Monday, November 30, 2015

«ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՆՔ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱԼ` «ԱՄՈԹԻ» ԿՈՉԵՐՈՎ»

Երեկ ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ իր ողջ մաղձը թափեց քաղաքական մեծամասնության վրա` անցնելով կոռեկտության բոլոր սահմանները: Արդյունքում տարափի նման հնչող վիրավորանքներն անարձագանք չմնացին նաեւ ՀՀԿ-ական կին պատգամավորների կողմից: Բայց սա էլ չսանձահարեց կատաղի ընդդիմադիր տիկնոջը, ով ի պատասխան դահլիճից հնչող ամոթանքների` շարունակեց նույն կերպ.«Ամոթը ձեզ...»: Տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում տեղի ունեցող «այո» եւ «ոչ» պայքարի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:


«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ, ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ ՍԱՀՄԱՆ»
–Տիկին Մուրադյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ այս անգամ նաեւ Ձեր եւ ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորների համբերության բաժակը լցվեց, եւ պատասխանեցիք Զ. Փոստանջյանին:– Իրականում պատեհ եւ անպատեհ առիթները` անկախ թեմայից, անընդհատ օգտագործելով եւ խոսելով շարունակ նույն բանի մասին` արդեն ժողովուրդն էլ է հոգնում լսելուց: Եթե Զարուհի Փոստանջյանին թվում է, որ ժողովրդին փողոց դուրս բերելու անհնազանդության կոչերով, այդ խժդժոցները ստեղծելով` պիտի կարողանա իր խմբային շահի ջրաղացին ջուր լցնել, ապա պետք է ասեմ, որ այդ գործելաոճը պարզունակ է: Եվ եթե ուզում ես իրոք խորքային բան ասել, անընդհատ չի կարելի երկրի ղեկավարությանը եւ քո երկրի սիմվոլին վատաբանելով ու հեղինակազրկելով` փորձել բարձրացնել քո հեղինակությունը: Ժողովուրդն իմաստուն է եւ ամենադժվարին իրավիճակներում համախմբվել գիտի: Այնպես որ, չի՛ կարելի... Մի մարդ, ով ընդունակ է Եվրոպայի խորհրդում իր երկրի նախագահին ուղղել հարցեր, որոնք նպատակահարմար չեն` հենց մեր երկրի շահերից ելնելով, եթե մի մարդ կարող է հավաքել մի խումբ եւ Վրաստանի հայկական եկեղեցու բացման արարողության առիթն օգտագործել դարձյալ իր երկրին սեւացնելու համար, պարզ է, որ հիմա էլ պետք է օգտագործի Ազգային ժողովի ամբիոնը` անեկդոտներով, պատմություններով, ինչ-որ բաներ հորինելով` իր ամբողջ մտավոր պոտենցիալն օգտագործելով` վատ բան ասելու ու ստեղծելու համար: Այս ամենը շատ պարզ եւ թափանցիկ է, ու ժողովուրդը տեսնում է: Ուղղակի, խորհուրդ եմ տալիս Փոստանջյանին` նմանատիպ կոչեր, գնահատականներ մեր երկրի ղեկավարի` իմ երկրի ղեկավարի հասցեին, որն ինձ համար սիմվոլ է եւ սիմվոլ է բոլորի համար, չշարունակի հնչեցնել, որովհետեւ հակառակ դեպքում` մենք կարող ենք համարժեք պատասխան տալ, այնպես, ինչպես եղավ այս անգամ: Մենք ստիպված եղանք բոլորս միասին Ազգային ժողովի դահլիճից Փոստանջյանի գնահատականը տալ` «ամոթի» կոչերով: Իհարկե, ինձ կոնկրետ` որպես Հանրապետական կուսակցության կին պատգամավորի, նման ոճի պատասխանն ընդունելի չէ: Ավելին` գտնում եմ, որ դրա համար կան ավելի լուրջ, քաղաքակիրթ հարթակներ, որտեղ ամեն ինչ կարող ես խոսքով ասել, ոչ թե անտեղի էմոցիաներով, բայց այս անգամ ստիպված եղանք այս կերպ վարվել, որպեսզի նա հասկանա, որ, ի վերջո, չի՛ կարելի, ամեն ինչ ունի սահման: Չի՛ կարելի անընդհատ խոսել նույն բանի մասին, անկախ նրանից, թե օրենքի ինչ նախագիծ ենք քննարկում: – Ի դեպ, սեփական կուսակցության ղեկավարին մոռանալով` Զ. Փոստանջյանը հակադարձեց իրեն ուղղված ամոթանքներին, ասելով, թե ամոթը Ձեզ, որ ում թիմակիցներն եք:– Դեռ ամոթանք է տալիս, թե մենք ո՞ւմ կուսակցության անդամներ ենք, իսկ եթե մենք հանկարծ հակադարձ ամոթանք տանք, թե ինքն ինչ կուսակցության անդամ է, եւ ո՞ւր է այդ կուսակցությունն ու իր ղեկավարը: Իհարկե, ես ինձ թույլ չեմ տա նման անպատիվ բան ասել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, բայց ինքնին Փոստանջյանի վարքագիծը անպատվություն է իր կուսակցության ղեկավարի հասցեին, որովհետեւ մարդիկ սկսում են ակամայից մտածել, զուգահեռներ անցկացնել: Մինչդեռ մենք այսօր պատվով ենք նշում, որ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործող կուսակցության անդամներն ենք: Չգիտեմ ինչ գնահատական տամ. երբ իրենց կուսակցությունում 3-4 հոգու հետ հաշտ ու համերաշխ չեն, ինչպե՞ս կարող են խոսել մի հզոր կուսակցության մասին, որն այսօր իր ուսերին է կրում պատասխանատվությունը ժողովրդի ե՛ւ սոցիալական, ե՛ւ ընդդիմության ու իրենց նման անկազմակերպ ֆրակցիայի խնդիրների բեռը: Ինչպե՞ս կարելի է այդպիսի ամպագոռգոռ եւ չմտածված խոսքեր ասել: Կարծում է, որ մարդիկ պետք է դիտեն իր ելույթն ու գնահատակա՞ն տան` ասելով, որ ապրի Զարուհին, ինչպես կարողացավ... Ո՛չ, մարդիկ անձնական վիրավորանք են զգում, երբ երկրիդ նախագահին, որը երկրի սիմվոլն է, վատաբանում են:
«ՎԱՏԱԲԱՆԵԼՈՎ ՈՒ ՊԻՏԱԿԱՎՈՐԵԼՈՎ` ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՄՈԶԵԼ»
–Միգուցե, Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի կողմնակիցների անզորությունի՞ց է, որ արդեն անցնում են կոռեկտության սահմանը:– Երբ ասելիքը առարկայական է, ժամանակի շունչն ու օրակարգն է իր մեջ ներառում, մարդը կարողանում է գտնել համոզիչ ներկայանալու ձեւը: Սակայն չեմ ուզում ամբողջ «ոչ»-ի ճակատը ասոցացնել Զարուհու հետ: Նա ընդամենը այդ «ոչ»-ի ճակատի մեջ է: Եվ եթե այնտեղ կան մարդիկ, որոնք ջանք են դնում` իրենց տեսակետն առաջ տանելու համար եւ հանդես են գալիս կոռեկտության սահմաններում, ես խորին հարգանք ունեմ նրանց նկատմամբ:  Ասելիքը հզոր չէ նրանով, թե որքանով է ոչ կոռեկտ, այլ հզոր է նրանով, թե որքանով է առարկայական ու համոզիչ: Վատաբանելով ու պիտակավորելով` ժողովրդին չես կարող համոզել: Պետք է հստակ փաստարկներ բերես, համեմատություններ անես, որպեսզի մարդը հասկանա, թե ուր է գնում: Ինչ վերաբերում է ընդհանրապես «ոչ»-ին,  ուղղակի զարմանում եմ` ինչին են ասում` «ոչ»: Իրենք են շարունակաբար ցանկացել, որ համամասնական ընտրություններ լինեն, իսկ սահմանադրական փոփոխությունները հենված են հենց դրա վրա: Անընդհատ ցանկացել են, որ իրենց ձայնը լսելի լինի եւ կարողանան մասնակցել Ազգային ժողովում որոշումների կայացմանը: Խնդրեմ` բարձրացնում ենք ընդդիմության դերակատարությունը. մի բան, որ իրենք չկարողացան անել: Նոր սահմանադրությամբ մենք փորձում ենք մեծացնել ընդդիմության դերակատարումը, ավելի կառուցողական դարձնել ընդդիմության գործելաոճը, որպեսզի ոչ թե բղավելով մարդկանց փողոց հանեն, հետո չիմանան, թե այդ մարդկանց երթը մինչեւ ուր են տանում, ու երթի կեսից իրենք ուր են գնում, ժողովուրդն` ուր: Իսկ այդպիսի դեպքեր ունեցել ենք, եւ այսօր այդպիսի երթեր ղեկավարող կուսակցության ներկայկացուցիչ Զարուհի Փոստանջյանը պետք է պարզապես չտառապի հիշողության կորուստով եւ հիշի, թե այդ նույն ժողովրդին առաջնորդելով` ուր տարան, ինչ արեցին, ինչ պատասխան տվեցին եւ ինչպես մոլորված թողեցին դրսում: Սակայն, մենք այսօր կրում ենք այդ մարդկանց հետեւից գնացող ժողովրդի եւ, ընդհանրապես, բոլորի պատասխանատվությունը` այդ թվում նույն այդ կուսակցությունների, չձեւավորված ընդդիմության: Ու այս ամենի պատասխանը տալիս է «այո»-ն:– Իսկ ինչո՞ւ «այո»: – Այո՛, որովհետեւ այս «այո»-ի մեջ «ոչ»-ի ժամանակին հնչեցրած բոլոր տեսակետներն են, «ոչ»-երի բոլոր առաջարկներն են: Եթե ուզում եք քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես գալ, խնդրեմ` քաղաքակիրթ ձեւը կա սահմանադրական փոփոխությունների մեջ: Հավաքեք 50 հազար ստորագրություն, բերեք ձեր նախագիծը Ազգային ժողով եւ դրեք քննարկման:Եթե ընդդիմությունը փորձում է քաղաքացիական նախաձեռնության խոսնակը դառնալ Ազգային ժողովում, ապա այս փոփոխությունները ընձեռում են այդ հնարավորությունը: Թեպետ, հենց իշխանությունն այսօր էլ քաղաքացիական նախաձեռնության շատուշատ նախագծեր կյանքի է կոչել եւ ընդառաջ է գնացել: Այսինքն` սահմանադրական փոփոխություններով ուզում ենք, որ  ժողովրդավարությունը մեկ աստիճան բարձր հարթության վրա կանգնի. պայքարը լինի քաղաքակիրթ, քաղաքացիական, պայքարը լինի ոչ թե անձերի, այլ գաղափարների մեջ: – «Ոչ»-ի բերած միակ փաստարկն առ այսօր շարունակում է մնալ այն, թե իբրեւ այս սահմանադրական փոփոխություններով իշխանությունը վերարտադրվելու է...– Այս տեսակետը անհիմն շահարկվում է «ոչ»-ի կողմից: Բայց եթե իրենք անընդհատ ասում են, թե իբրեւ ընտրությունները կեղծվում են, ու տարիներ շարունակ վերարտադրվում է իշխանությունը, նույն ձեւով կշարունակեինք, ինչի՞ համար ենք մենք մեզ համար նոր արգելքներ ստեղծում, որովհետեւ մտածում ենք ժողովրդի սոցիալական վիճակի, տնտեսության զարգացման մասին, իսկ դրա համար անհրաժեշտ է երկիրը ճիշտ, արդյունավետ կառավարման հենքի վրա դնել, որպեսզի կարողանանք կարճ ժամանակում ավելի շոշափելի արդյունքներ ունենալ: Իսկ «ոչ»-երին խորհուրդ ենք տալիս ժողովրդին չմոլորցնել, չնայած ժողովուրդն իր պատմական հիշողությունը չի կորցրել ու գիտի, թե ով ինչպես եկավ ու ուր գնաց: Ժամանակն է, որ ամեն մեկը դուրս գա իր անձնական, խմբային, կուսակցական շահերից եւ իրականում մտածի ժողովրդի շահերի մասին: Ու մենք «այո» ենք ասում ոչ թե նրա համար, որ ուզում ենք այն պրոպագանդել, այլ նրա համար, որ հիմնովին հասկանում ենք եւ վստահ ենք, որ երկրի զարգացման երաշխիքները ամրագրվում են այս սահմանադրական փոփոխությունների մեջ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=31455%3Al-lr-r&catid=48%3Ahandipum&Itemid=114

No comments:

Post a Comment