Tuesday, December 15, 2015

Փոստանջյանին հնարավոր եղավ “սանձահարել” միայն մեծն Նարեկացու խոսքերով

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
-Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության երեք անդամները ստորագրահավաք են սկսել հանրաքվեի լեգիտիմությունը ՍԴ-ում վիճարկելու նպատակով։ Փաստորեն, ընդդիմությունը դարձյալ պայքարի նույն ճանապարհին է, ըստ ձեզ, կհաջողվի՞ նրանց ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հարցականի տակ կդնեն հանրաքվեի լեգիտիմությունը:
-Սա արդյունավետ ճանապարհ չէ, այլ շատ շոու հիշեցնող քայլ է, որ մենք տեսնում ենք ամեն մի ընտրությունից հետ: Ցավոք, մենք դեռևս չենք հասել քաղաքացիական այն բարձր գիտակցության, որ ընտրություններում պարտվողը հաջորդ օրը շնորհավորի հաղթողին:
Հանրաքվեի դրվեց այնպիսի նախագիծ, որի հաղթանակը իրականում մեր ժողովուրդի, այդ թվում և մեր ընդդիմության հաղթանակն է: Իհարկե, ամեն ոք իր դիրքորոշումն ունի այս հարցում, բայց պետք է հասկանանք, իրականում ինչի՞ն է ՙոչ՚ ասում ընդդիմության այդ հատվածը: Նրանք ՙոչ՚ են ասում մի նախագծի, որը մեծացնում է հենց իրենց` ընդդիմության դերակատարությունը երկրի կառավարման գործընթացներին, այդ ամենի մասին մանրամասնորեն խոսվեց ողջ քարոզչության ընթացքում: Իզուր չի ասվում է, թե նոր Սահմանադրությունը գրված է հենց ընդդիմության համար: Հետևաբար նրանց պայքարը հեռու է տրամաբանությունից:
Որևէ մեկը չի ասում, թե չեն եղել ընտրախախտումներ, բայց այլ բան է, թե ինչպիսի՞ խախտումների հետ գործ ունենք, արդյոք դրանք ազդե՞լ են հանրաքվեի վերջնարդյունքների վրա: Համապատասխան մարմիների կողմից արդյունքներն այլևս ամփոփված են, դրանք սեղանի վրա են ու փաստում են, որ խախտումներն այնպիսի բնույթ չեն կրում, որ վիճարկելի դարձնեն հանրաքվեի լեգիտիմությունը: Ամեն ընտրություններից, հանրաքվեներից հետո ընտրակեղծիքների մասին խոսելու թեման պտտելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, որ ընդդիմությունը ակտիվորեն մասնակցեր գործընթացին, օգտվեր Ընտրական օրենսգրքով իրենց տրված հնարավորություններից ու հանձնաժողովներում ունենար սեփական ներկայացուցիրներ և ամբողջությամբ վերահսկեր հանրաքվեն: Այդ դեպքում նրանք իրավունք կունենային գնահատականներ հնչեցնելու: Բայց ի՞նչ կատարվեց իրականում. ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚ չնայած որպես խորհրդարանական խմբակցություններ իրավասու էին հանրաքվեի ժամանակ տեղամասային հանձնաժողովներում ունենալ մեկական անդամներ, բայց 200-ից ավելի ընտրատեղամասերում նրանց տեղերը մնացին թափուր: Եթե չեն մասնակցել, չեն վերահսկել ինչպե՞ս կարող են իրավիճակ գնահատել, ի՞նչ փաստեր կարող են ներկայացնել: Հետևաբար, նրանց կողմից հնչող հայտարարությունները սին են:
Մեզանում կան ուժեր, որոնց համար ամեն ինչ լավ է, երբ երկրում խառնաշփոթ է, լարվածություն: Հայտնի խոսք է, չէ՞, պղտոր ջրում ձուկ են որսում, և վատ է, որ ընդդիմությունը մշտապես նույն գործելաոճով է աշխատում:
ՀԱԿ-ը ինքն էլ համոզված է, որ չի կարող ներկայացնել անհրաժեշտ փաստեր, որովհետև այդպիսիք չկան: Իհարկե, ՍԴ դիմելը իրենց սահմանադրական իրավունքն է, բայց ինչպես նշեց Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, իրենց կատարած ուսումնասիրությունները հիմք են տալիս ասելու, որ հանրաքվեի արդունքները չեն կարող կասկածի տակ դրվել, քանի որ խախտումներ եղել են շատ քիչ ընտրատեղամասերում:
-Ի դեպ, Հունան Պողոսյանը նաև խոսեց արջի ծառայություն մատուցողների մասին, նկատելով, որ այդպիսիք եղան թե’ “այո”-ի, թե’ “ոչ”-ի ճակատում:
-Ես այստեղ ամենևին չեմ առանձնացնում ՙայո՚-ի ու ՙոչ՚-ի դաշտերը, եթե կան ընտրախախտում իրականացրած անձինք, կամ այսպես կոչված, արջի ծառայություն մատուցողներ, ի՞նչ տարբերություն նրանք ո՞ր դաշտից են, միևնույն է, պետք է կրեն պատասխանատվություն: Ավելին, նմանների դեմ առաջին պայքարողը իշխանությունն է: Համապատասխան մարմիները պետք է բացահայտեն մեղավորներն, այդպիսինների դեմքը պետք է պատռել: Ցանկացած բնույթի ընտրախախտում իրականացրած անձ անպայմանորեն պետք է պատասխանատվություն կրի: Հավատացեք, առաջին հերթին իշխանության համար ձեռնտու չեն նմանները, քանի որ նրանք վնասում են մեր պետության հեղինակությունը:
-Տիկին Մուրադյան, այս անգամ ևս, ցավոք, չշրջանցվեց ընտրական գործընթացներին դպրոցների, մանկավարժների մասնակցության թեման: Իսկ ՙոչ՚-ի կողմնակից ուսուցչին աշխատանքից ազատման դեպքը դարձավ լրատվամիջոցների, սոցցանցերիի քննարկման առարկան: Դուք մակավարժ եք ու այս երևույթները չեն կարող ձեզ չանհանգստացնել:
-Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ ձեր հիշատակած դեպքի մանրամասններին, ու չեմ կարող կոնկրետ գնահատականներ հնչեցնել: Բայց իմ համոզմունքն է, եթե կան իրոք փաստեր, ուրեմն հարցը պետք է համապատասխան լուծում ստանա:
Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր երևույթի մասին խոսել: Փոխարենը, հետևենք գործընթացին, վեր հանենք կատարված բացասական երևույթների պատճառները, բոլորվին այլ շեշտադրումներ ենք կատարում: Ընտրակեղծիքների ու ընտրակեղծարարների ֆոնին տեսեք, թե ինչի՞ մասին են ոմանք շեշտում, ասում են` հանձնաժողովի x անդամը մանկարվարժ է: Հարգելինե’րս, երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացներն իրենց մեջ ներառում են հասարակության տարբեր շետերի, խմբերի, հետևաբար նաև տարբեր մասնագիտության տեր անձանց: Եթե տվյալ անձը որպես քաղաքացի ներգրավվել է ընտրական գործընթացի մեջ` հանձնաժողովի անդամ է կամ վստահված անձ, ու իր այդ դերում ինչ-որ սխալ քայլեր է կատարել, ի՞նչ կապ ունի նրա մասնագիտությունը` ուսուցի՞չ է, բժի՞շկ, իրավաբա՞ն, թե՞ բանվոր: Նա այդ պահին իր մասնագիտական գործունեությամբ զբաղված չի եղել, այլ որպես երկիր քաղաքացի կատարել է իր քաղաքացիական պարտքը: Ու եթե խախտում է արել, պետք է կրի պատասխանատվություն: Ընտրակեղծարարությունը հարի չէ ոչ մեկին` լինի բժիշկ, ինժեներ, ուսուցիչ, թե տնային տնտեսուհի: Ի վերջո, իրավապահ մարմինները ևս ընտրակեղծարարին պատժում են անկախ իր մասնագիտությունից: Ուրեմն ինչո՞ւ են հատուկ առանձնացնում և շեշտում, թե ընտրախախտում կատարած այս կամ այն հանձնաժողովականը մանկավարժ է: Արդյոք վտանգավոր միտում չէ՞ սա:
Ես ցավում եմ, երբ լսում եմ, որ ինչ-որ մանկավարժ է այս կամ այն կողմից դարձել խախտումների մասնակից, և առավել դատապարտում եմ: Բայց մենք պետք է քաղաքական գործընթացներն ու անձի մասնագիտությունն իրարից հստակ տարանջատենք:
Ես առիթ ունեցել եմ այս մասին իմ մտահոգությունն արտահայտելու, սակայն ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ ճիշտ չընկալեցին իմ անհանգստությունը ու իրենց մեկնաբանություններում գրեցին իմ ասածների հետ առնչություն չունեցող մտքեր: Մենք պետք է խորին ակնածանքով ու հարգանքով վերաբերվենք մեր մանկավարժներին, ըստ արժանվույն գնահատենք նրանց վաստակը և ոչ թե նման մոտեցումներով խոցելի դարձնենք, վարկաբեկենք մեր դպրոցը ու սերունդ դաստիարակող մարդկանց: Սա է իմ ասելիքը: Մանավանդ որ, վատաբանելով, վարկաբեկելով խնդիրը չի լուծվում, հակառակը, դա չի կարող օգտակար գործ լինել: Ես ցավում եմ, որ վատ երևույթների կողքին հնչում է դպրոցի, մանկավարժի անունը, սա պետք է ամենքիս մտահոգի:
- Գուցե պետք է մտածել դպրոցները ընտրական տեղամասեր չդարձնելու մասի՞ն, սա թերևս կլինի լավագույն միջոցը թե’ դպրոցը, թե մանկավարժներին քաղաքական, ընտրական գործընթացներից հետո պահելու համար: Ի դեպ, առաջարկը մանկավարժների կողմից արդեն հնչել է:
-Նախկինում մանկավարժներն ավելի շատ էին ընդգրկված ընտրական գործընթացներ մեջ: Իսկ հիմա, հավատացեք, նրանք հիմնականում դուրս են այդ գործընթացներից, շատ ընտրատեղամասերում ո’չ տվյալ դպրոցի տնօրենն է եղել, ո’չ էլ մանկավարժները: Այսօր ընդամենը դպրոցի տարածքը, շենքային պայմաններն են օգտագործվում որպես տեղամասեր: Շենքային պայմանները սուղ են ու պետությունը ստիպված է լինում նաև դպրոցի տարածքը օգտագործել որպես ընտրատեղամասեր, բայց դա չի նշանակում, որ ողջ դպրոցը ներգրավված է քաղաքական գործընթացի մեջ:
Իհարկե շատ ավելի լավ կլինի, որ լուծվեն այդ հարցերը և, իրոք, ինչպես ասացիք, դպրոցներից ընդհանրապես հանվեն ընտրատեղամասերը, մանկավարժներին ազատելով անհարկի խոսակցություններից ու քննարկումներից:
Բայց նաև ուզում եմ հետևյալ հարցը տալ, ինչո՞ւ մարդկանց աչքին չի երևում այն, որ ընտրատեղամասեր կարող են տեղակայված լինել մշակույթի տներում, պոլիկլինիկաներում կամ այլ հաստատություններում, բայց երևում են դպրոցները:
Իսկ առհասարակ, եկեք ճիշտ վերահսկենք ընտրական գործընթացները, հասնենք նրան, որ մեր երկրում խիստ նվազեցվի ընտրակեղծարարությունը, որ ընտրությունները մեզանում դառնան ավելի կազմակերպված, այս ուղղությամբ եկեք մտածենք առանց կարևոր արժեքների վրա ցեխ շպրտելու:
-“Նոր Հայաստան”-ը խոստովանեց, որ ձախողել է իր մարտավարությունը, քանի որ չկարողացավ իրականացնել հանրության մոբիլիզացիա: Ու նրանց միակ հույսը մնացել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով անտեսելով օրակարգը, ԱԺ ամբիոնը ծառայեցնում է այդ քաղաքական միավորի ծրագրերը ներկայացնելուն: Չնայած ՀՀԿ-ի բուռն հակազդեցությանը` տիկնոջը դժվար է ՙսանձահարել՚: Երեկ դուք ստիպված եղաք Նարեկացու խոսքերով հորդորել Փոստանջյանին` սթափվել: Խորհրդարանում կարծես մի նոր մշակո՞ւյթ է ձևավորվում:
– Ես դեմ եմ խորհրդարանական աշխատանքը միտինգի, իսկ Աժ ամբիոնը միտինգի խոսափողի վերածելուն: Այն մեր երկրի բարձրագույն քաղաքական խոսափողն է և այնտեղից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի մտածված: Մենք իրավունք չունենք այն օգտագործել անձնական ամբիցիաները բավարարելու համար: Հետևաբար, իմ նպատակը որևէ մեկին վիրավորելը չէր, այլ կոռեկտության կոչ անելը: Ու պատահական չէր, որ ես իմ գործընկերոջ պահվածքին անդրադարձա ընթերցելով մեծն Նարեկացու մտքերը: Ավելի լավ է, որ մեր քաղաքական գործիչները հաճախ դիմեն մեր դասականներին, նրանց խորիմաստ խոսքերով սթափեցնեն մեկմեկու, քան գործը հասնի անձական վիրավորանքների: Իսկ մեր դասականների մտքերը կմաքրեն ոմանց մտածողությունն ու խոսքը: Դրանք ավելի ազդեցիկ են և ուսանելի: Ես ուրախ եմ, որ Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին ընթերցեց Ռաֆայել Պատկանյանի խոսքը, նաև Հեղինի Բիշարյանն ասմունքեց: Քաղաքական գործիչներին սա պետք է, այն քաղաքական պայքարի մի յուրօրինակ ու քաղաքակիրթ դրսևորում էր:
Ինչ վերաբերում է “Նոր Հայաստան”-ին, այո, այդ ուժն անկարող եղավ իրականացնել իր, այսպես կոչված, համաժողովրդական մոբիլիզացիան: Մեր ժողովուրդը հրաշալի զգում է վտանգը ու երբեք չի կանգնում այն ուժի, այն անձանց կողքին, ովքեր նպատակ ունեն երկրում լարվածություն մտցնել, խառնաշփոթ ստեղծել: Այս մարդիկ դեռ հանրաքվեն չավարտված ՙԱզատության՚ հրապարակից հայտարարում էին` եթե անգամ ՙոչ՚-ը հաղթի, միևնույն է` տուն չենք գնալու: Սա խոսում է նրանց անառողջ նպատակների մասին: Եվ մեր ժողովրդի սթափ մոտեցումը ձախողեց նրանց հաշվարկները:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը՝

No comments:

Post a Comment