Friday, August 22, 2014




2014թվականի օգոստոսի 22-25-ին ք.Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում իրականացվել է «Չափորոշչի պահանջների կատարման գնահատումը` հիմնվելով սովորողների գիտելիքների թվանշանային գնահատման արդյունքների վրա» թեմայով եռօրյա սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններ, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ:
Դասընթացի բացման արարողությանը հրավիրված էին բազմաթիվ հյուրեր՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր՝ Կարինե Աճեմյանը, Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Գայանե Անտոնյանը, ԿԾԳ ԾԻԳ-ի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի ցանցի անդամ հանդիսացող ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններ, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ և կրթության ոլորտի այլ պատասխանատուներ:
Բացման խոսքով հանդես եկավ նաև «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ, Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա իր խոսքում նշեց միութան դերն ու նշանակությունը ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում՝ առանձնացնելով մի շարք ծրագրեր՝ ուղղված մանկավարժների շարունակական մասնագիտական զարգացմանն ու վարկանիշի բարձրացմանը, դպրոցի զարգացմանը, դպրոցական նորարարությունների խթանմանն ու տարածմանը,ինչպես նաև անդրադարձավ միության կազմում ընդգրկված դպրոցների արդյունավետ համագործակցության ուղիներին, և ԴԿՄ զարգացման հեռանկարներին:
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշեց, որ շատ է կարևորում «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության դերը ՀՀ հանրակրթության ոլորտում և փաստեց.
-Այսօրվա կրթական համակարգում վեր են հանվում խիստ անհրաժեշտ խնդիրներ և նախաձեռնություններ , որոնք լուծվում են «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի սեփական ուժերով:
«Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի տնօրեն Լիլիթ Անտոնյանը, ներկայացնելով միության գործունեությունը, նշեց, որ շարունակաբար իրականացվում են ծրագրեր, դասընթացներ, մասնագիտական հանդիումներ, որոնց շարքում առանձնացրեց «Դպրոցի զարգացման հեռանկարային ծրագիր» և «Ուսուցչի էթիկայի նորմեր» ուղեցույցերի ստեղծումը: Միության տնօրենն իր խոսքում կարևորեց ԴԿՄ ԻԱՄ-ի կողմից ՀՀ հանրակրթական դպրոցներին փոքր դրամաշնորհների տրամադրումը, որը նպատակաուղղված է մանկավարժական նորարարությունների ներդրմանն ու տարածմանը, դպրոցների զարգացման ծրագրերի իրագործմանը, դպրոցների միջև համագործակցության ցանցի ընդլայնմանը:
Ելույթ ունեցավ նաև ԿԾԳ Ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը. ով իր խոսքում նշեց, որ ԴԿՄ ԻԱՄ-ը ակտիվ գործունեություն է ծավալում՝ իրականացնելով բազմաթիվ կրթական ծրագրեր հանրակրթության ոլորտում: Դասընթացին անդրադառնալով՝ նա փաստեց.
-«Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ը այսօր իրականացնում է օրիգինալ մի ծրագիր, որն ուղղված է հանրակրթական դպրոցների տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալների արդյունավետ գործունեությանը: Այս դասընթացը եզակի է ոչ միայն այն առումով, որ առաջին անգամ է կազմակերպվում, այլ բովանդակային տեսանկյունից ևս եզակի է և շատ նոր գիտելիքներ, հմտություններ է հաղոդում մասնակիցներին:
Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի ստեղծման և գործունեության մասին պատմող ֆիլմ:
Սեմինարի մասնակից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալները և մեթոդմիովորման նախագահները փաստեցին այս դասընթացի կարևորությունը և ցանկություն հայտնեցին , որ իրենց մասնագիտական զարգացմանն ուղղված նմանատիպ դասընթացները լինեն շարունակական: Նրանք նշեցին, որ դասընթացից ստացված գիտելիքները, կարողություններն ու հմտությունները կնպաստեն իրենց ամենօրյա գործունեության արդյունավետ կազմակերպմանը և ձեռք բերած փորձով կկիսվեն իրենց դպրոցի մյուս մանկավարժների հետ:

No comments:

Post a Comment