Wednesday, December 3, 2014

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դեկտեմբերի 2-ի ելույթը ԱԺ-ում

      «Հայրենիք»«Հայրենասիրություն» բառերը որոշ մարդկանց կողմից, կորցնելով իրենց ճիշտ արժեքային իմաստը, անհարկի շահարկվում են՝ ծառայելով նրանց նեղ անձնային կամ խմբային շահերին: Եվ, ցավոք, նրանք դառնում են արհեստական հայրենասիրության քարոզիչներ: Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ ինչպես Րաֆֆին է ասել.     «Ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու»:                         Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Մեր բոլորի նպատակն է ունենալ ապահով, անվտանգ և զարգացող հայրենիք: Յուրաքանչյուր քաղաքացի սիրում է իր երկիրը և վստահաբար պատրաստ է աջակցել նրա շենացմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին: Ակնհայտ է, որ այսօր հնչող քննադատություններն իրականում պայմանավորված են ավելի լավ, ավելի շեն Հայաստան տեսնելու ցանկությամբ՝ հիմք ունենալով սերն առ Հայրենիք: Սակայն քննադատության հետ զուգահեռ առաջընթացը տեսնելու, գնահատելու կարողությունն անհրաժեշտ է բոլորիս:       Եվ, ի ուրախություն բոլորիս, պիտի ասենք, որ այսօր մեր քաղաքացիներից շատերը տեսնում և ճիշտ գնահատում են մեր երկրի կայուն և անվտանգ առաջընթացն անգամ առկա խնդիրների պարագայում, որի առհավատչյան այն էր, որ նախագահի պաշտոնանկությանն ուղղված մի փոքրիկ քայլն անգամ դատապարտվեց անհաջողության: Պետության հիմքերը սասանել նշանակում է կտրվել իրականությունից և չտեսնել այն աշխատանքն ու քայլերը, որոնք իրականացնում է մեր երկրի նախագահը՝ հավատարիմ մնալով իր նախընտրական ծրագրին:    Չենք կարող չտեսնել այն, որ արդեն ունենք`
  • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բավական հասուն ինստիտուտներ,
  • վերելք ապրող քաղաքացիական հասարակություն և մամուլ, որն իր ազատության աստիճանով առաջ է շատ ու շատ երկրներից,
  • մարտունակ, մշտապես կատարելագործվող, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով զինված բանակ,
  • տարբեր ոլորտներում բազում ձեռքբերումներ:
 Չենք կարող չտեսնել այն, որ արդյունավետ իրականացվում է`
  • հասարակության լայն խմբերի խնդիրների լուծմանն ուղղված առավել հասցեական սոցիալական քաղաքականություն,
  • գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականություն,
  • կրթության, գիտության և մշակույթի ոլորտների զարգացմանն ուղղված քաղաքականություն,
  • նախաձեռնողական արտաքին քաղաքականություն,
  • զարգացնող տնտեսական քաղաքականություն և այլն:
    Այսօր քննարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցը, որը միտված է սահմանների փոխարեն կամուրջներ կառուցելուն՝ ի նպաստ ակտիվ  և շահավետ տնտեսական համագործակցության,  Հայաստանում արտադրության ընդլայնմանն ու արդիականացմանը:Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստն ավելացնելու է    Հայաստանի անվտանգության երաշխիքները և բխում է Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից:  Եվ այսպիսով, հարկ է հիշել, որ մեր երկրի ղեկավարության վարած քաղաքականությունը մշտապես հենված է արդարամտության և զգոնության, հայոց պետության ինքնիշխանության և ազգային անվտանգության պահպանման հիմքի վրա: