Wednesday, October 1, 2014

Ռ.Մուրադյանի ելույթը Հանրային հեռուստաընկերության վերաբերյալ


-ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, այս շահագրգիռ եւ մտահոգ քննարկումը քննարկումները գալիս են նրանից, որ բոլորս քաջ գիտակցում ենք, թե ինչ կարեւոր դեր եւ նշանակություն ունի հեռուստատեսությունը քաղաքացու դաստիարակության, նրա մոտ արժեհամակարգի ձեւավորման, պետականաշինության, ազգային մշակույթի ժառանգության պահպանման եւ ընդհանրապես`   ազգապահպանման գործում: Այս առումով է, որ ուզում եմ միանալ իմ շատ ու շատ գործընկերների հորդորներին եւ գնահատականներին, եւ փորձել ավելի իրատեսական կերպով գնահատական տալ կոնկրետ Հանրային հեռուստատեսություն եւ ռադիոյի վերջին մեկ տարվա կատարած աշխատանքներին: Ես հիշում եմ, որ անցած տարի այս ժամանակահատվածում նորից այս ամբիոնից մենք բարձրացրեցինք շատ ու շատ հարցեր, որոնց հիմնական պատասխանները եւ լուծումները արդեն ընթացքի մեջ են, որոշներն էլ արդեն լուծված են:
Ես, մասնավորապես ներկայացրեցի մուլտֆիլմերի հետ կապված այն հարցը, թե մեր երեխաները ինչպիսի՞ մուլտֆիլմեր են նայում, ինչով են դաստիարակվում, եւ այսօր մենք ունենք մուլտֆիլմերի ոչ միայն ճիշտ, հայեցի կրկնօրինակումը, այլ նաեւ երաժշտության ճիշտ պահպանումը եւ ներկայացումը:
Մենք անցած տարի հարց բարձրացրեցինք, թե ինչի՞ սոցիալական ուղղվածության` ոլորտին ուղղված ծրագրերը շատ քիչ են: Այսօր ունենք շատ ու շատ թոփ շոուներ, որոնք վերաբերում են հանրային խնդիրների վերհանմանը, քննարկմանը, եւ որին մասնակցում են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:
Այսօր մենք խոսում ենք Հանրային հեռուստատեսության գրաֆիկայի մասին, պարզապես չենք նկատել կամ չենք ուզում տեսնել, որ բավականին լուրջ փոփոխություն կա եւ բավականին գովելի է այն փաստը, որ մենք տեսնում ենք քաղաքների, եկեղեցիների, խաչքարերի նախշազարդերի եւ այլնի պատկերը ամբողջ Հանրային հեռուստատեսության ընթացքում, հաղորդումներից առաջ եւ հետո: Բայց, այստեղ մենք դեռեւս ունենք խնդիրներ, եւ ես իմ մի շարք առաջարկները փորձում եմ ներկայացնել ձեւակերպած խնդիրների տեսքով:
Համաձայն եմ բոլոր իմ ընկերների այն գնահատականներին, որոնք հնչեցին կրթական հաղորդումների ծավալի մեծացման, լավ հաղորդումներ, նոր հաղորդումների հեռարձակման: Առավելապես գովելի է այն փաստը, որ մեր ուշադրության կենտրոնում է Հանրային հեռուստատեսության «Մայրիկների դպրոցը», «Մայրիկների ակումբը», որտեղ փոքր հասակից կինը, աղջիկը մայր է դառնում, նա հաստատ որեւէ կրթական հաստատություն չի ավարտում եւ բազում խորհուրդների եւ դասընթացների կարիք ունի, եւ ակումբի միջոցով կոնկրետ խնդիրներ եւ հարցեր են լուծվում:
Ես պետք է ներկայացնեմ ընդհանրապես հեռուստաընկերությունների դերը քաղաքացու ձեւավորման եւ դաստիարակության գործում, եւ ցավով պետք է նշեմ, որ դեռեւս կապ չունի Հանրային հեռուստաընկերության հետ, բայց ինչ-որ առումով կապ ունի: Մյուս հեռուստաընկերություններով հեռարձակվող, դեռեւս պահպանված այն ֆիլմերի, այն հաղորդումների մասով, որոնք որ ուղղակիորեն ազդում են քաղաքացիների դաստիարակության վրա: Պետք է ներկայացնեմ նաեւ միջազգային փորձը: Օրինակ` եվրոպական շատ երկրներում Հանրային հեռուստաընկերությունը այլընտրանք է կոմերցիոն հեռուստաընկերություններին, եւ այլընտրանք լինելով նա ուղղակիորեն ազդում է կոմերցիոն հեռուստաընկերությունների քաղաքականության մշակմանը, եւ փորձում է զսպաշապիկի դերակատարություն ունենալ, փորձելով բարձրացնել քաղաքակրթական մակարդակը` կոմերցիան հեռուստաընկերությունների:
Ես շատ կուզեի, որ ապագայում մեր Հանրային հեռուստաընկերությունը նաեւ ստանձներ այդ դերը: Բնականաբար, դա հենց այդ ճանապարհով էլ գնում եմ, որովհետեւ ստեղծում է ավելի լավ հաղորդումներ, ավելի որակով եւ ավելի քաղաքացու դաստիարակությանը նպաստող:
Նաեւ պետք է բերեմ Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի փորձը, որտեղ կա հատուկ քաղաքականություն, ուղղված ազգային նկարագրի պահպանմանը, եւ այն հեռուստատեսությունը, որը չի ապահովում, օրենքով  դա սահմանված է, որը չի ապահովում այդ ազգային նկարագիրը, հեռուստաընկերությունները փակվում են: Ես կարծում եմ, որ մենք մոտ ապագայում եւս դա կունենանք, պետք է գնանք այդ ճանապարհով:
Հիմա, փորձեմ ավելի խմբավորված ներկայացնեմ այն առաջարկները, որոնք մանկավարժական հանրության եւ տարբեր մարդկանց հետ հանդիպումների ընթացքում փորձել եմ համակարգել եւ խմբագրել:
Շատ կարեւոր է, որպեսզի Հանրային հեռուստատեսության ղեկավարման աջակցությամբ ստեղծենք աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված հեռուստատեսության, գիտության, մշակույթի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, կկարողանան անմիջականորեն մասնակցել հեռուստատեսության ոլորտում բարեփոխումներին:
Իրականացնել հեռուստաարտադրանքի ինչպես հասարակական, այնպես էլ մասնագիտական գնահատման ինստիտուտի ներմուծում, խուսափելով գործունեության արդյունքների զուտ ծավալային, քանակական, ռեյտինգային ցուցանիշներով գնահատելու պրակտիկայից: Այսպիսի առաջարկ ենք ուզում ներկայացնել ձեզ:
Հեռուստահաղորդումներում հատուկ ուշադրություն դարձնել լեզվական գրագիտության ինտոնացիային:
Հաշվի առնել կրթադաստիարակչական գործառույթների առումով հեռուստաեթերի բացառիկ նշանակությունը եւ կարեւորությունը, եւ ազգային, գիտական, մշակութային, սպորտային, մանկական եւ կրթադաստիարակչական ծրագրերի պատրաստմանն աջակցելու համար մշակել հստակ պետական քաղաքականություն, դրա իրագործումը հանձնարարելով ինչպես Հանրային հեռուստաընկերությանը, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը:
Նկատի ունենալով լեզվական, բովանդակային, ինչպես նաեւ մատուցվող գեղարվեստական եւ բարոյական արժեքների տեսանկյունից հեռուստաարտադրանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը, առաջարկում ենք մշակել հեռուստաընկերությունների տիպային կառուցվածք, որտեղ պարտադիր բաղադրիչներից մեկը կլինի խմբագրական, ներքին վերահսկողության եւ փորձաքննության գործառույթներ իրականացնող օղակ:
«Հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին» օրենքում հստակ ամրագրված են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես արգելվում է ակնհայտ բռնություն, անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստաարտադրանքը: Այսօր, այս առումով Հանրային հեռուստատեսությունը բավականին լուրջ ձեռքբերումներ ունի, այդուհանդերձ, բացակայում են այդ երեւույթների գնահատման հստակ չափորոշիչները, չի նշվում նաեւ, թե ի՞նչ մեթոդով է նշվելու մտավոր, ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցությունը:
Առաջարկում ենք հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան հանձնախումբ, վերոհիշյալ չափորոշիչների եւ գնահատման մեթոդաբանության մշակման եւ ԱԺ-ին ներկայացնելու համար:
Վարչական օրենսգրքում բացակայում են այն դրույթները, որոնք թույլ կտան կիրառել օրենքի խախտման դեպքում նախատեսված պատիժը: Առկա է միայն գովազդի հետ կապված խախտումների դեպքում կիրառվող պատժի մասին հատվածը: Վարչական օրենսգրքի այս բացը դժվարություններ է ստեղծում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համապատասխան դրույթները իրագործելու, տույժեր եւ տուգանքներ կիրառելու մասին որոշումները դատական կարգով պաշտպանելու համար: Մասնավորապես, պետք է օրինակը բերեմ հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի 5-րդ հոդվածում, որտեղ ասվում է, որ հաղորդումները պետք է հեռարձակվեն հիմնականում հայոց լեզվով, պահպանելով լեզվի անաղարտությունը: Թիվ 60 հոդվածում տույժ եւ տուգանքների մեջ որեւէ հետադարձ կապով անդրադարձ չկա, որ եթե այդ կետը խախտվի, ի՞նչ տուժի կամ տուգանքի պետք է ներկայացնեն խախտողին կամ հեռուստաընկերությանը:
Առաջարկում ենք հեռուստաեթերի որակի, մշտադիտարկման եւ հեռուստաընկերությունների գործունեության ինքնակարգավորման խնդիրների իրականացման նպատակով 2010 թվականին հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան ստորագրած հեռուստաընկերություններին ստեղծել մշտադիտարկման կառույց, խարտիայի սկզբունքների պահպանման գործընթացի համատեղ քննարկման եւ վերահսկման համար, արդյունքները դարձնել հանրային իրազեկման եւ քննարկման նյութ:

Ամփոփելով ելույթս, ուզում եմ ասել, որ ես էլ եմ համաձայն իմ գործընկերների այն մոտեցմանը, որ ցանկացած առաջընթացի գնահատման մեջ շատ ավելի օբյեկտիվ կհնչի մեր գնահատականը կամ` հանրության, եթե ներկայացվեն նաեւ ոչ միայն ձեռքբերումները, այլ նաեւ ներկայացվեն բացթողումներն ու խնդիրները: Ես ձեր ուշադրություններն եմ հրավիրում հետագա զեկույցի կամ մյուս տարիների նմանատիպ հաշվետվությունների մեջ հիմնականում առաջնորդվել, վերլուծական բազմաթիվ աղյուսակներ կան, մասնավորապես ուզում եմ ձեզ ներկայացնել «Սվոդ» վերլուծական աղյուսակը, որտեղ հստակ ասվում է   մեր ուժեղ կողմերը, մեր թույլ կողմերը, մեր հնարավորություններն ու մեր ռիսկերը, եւ այս ձեւաչափով ներկայացնելու դեպքում, հուսով եմ, որ շատ ու շատ հարցերի արդեն պատասխանը տրված կլիներ:

Հոկտեմբերի 1, 2014

No comments:

Post a Comment