Thursday, June 26, 2014

12-ամյա պարտադիր կրթությունը նաեւ սոցիալակա՞ն խնդիր է լուծում

«Նոր համակարգին անցումը հնարավորություն կտա նաև սոցիալապես անապահով խավի երեխաներին անվճար մասնագիտական կրթություն ստանալ, որը այսօր կրթության զարգացման գերակա ուղղություններից է»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկինում դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանն՝ անդրադառնալով «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, արտահերթ կարգով խորհրդարանի քննարկմանը ներկայացրած կառավարության նախաձեռնությանը: Նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ: Հիշեցնենք, պետության կողմից երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում երաշխավորված անվճար տասներկուամյա կրթության, ներառյալ՝ մասնագիտական կրթությանը, ներառված էր նաեւ նախագահի նախընտրական ծրագրում: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ դա միտված է լուծելու մի քանի խնդիր, բայց նախեւառաջ բարձրացնելու է հասարակության կրթվածության մակարդակը, որն էլ իր հերթին, պատգամավորի համոզմամբ, ուղղակիորեն նպաստում է սոցիալական վիճակի բարելավմանը: «Գաղտնիք չէ, որ 9-րդ դասարանի աշակերտը դեռևս այդքան հասուն տարիքում չէ, որ գիտակցի իր կրթության շարունակականության կարևորությունը, և հիմնականում, որպես կանոն, հասուն տարիքում է, որ նա վերաարժևորում է իր կրթության նկատմամբ իր վերաբերմունքն ու սկսում մեղադրել ծնողներին: Երեխայի սովորելը ոչ միայն երեխայի իրավունքն է, այլև ծնողի պարտավորությունն է: Պատանեկության շեմը գիտակից հաղթահարելու համար այս նախագծով պետությունն էլ է իր վրա պարտավորություն վերցնում՝ որպես յուրաքանչյուր դեռահասի կրթության ապահովման երաշխիք՝ հնարավորություն ընձեռելով ստանալ նաև նախնական մասնագիտական կրթություն: Այսօր գաղտնիք չէ, որ բանվորների, վարորդների, փականագործների, խառատների, մեխանիկների, որակյալ արհեստագործների մեծ պահանջարկ կա, և 12 ամյա պարտադիր կրթության անցումը կարող է լուծել նաև այս խնդիրը՝ առավելապես շեշտը դնելով մասնագիտական կրթության ձեռքբերման վրա: Թեպետ մեզ համար էլ է մտահոգիչ, թե ինչպես կարելի է 18 ամյա երեխային բերել դպրոց, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է ստեղծել մոտիվացիա և մշակել հստակ ծրագրեր: Ինչպես նախկինում էր, որ պարտադիր ուսումնառությունից դուրս մնացած յուրաքանչյուր երեխա հայտնվում էր ուշադրության կենտրոնում, այնպես էլ այս ծրագիրը հնարավորություն կտա լրացնելու այդ բացը, և յուրաքանչյուր սովորող կստանա համապատասխան կրթություն նախնական ուսումնական հաստատություններում կամ միջնակարգ և ավագ դպրոցներում»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը: Նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություններ հայտնեցին մարզերում սովորող աշակերտների հետ կապված: Ինչո՞վ է նրանց շրջանցում այս նախագիծը: Քննադատության ենթարկվեց կրկնուսույցների ինստիտուտը, ինչպես նաեւ, տեսակետ հնչեց, որ ընդունելության քննություններում ավարտական ատեստատը հաշվի առնելով կարող է վերականգնել այդ փաստաթղթի ձեւական լինելը եւ լրացուցիչ կոռուպցիայի առիթ տալ՝ Aravot.am-ի հարցերին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ավագ դպրոցների ստեղծումը միտված էր հենց կրկնուսույցների ինստիտուտի վերացմանը, և կրկնուսույցների դեմ պայքարի լավագույն ճանապարհը ավագ դպրոցների կայացումն ու զարգացումն է: «Ավագ դպրոցի նպատակն է, որպեսզի 3 տարիների ընթացքում համապատասխան հոսքում սովորողին մատուցի մասնագիտական կրթության համար այն ակադեմիական գիտելիքների հիմունքները, որը նրան անհրաժեշտ է ինչպես բուհ ընդունվելու, այնպես էլ հետագա մասնագիտական գիտելիքները խորացնելու համար:Բացի այդ, ավագ դպրոցում ձևավորված կրթական միջավայրը նպաստում է ոչ միայն գիտելիքների ձեռքբերմանը, այլև սովորողի մոտ սոցիալական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչը բնականաբար, չի կարող ապահովել կրկնուսույցի ինստիտուտը: Յուրաքանչյուր խնդրի լուծման համար ՝ կապված և մարզերում սովորողների համար, և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հստակ մշակված ծրագիր:Կարծում եմ, որ ընդունելության քննություններում ավարտական ատեստատը հաշվի առնելը կնպաստի սովորողների առաջադիմության և դպրոցի հեղինակության բարձրացմանը»,- ասաց մեր զրուցակիցը: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ կառավարության կողմից ներկայացված ծրագիրը առաջարկում է կրթության մի շարք հիմնախնդիրների լուծումներ. «Ծրագրում կրթության որակի բարելավման նպատակով դրված է կրթակարգը և չափորոշիչները, ծրագրերը և դասագրքերը վերանայելու և բարելավելու հարցը:Հուսով ենք, որ դրանք կենթարկվեն բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների` հաշվի առնելով աշակերտների, ծնողների և մանկավարժների կողմից ներկայացված մի շարք պահանջներ»: Նրա համոզմամբ, կարիք կա բեռնաթափել չափորոշիչները, ծրագրերը, դասագրքերն ավելի մատչելի, հետաքրքիր, գրավիչ և ինտերակտիվ դարձնել` ապահովելով փոխգործուն համագործակցություն և երկխոսություն` խթանելով սովորողների սովորելու ցանկությունը, նպաստելով նրանց մտածողության զարգացմանը. «Ծրագրում ներառված մի շարք դրույթներ, որոնցից են ուսուցիչների, ուսումնական հաստատության վարչական անձնակազմի շարունակական վերապատրաստումների և նրանց մասնագիտական կատարելագործմանն ուղղված ծրագրերի իրականացումը` հենված մասնագիտական կարիքների վրա, կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Իսկ մշակութային հաստատությունների և դպրոցի միջև ուղիղ կապի ստեղծումն ու զարգացումը անմիջականորեն կնպաստի աշակերտների գեղագիտական դաստիարակությանը: Կառավարության այս նոր ծրագիրը ապահովում է ոլորտների առաջընթացը և իրատեսական է»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/26/464119/ 

No comments:

Post a Comment