահատականը:  Իհարկե, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մենք այս հարթակը չէինք վերածելու քարոզչության կամ ատելություն սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Բաքվում, երբ մեր պատվիրակությունն էր մասնակցում նիստին: Պարզ է, որ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափել, Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար:  Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն են հայտնել շփման գծի և Հայաստան – Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»:
Մեկ անգամ ևս ուզում ենք հիշեցնել, որ նրանց կոչը Ադրբեջանին՝ հավատարիմ մնալու հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին, դեռևս մնում է անպատասխան: Դա է վկայում այսօր սահմանում անընդհատ լարվող իրավիճակը:
Այս փաստն էլ պետք է արձանագրել ցավով, բայց և հուսալով, որ միջազգային հարթակներում տարբեր ձևաչափերով նմանատիպ քննարկումները թույլ կտան ճիշտ գնահատել մեր ժողովուրդների առջև կանգնած մարտահրավերներն ու սթափության կոչեր անել նրանց, ովքեր խանգարում են միասին գտնել դրանց հաղթահարման ուղիները:

Նյութի աղբյուրներ՝ 
http://www.slaq.am/arm/news/1012385/
http://armarlur.com/?p=66080
http://www.aravot.am/2015/03/24/554011/
http://www.iravunk.com/index.php…