Thursday, June 26, 2014

12-ամյա պարտադիր կրթությունը նաեւ սոցիալակա՞ն խնդիր է լուծում

«Նոր համակարգին անցումը հնարավորություն կտա նաև սոցիալապես անապահով խավի երեխաներին անվճար մասնագիտական կրթություն ստանալ, որը այսօր կրթության զարգացման գերակա ուղղություններից է»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկինում դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանն՝ անդրադառնալով «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, արտահերթ կարգով խորհրդարանի քննարկմանը ներկայացրած կառավարության նախաձեռնությանը: Նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ: Հիշեցնենք, պետության կողմից երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում երաշխավորված անվճար տասներկուամյա կրթության, ներառյալ՝ մասնագիտական կրթությանը, ներառված էր նաեւ նախագահի նախընտրական ծրագրում: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ դա միտված է լուծելու մի քանի խնդիր, բայց նախեւառաջ բարձրացնելու է հասարակության կրթվածության մակարդակը, որն էլ իր հերթին, պատգամավորի համոզմամբ, ուղղակիորեն նպաստում է սոցիալական վիճակի բարելավմանը: «Գաղտնիք չէ, որ 9-րդ դասարանի աշակերտը դեռևս այդքան հասուն տարիքում չէ, որ գիտակցի իր կրթության շարունակականության կարևորությունը, և հիմնականում, որպես կանոն, հասուն տարիքում է, որ նա վերաարժևորում է իր կրթության նկատմամբ իր վերաբերմունքն ու սկսում մեղադրել ծնողներին: Երեխայի սովորելը ոչ միայն երեխայի իրավունքն է, այլև ծնողի պարտավորությունն է: Պատանեկության շեմը գիտակից հաղթահարելու համար այս նախագծով պետությունն էլ է իր վրա պարտավորություն վերցնում՝ որպես յուրաքանչյուր դեռահասի կրթության ապահովման երաշխիք՝ հնարավորություն ընձեռելով ստանալ նաև նախնական մասնագիտական կրթություն: Այսօր գաղտնիք չէ, որ բանվորների, վարորդների, փականագործների, խառատների, մեխանիկների, որակյալ արհեստագործների մեծ պահանջարկ կա, և 12 ամյա պարտադիր կրթության անցումը կարող է լուծել նաև այս խնդիրը՝ առավելապես շեշտը դնելով մասնագիտական կրթության ձեռքբերման վրա: Թեպետ մեզ համար էլ է մտահոգիչ, թե ինչպես կարելի է 18 ամյա երեխային բերել դպրոց, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է ստեղծել մոտիվացիա և մշակել հստակ ծրագրեր: Ինչպես նախկինում էր, որ պարտադիր ուսումնառությունից դուրս մնացած յուրաքանչյուր երեխա հայտնվում էր ուշադրության կենտրոնում, այնպես էլ այս ծրագիրը հնարավորություն կտա լրացնելու այդ բացը, և յուրաքանչյուր սովորող կստանա համապատասխան կրթություն նախնական ուսումնական հաստատություններում կամ միջնակարգ և ավագ դպրոցներում»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը: Նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություններ հայտնեցին մարզերում սովորող աշակերտների հետ կապված: Ինչո՞վ է նրանց շրջանցում այս նախագիծը: Քննադատության ենթարկվեց կրկնուսույցների ինստիտուտը, ինչպես նաեւ, տեսակետ հնչեց, որ ընդունելության քննություններում ավարտական ատեստատը հաշվի առնելով կարող է վերականգնել այդ փաստաթղթի ձեւական լինելը եւ լրացուցիչ կոռուպցիայի առիթ տալ՝ Aravot.am-ի հարցերին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ավագ դպրոցների ստեղծումը միտված էր հենց կրկնուսույցների ինստիտուտի վերացմանը, և կրկնուսույցների դեմ պայքարի լավագույն ճանապարհը ավագ դպրոցների կայացումն ու զարգացումն է: «Ավագ դպրոցի նպատակն է, որպեսզի 3 տարիների ընթացքում համապատասխան հոսքում սովորողին մատուցի մասնագիտական կրթության համար այն ակադեմիական գիտելիքների հիմունքները, որը նրան անհրաժեշտ է ինչպես բուհ ընդունվելու, այնպես էլ հետագա մասնագիտական գիտելիքները խորացնելու համար:Բացի այդ, ավագ դպրոցում ձևավորված կրթական միջավայրը նպաստում է ոչ միայն գիտելիքների ձեռքբերմանը, այլև սովորողի մոտ սոցիալական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչը բնականաբար, չի կարող ապահովել կրկնուսույցի ինստիտուտը: Յուրաքանչյուր խնդրի լուծման համար ՝ կապված և մարզերում սովորողների համար, և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հստակ մշակված ծրագիր:Կարծում եմ, որ ընդունելության քննություններում ավարտական ատեստատը հաշվի առնելը կնպաստի սովորողների առաջադիմության և դպրոցի հեղինակության բարձրացմանը»,- ասաց մեր զրուցակիցը: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ կառավարության կողմից ներկայացված ծրագիրը առաջարկում է կրթության մի շարք հիմնախնդիրների լուծումներ. «Ծրագրում կրթության որակի բարելավման նպատակով դրված է կրթակարգը և չափորոշիչները, ծրագրերը և դասագրքերը վերանայելու և բարելավելու հարցը:Հուսով ենք, որ դրանք կենթարկվեն բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների` հաշվի առնելով աշակերտների, ծնողների և մանկավարժների կողմից ներկայացված մի շարք պահանջներ»: Նրա համոզմամբ, կարիք կա բեռնաթափել չափորոշիչները, ծրագրերը, դասագրքերն ավելի մատչելի, հետաքրքիր, գրավիչ և ինտերակտիվ դարձնել` ապահովելով փոխգործուն համագործակցություն և երկխոսություն` խթանելով սովորողների սովորելու ցանկությունը, նպաստելով նրանց մտածողության զարգացմանը. «Ծրագրում ներառված մի շարք դրույթներ, որոնցից են ուսուցիչների, ուսումնական հաստատության վարչական անձնակազմի շարունակական վերապատրաստումների և նրանց մասնագիտական կատարելագործմանն ուղղված ծրագրերի իրականացումը` հենված մասնագիտական կարիքների վրա, կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Իսկ մշակութային հաստատությունների և դպրոցի միջև ուղիղ կապի ստեղծումն ու զարգացումը անմիջականորեն կնպաստի աշակերտների գեղագիտական դաստիարակությանը: Կառավարության այս նոր ծրագիրը ապահովում է ոլորտների առաջընթացը և իրատեսական է»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/26/464119/ 

Monday, June 16, 2014

Մամուլի ասուլիս Ազգային ժողովում


Հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի, հանձնաժողովի անդամներ Վարդան Այվազյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Տաճատ Վարդապետյանի եւ Հայկ Բաբուխանյանի մամուլի ասուլիսը, որը վերաբերում էր Նիժնի Նովգորոդում գումարված միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստի աշխատանքներին:
Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ օրակարգում ընդգրկված հիմնական հարցը վերաբերում էր ՀՀ-ում եւ ՌԴ-ում փոքր եւ միջին բիզնեսի առկա վիճակին ու զարգացման հեռանկարներին, ինչի մասին զեկուցումով հանդես են եկել Հայաստանի եւ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարների տեղակալները եւ ներկայացրել այդ ոլորտներում առկա խնդիրներն ու տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ՝ Եվրասիական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալու մասին Հայաստանի որոշումից հետո տնտեսական բաղադրիչը երկու երկրների հարաբերություններում ավելի ու ավելի է կարեւորվում: Այս ոլորտի օրենսդրության եւ ընդհանուր տնտեսական դաշտի բարելավման նպատակով որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը հաջորդ նիստին հանդես կգա առաջարկներով: Նիստի 2-րդ հարցը տեղեկատվական բնույթ է ունեցել եւ վերաբերել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կատարած աշխատանքների վերլուծությանը:
Հերմինե Նաղդալյանն ասաց, որ աշնանը Երեւանում տեղի ունենալիք հաջորդ նիստի օրակարգում կընդգրկվի Մաքսային միությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցը: Նա նկատեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում վերջին տարիներին ավելի ու ավելի է կարեւորվում սոցիալ-տնտեսական բաղադրիչը, եւ այդ ոլորտում համագործակցության անհրաժեշտության խնդիրը դառնում Է առանցքային:
Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ հայ պատգամավորները գոհունակությամբ արձանագրեցին, որ հանձնաժողովի աշխատանքները աստիճանաբար ավելի նպատակային են դառնում, իսկ նիստերում քննարկվող հարցերը պահանջում են առարկայական կոնկրետ լուծումներ:
ԱԺ պատգամավորները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: 

Thursday, June 5, 2014

ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի 24-րդ նստաշրջան

ՌԴ Դաշնային խորհրդի եւ ՀՀ ԱԺ համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նստաշրջան Նիժնի Նովգորոդում, Հունիսի 4-7






ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի 24-րդ նստաշրջան

ՌԴ Դաշնային խորհրդի եւ ՀՀ ԱԺ համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նստաշրջան Նիժնի Նովգորոդում, Հունիսի 4-7