Monday, October 21, 2013

հարց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին

21.10.2013թ.
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

-Պրն Ասատրյան, առաջին հարցս ուղղված է հոդված 6-րդ կետում ամրագրված «հարմար աշխատանք» հասկացությանը, նշված է, որ հարմար աշխատանքի համար բնութագրող պահանջները սահմանում է լիազոր մարմինը, մինչդեռ հոդված 11-ում, որը լիազոր մարմնի իրավասություններն է սահմանում, չկա կոնկրետ այդ դրույթը: Կուզեի, որ դրան ուշադրություն դարձնեիք: 
Հաջորդ հարցը` երբ մենք խոսում ենք հոդված 6-ում հանրմար աշխատանքի մասին, իսկ մյուս հոդվածում` 7-ում, խոսում ենք արժանապատիվ աշխատանքի միջազգային չափանիշների մասին: Արդյոք դրանց հարաբերակցության մեջ մենք ունե՞նք օրինակ, երբ միջազգայնորեն ընդունված արժանապատիվ աշխատանքի չափանիշների մեջ կարող է «հարմար աշխատանք» հասկացությունը չտեղավորվի:
Մյուս հարցը` հոդված 11-ի 8-րդ կետը ձեւակերպված է այսպես, լիազորված մարմնի իրավասություններում ասվում է, որ. «Լիազորված մարմինը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` լիազորված մարմի կողմից սահմանված կարգով»: Կարծում եմ, սա խմբագրման կարիք ունի, եւ ուղղակի էլ պետք չի նշել «լիազոր մարմնի սահմանված կարգով» եւ առաջարկում եմ, որ լինի լիազորված մարմնի տակ, 7-րդ կետում թվարկվի. «Սահմանում է տոնավաճառի կարգը եւ իրականացնում այն» կամ «կազմակերպում»: Իմ առաջարկները ես գրավոր էլ կներկայացնեմ, որ ավելի տեսանելի լինի:
Վերջին հարցը, եթե ժամանակ ունեմ, որտեղ խոսվում է. «Ամենամյա ծրագրերի մշակում» հոդվածը` հոդված 12: Հոդվածի վերնագրի մասին եմ ուզում խոսել: «Ամենամյա ծրագրերի մշակում» վերնագիրը եւ նրա տակ դասված կետերը, կարծես տրամաբանորեն իրար չեն համապատասխանում, որովհետեւ գործառույթները, որոնք նշված են դրանց տակ, ինձ թվում է, որ այստեղ մի բառ է պակասում, ամենամյա ծրագրերի մշակման կամ գործողություններ կամ ինչ-որ բան, որովհետեւ մշակումով, կարծես միտքը կիսատ է մնում եւ կոնկրետ թվարկած գործողությունները չեն գալիս դա լրացնելու:
Ի վերջո, վերջին հարցը, որ ավելի, կարծում եմ, այսպես որակական բնույթի է, քան` օրենսդրական: Դուք նշում եք հոդվածներից մեկում, որ պետք է աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի արդյունքները ներկայացնեք կրթության պետական լիազոր մարմնին, որպեսզի այնտեղ սահմանվեն միջին մասնագիտական, նախնական մասնագիտական հաստատություններում համապատասխան տեղեր: Արդյոք դա հիմա՞ պետք է արվի, թե՞ արդեն ունենք արված, համակարգված չի, հիմա օրենքով էլ ավելի արդյունավետ լուծում կտրվի դրան: Շնորհակալություն:

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ
-Շնորհակալություն: Տիկին Մուրադյան, առաջին հարցի հետ կապված` «հարմար աշխատանք» հասկացությունը: Քանի որ «հարմար աշխատանք» հասկացության հիմնական դրույթները այստեղ օրենքի նախագծով ամրագրված են, եւ միեւնույն ժամանակ դրան ներկայացվող պահանջների չափորոշիչների առումով անհրաժեշտություն կա, որ լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգ սահմանվի, մասնավորապես, հարմար աշխատանքի ներքո դիտարկվեն նաեւ այլ պահանջներ, ինչքան տրանսպորտի, ենթադրենք, ծախսի հետ կապված ճանապարհահատվածը ինչքան պետք է լինի, այսինքն` լրացուցիչ չափորոշիչներ կան, որոնք թույլ են տալու ամբողջությամբ բնութագրել «հարմար աշխատանք» հասկացությունը:
Այս առումով, կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել այն ձեր առաջարկը, որ 11-րդ հոդվածում այդ համապատասխան մասը լրացված չի, լրացուցիչ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կնայենք:
Մյուս խնդիրը, կապված «հարմար աշխատանք», «արժանապատիվ աշխատանք» հասկացությունների հարաբերակցության հետ, քանի որ դա` արժանապատիվ աշխատանքը օրենքով սահմանված, այս մեր ամբողջ զբաղվածության քաղաքականության նպատակն է, հարմար աշխատանքը, որպես ավելի կոնկրետ գործիք, մեխանիզմ, որից հրաժարվելու դեպքում զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու հայտ ներկայացված անձինք զբաղվածության ծրագրերից կարող են դուրս մնալ: Այսինքն` եթե անձը դիմում է աշխատանք փնտրող հաշվառվելով, գործազուրկի կարգավիճակ է ստանում եւ նրան առաջարկվում է հարմար աշխատանք, ապա այդ հարմար աշխատանքից հրաժարվելը նաեւ համապատասխան մեխանիզմներ է ենթադրում, աշխատանք փնտրող անձի նկատմամբ, որը ուղղակի հաշվառումից կարող է դուրս բերվել կամ նրան այլեւս այդպիսի առաջարկություն չի արվի, քանի որ դա, ըստ էության, հենց զբաղվածության ծառայությունում հաշվառվելու հիմնական նպատակը պետք է լինի` հարմար աշխատանքի առաջարկ ստանալը:
Զբաղվածության ծրագրերից նշեցիք տոնավաճառի հետ կապված, մենք լրացուցիչ դա կքննարկենք, ձեզ հետ միասին, ձեւակերպումների հետ կապված:
Նույնը վերաբերում էր նաեւ 12-րդ հոդվածի ձեւակերպումներին:
Ինչ վերաբերում է կրթության լիազոր մարմնի հետ կապված աշխատանքներին, համագործակցությանը, ներկայումս էլ այդ համագործակցությունը կա: Այս դեպքում, դա օրենքի մակարդակով սահմանվում է, որպես հիմք, այսինքն` աշխատաշուկայի վերլուծությունը, եւ առաջարկի ու պահանջարկի հաշվառումը ինքնանպատակ չի կարող լինել: Բնականաբար, այն պետք է ներկայացվի նաեւ կրթության լիազոր մարմնին` կրթության ոլորտի լիազոր մարմնին, որը, ըստ էության, կրթության պահանջն է դնում` պետական պատվերը, որը պետք է համապատասխանի աշխատաշուկայի իրավիճակին եւ պահանջարկին:
Բնական է, ես նշեցի, որ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, կապված նրա հետ, որ այդ վերլուծությունները պետք է կարողանան մեզ հնարավորություն տալ, ավելի երկար ժամանակահատվածի համար կանխատեսումներ անել, աշխատաշուկայի հետ կապված, իսկ դա բավականին դժվար գործ է, բայց պետք է ամեն դեպքում դա դրվի հիմքում: Առանց դա հիմքում ներդնելու, ուղղակի այդ իրավիճակի վերլուծությունը կլինի տվյալ իրավիճակին համապատասխան զուտ քայլեր կատարելուն միտված, որը, կարծում եմ, մեզ համար ընդունելի չի: Շնորհակալություն:

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Արձագանքման համար` Ռուզաննա Մուրադյան, համեցեք:

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն: Ես լրացնում եմ ձեր միտքը, եւ հարցը տվեցի զուտ նրա համար, որ մեկ անգամ եւս ընդգծվի, որ կրթության ոլորտի մեր առաջիկա բարեփոխումներում մենք նաեւ ամրագրել ենք 12-ամյա անվճար ուսուցման ծրագիրը, որի մեջ նաեւ մտնում են նախնական մասնագիտական, միջին մասնագիտական ուսումնարաններում, հաստատություններում սովորողներին անվճար տեղեր պետության կողմից սահմանելը: Դրա համար, կարծում եմ, որ դա հստակ հաշվարկելը շատ ճիշտ է, որպեսզի հստակ հաշվարկվի նաեւ, թե պետական բյուջեից ի՞նչ միջոցներ է տրամադրվում եւ որքա՞ն ռեսուրսներ մենք պետք է կարողանանք հետագայում իրացնել:
Ձեզ մոտ նշեք խնդրեմ, նաեւ հոդված 14-ում կա այսպիսի հասկացողություն. «հանրապետական եւ տարածքային համաձայնեցված կոմիտեներ»: Ի՞նչ բան են այդ համաձայնեցված կոմիտեները, քանի որ ես հասկացությունների հոդվածում, որը հոդված 4-րդն է, նայեցի, եւ դա չգտա: Միգուցե, դրա մասին պետք է այնտեղ լրացու՞մ արվի: Շնորհակալություն:

Ա.ԱՍԱՏՐՅԱՆ
-Շնորհակալություն: Ամբողջությամբ կիսում եմ ձեր կարծիքը, այսինքն` այդ համագործակցության դաշտը կրթության ոլորտի հետ, բնականաբար, պետք է ավելի ամրապնդվի, եւ այս մեխանիզմների ներդրմամբ, այո, մենք կարող ենք ունենալ ավելի արդյունավետ, հասցեական ծրագրեր եւ՛ սոցիալական պաշտպանության ոլորտում եւ՛ կրթության ոլորտում:
Ինչ վերաբերում է համաձայնեցման կոմիտեներին, դրանք ներկայումս գործող մարմիններ են, որտեղ եռակողմ, սոցիալական գործընկերության կողմերի մասնակցությունն է ապահովված` գործատուների շահերի ներկայացուցիչներ, աշխատողների, այսինքն` արհմիություններ, եւ պետական կառավարման լիազոր մարմնի, եւ այս համաձայնեցման կոմիտեները մարզերում, այն բոլոր խնդիրները եւ իրականացվող ծրագրերը, որոնք կան կամ կարող են լինել, կամ այլ խնդիր, որոնք կարող են ներկայացվել, նպատակահարմար է գտնվում ներկայացնել սոցիալական գործընկերներին, որպեսզի քննարկվի ավելի, այսպես, կառավարության մակարդակով, քանի որ մենք ունենք այդ եռակողմի հետ համագործակցության հուշագիրը ստորագրված` կառավարություն-գործատուների միություն-արհմիություններ, եւ այդ համաձայնեցման կոմիտեները տեղերում բավականին արդյունավետ աշխատում են, եւ այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են մարզերում, նաեւ այդ համաձայնեցման կոմիտեների կողմից քննարկվում, հավանության են արժանանում եւ ներկայացվում են հետագա հաստատման, որպեսզի այդ ծրագրերը ավելի առարկայական եւ հասցեական լինեն, եւ բոլոր կողմերը ընդգրկված լինեն այդ քննարկումներում` գործատուներ, վարձու աշխատողներ եւ պետական կառավարման լիազոր մարմին: Շնորհակալություն:
Նյութի աղբյուրը`

No comments:

Post a Comment