Friday, November 14, 2014

Իշխանությունը հակված է քննարկել բոլոր կետերը

ՆՈՅԵՄԲԵՐ 14, 2014Թ. 21:52

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
-Նախագահի առաջարկով ՝ վերստին անդրադառնալ ընդդիմության ներկայացրած փաստաթղթին՝ 12 կետերին, կարելի՞ է ասել, որ տրվեց ներքաղաքական մի նոր գործընթացի մեկնարկ, որի նպատակակետը իշխանություն-ընդդիմություն երկխոսության կայացումն է:
-Մեկնարկ չեմ համարի, ինչո՞ւ, որովհետև հանրապետության նախագահը մշտապես եղել է ու կա քաղաքական երկխոսությունների, հանդուժողականության կողմնակից, նա կառուցողական քաղաքականության կողմակից գործիչ է: Այնպես, որ նախագահի, ՀՀԿ ղեկավարի կողմից նման քաղաքականության մեկնարկը դեռ վեց տարի առաջ է տվել: Հետևաբար, նման առաջարկով հանդես գալն ամենևին նոր բան չէր: Գիտեք, ժողովուրդը պատասխանատվություն է պահանջում և ակնկալում իշխանությունից, ոչ թե ընդդիմությունից:Ու քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, հրաշալի գիտակցում է, որ լինելով ժողովրդի մեծամասնության քվեի կրողը՝ կրողն է և այդ պատասխանատվության: Իզուր չէ, որ նախագահ Սարգսյանը առաջարկելով կառավարությանը վերստին անդրադառանալ ընդդիմության առաջարկած 12 կետերին, հստակ ընդգծեց՝ մեր նպատակը մեկն է, մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար: Հետևաբար, մենք միշտ պատրաստ ենք երկխոսության, սա մեր գոծելաոճն է:
-Թվում էր, թե երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերը պետք է, որ դրականորեն արձագանքեին նախագահի կոնկրետ առաջարկներին: Լսվեց միայն Դաշնակցության ձայնը ՝ ողջունեցին ու համարեցին՝ կարևորը գործն է: Սակայն 12 կետերը դրոշակ դարձրած ու հարթակ բարձրացած եռյակը այլ պահվածք որդեգրեց: Ինչո՞վ կբացատրեք եռյակի նման<ՙզգուշավորությունը>:
-Ընդդիմության նման պահվածքը, ցավոք, փաստում է ոչ դրական երևույթի մասին, ստացվում է, որ իշխանության, տվյալ դեպքում նախագահի կողմից արվող դրական քայլն ուղղակի ձեռնտուչէ այսօրվա ընդդիմությանը: Եվ սա ընդամենը ժողովրդին իրենց կողքին՝ հրապարակներում պահելու, ժողովրդի ուշադրության կենտրոնում լինելու ճիգեր են:
Իրոք, ինչպես նկատեցիք, երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերը պետք է դրականորեն արձագանքեն նախագահի առաջարկին: Ի վերջո, անցել են հարթակների վրա խոսելու, ճառեր ասելու ժամանակները, եկել է կոնկրետ գործելու ժամանակը: Իսկ մեր ժողովրդին հենց դա է հարկավոր: Մանավանդ, երբ կա հնարավորություն, երբ իշխանությունն ինքն է հանդես է գալիս՝ հանուն երկրի, համագործակցված աշխատելու առաջարկով: Դրանից խուսանավելը չի կարող դրական ընկալվել:
Զուր խոսքեր չեն, երբ ասում ենք՝ իշխանությունն ուժեղ է, եթե երկրում կա կառուցողական ընդդիմություն: Նման ընդդիմությանը ես զննող աչք եմ համարում, քանի որ այն նպաստում է խնդիրների վերհանմանը, դրանց տալիս հնչեղություն, բայց դրա հետ մեկտեղ ոչ թե բավարարվում աղմկելով, այլ իշխանության հետ համագործակցելով փորձում նաև լուծման ուղիրներ մատնանշել:
Մի բան պետք է հստակ հասկանալ, հայ հասարակության մեջ չկան ու չեն կարող լինել թշնամիներ: Ունենալ տարբեր գաղափարախոսություններ, լինել տարբեր քաղաքական դաշտերում, չի նշանակում լինել թշնամիներ: Ուրեմն, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում ոչ թե թշնամանքը պետք է տեղ գտնի, այլ կառուցողականությունը, համագործակցային հարաբերությունները: Նման իրավիճակից կարող է շահել մեր երկիրն ու ժողովուրդը:
Ճիշտն ասած, ես այս պահին եռյակի կողմից խիստ հակադարձում չեմ տեսնում, թերևս, այո, կա զգուշավորություն: Նախագահը կարևոր առաջարկ է արել, և ես կարծում եմ, որ այս պահին ընդդիմությունը խորհում է, փորձում վերանայել իր մոտեցումները: Կարծում եմ, իրենք էլ գիտակցում են, որ հանդուրժողականությունը օդ ու ջրի պես հարկավոր է մեր երկրին: Մենք այլ ելք չունենք, մենք պետք է միավորենք մեր ներուժը, որպեսզի կարողանանք դիմակայել մարտահրավերներին, որոնք գալիս են տարբեր ուղղություներից: Իրավունք չունենք այս դժվարին ժամանակներում թևերի բաժանել մեր ժողովրդին, պառակտել նրան, իրավունք չունենք ժողովրդի անունը շահարկելով մեր քաղաքական ու անձնական ամբիցիրաները բավարարել:
Ի դեպ, մեր ժողովուրդն այնքան իմաստուն է, որ թացը չորից հրաշալի տարբերակում է, ուրեմն պետք չէ մինչև վերջ պարպել նրա վստահությունը: Դրա իրավունքը չունի ո՜չ իշխանությունը, ո՜չ ընդդիմությունը:
Իսկ այն, որ ժողովրդի ձայնին ականջալուր է իշխանությունը, վկայում է մեր ուշադրությունը քաղաքացիական հասարակության տարբեր նախաձեռնությունների հանդեպ: Քաղաքացիական հասարակությունն իր հետևողական քայլերով նաև օգնում է իշխանությանը: Ուրախալի է, որ մեր հասարակության կառուցողական քայլերի արդյունքում շատ հարցեր ստանում են իրենց ճշգրիտ լուծումը: Սա նշանակում է, որ իշխանությունը պատրաստ է համագործակցության ոչ միայն ընդդիմության, այլև հասարակության հետ:
-Դառնանք եռյակի վերջին արձագանքին. հակադրվելով նախագահի՝ փաստաթուղթը կետ առ կետ քննարկելու, ամեն կետի առնչությամբ ճանապարհային քարտեզ կազմելու գործնական առաջարկին, եռյակը որոշեց 12 կետերից առանձնացնել մեկը՝ 10-րդը ու այն համարել լակմուսի թուղթ, ասելով՝ իրականացրեք և ապացուցեք, որ համագործակցության առաջարկը իմիտացիա չէ:
-Ես գտնում եմ, որ բոլոր 12 կետերն էլ կարևոր են և դա առավել պետք է կարևորի փաթեթը ներկայացրած ուժը՝ եռյակը, ամենևին չտարբերակելով իր իսկ առաջարկները: 12 կետերը մեկ ընդհանուր առաջարկների փաթեթ է, ու ճիշտ չէ ասել, 12-ից 3-ը կարևոր են, մնացածը անկարևոր: Եթե այդ կետերը ներկայացրել են փաթեթով, կնշանակի համարել են, որ նրանում տեղ գտած բոլոր կետերն էլ կարևոր են: Ուրեմն, նախագահի՝ փաստաթուղթը կետ առ կետ քննակելու առաջարկն է տրամաբանականը: Իսկ 12 կետերը մշտապես եղել են իշխանության ուշադրության կենտրոնում, ինչի մասին է վկայում և այն, որ կառավարությունը բոլոր 12 կետերը մանրամասնորեն ուսումնասիրել է, տվել իր հիմնավոր մեկնաբանությունները: Եվ այն, որ այսօր էլ իշխանությունը վերստին պատրաստակամ է դրանք քննարկելու, չի զլանում կրկին վերլուծել, համադրել մեր ունեցած հնարավորություններն ու ռեսուրսները, սա արդեն իսկ ապացուցում է, որ իմիտացիայի մասին խոսք լինել չի կարող, դա լուրջ չէ: Ի՞նչ իմիտացվիա, երբ իշխանությունն ինքն է ասում՝ եկեք քննարկենք:
-Այսինքն, հակվա՞ծ է իշխանությունը դիտարկել 10-րդ կետը, ինչը, հիշեցնեմ՝ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Մասնավորաբար, առաջարկում են անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչպես նաև, ընտրությունների ավարտից հետո հրապարակել ընտրողների ցուցակները:
-Եթե իշխանությունը վերստին անդրադառնում է 12 կետերին, ուրեմն, հակված է քննակել բոլոր կետերը, այդ թվում և 10-րդը:
Օրենքները դոգմա չեն, հետևաբար, այն բոլոր փոփոխությունները, որոնք միտված են մեր երկրի քաղաքական, ընտրական համակարգերի կատարելագործմանը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, նպաստելու են երկրի զարգացմանն ու դրանով իսկ մեր ժողովրդի բարեկեցությանը, ուրեմն այդ փոփոխությունները պե՜տք է կատարվեն:
-Մինչ իշխանությունը երկխոսության առաջարկ է անում, ընդդիմությունն ասում է՝ եթե անգամ իշխանությունը կատարի եռյակի բոլոր ցանկությունները, ապա իրենք չեն հրաժարվելու իշխանափոխության պահանջից՝ մեր օրակարգում կա ու մնում է իշխանափոխության, արտահերթ ընտրությունների պահանջը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ընդամենը պետք է ցավեմ նման մոտեցման համար, որովհետև ես դրանում չեմ տեսնում երկրի համար օգտակար գործ անելու նպատակադրում, նման գործելաոճով փաստորեն ասում են՝ մեր նպատակը ամեն գնով իշխանության գալն է: Կնշանակի հիմքում քաղաքական, անձնական ամբիցիաներ են, և ուրիշ ոչինչ: Չի կարելի ժողովրդի անունից խոսել ու ժողովրդի աչքերին թոզ փչել:
Այնուհանդերձ, ես խորին հարգանք եմ տածում ընդդիմադիր քաղաքական ուժերի հանդեպ, վերջապես նրանց շարքերում կան անձինք, որոնք ժամանակին եղել են մեր երկրի ղեկավարներ: Եվ փաստորեն, ցավալի է, որ այսօր իշխանափոխության կոչեր են հնչեցնում հենց նրանք, ովքեր ժամանակին իշխանություն լինելով ունեցել են հնարավորություն երկրի զարգացման համար անել այն, ինչի մասին այսօր խոսում են հարթակներից, բայց չեն արել: Ու եթե իշխանություն լինելով չեն արել, դա չի նշանակում, որ այսօր հարթակ փոխելով իրավունք ունեն իրենց չարածի մեղքն անգամ բարդել ներկայիս իշխանության վրա, մի իշխանության, որն ամենևին չի հրաժարվում պատասխանատվությունից: Պարզապես ասում է՝ եկեք համագործակցենք ու համատեղ ջանքերով լուծենք նաև տարիների կուտակված խնդիրները:
Գիտեք ժողովուրդն էլ է հոգնել հանարահավաքային պայքարներից և հրաշալի հասկանում է, որ իշխանության առոջղ առաջարկը մերժելը անտրամաբանական է:
Ես համոզված եմ, ի վերջո, մեր բոլորի՝ թե՜ իշխանության, թե՜ ընդիմության նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել լիարժեք ժողովրդավարական ու բարեկեցիկ երկիր: Եվ այս նպատակին հասնելու համար մենք անպայման համատեղելու ենք մեր ջանքերը: Տեսեք, թե ինչ է կատարվում մեր սահմաններին, իրավունք չունենք թույլ տալու, որ մեր թշնամին օգտվի մեր ներքին պառակտումնեից:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
http://armarlur.com/?p=64482

No comments:

Post a Comment