Friday, February 21, 2014

«ԱԺ ընդդիմադիրների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դատապարտված է ձախողման»

«ՀՀԿ-ն իր գործունեության ողջ կենսագրությունը կերտել է՝ անցնելով ավելի լուրջ և բարդ մարտահրավերներ դիմակայելու ճանապարհով, որոնք ուղղված են եղել ի շահ ժողովրդի և պետության: Ի սկզբանե ՀՀԿ-ի գործելաոճն է եղել լինել ժողովրդի կողքին, ականջալուր ժողովրդի կողմից բարձրացրած խնդիրներին, խրախուսել ժողովրդին ազատ արտահայտել իր կարծիքը, որի արդյունքում, այսօր ունենք ակտիվ քաղաքացիական հասարակություն: Իսկ ԲՀԿ-ն եթե զգում է, որ հեռու է լայն մասսաներից, հետ է մնում ժողովրդի հետ աշխատանքում, կորցնում է կապը՝ուրեմն արժե , որ զուտ այս հարցով մի հատուկ համագումար արեցին և այս խնդիրը իրենց ղեկավարը դրեց իրենց առջև: Իհարկե ճիշտ չէ ,որ որոշ մարդիկ խորհրդարանական կաբինետներում պարապ նստեն և միմիայն մամուլում չարախոսություններ պատվիրելով զբաղվեն: Այս առումով համաձայն եմ Գագիկ Ծառուկյանի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` մեր հարցին` ԲՀԿ-ի համագումարում Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին կոչ արեց աշխատասենյակներից դուրս գալ եւ աշխատել փողոցում, որտեղ որ ժողովուրդն է: Սա մարտահրավեր է՞ ր` նետված ՀՀԿ-ին: Նախորդ քառօրյային հետեւած ժամանակահատվածում` «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի տապալումից հետո, խորհրդարանական ընդդիմադիրները նախաձեռնել են կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց: Վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, գաղափարին բոլորն են համամիտ եւ չի բացառվում, որ արդեն հաջորդ քառօրյային նման նախագիծ դրվի շրջանառության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը, մեր հարցին էլ ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Այսօր մի տեսակ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ խնդիրների ներկայացման մասին կա երկու մոտեցում:Մի մոտեցման կողմնակիցները մտահոգ են խնդիրների լուծման համար և վեր են լուծում, առաջարկում են տարբերակներ, իսկ մյուս մոտեցման կողմնակիցները խնդիրը ներկայացնում են գովազդելու, մեծ ցնծությամբ հնչեցնելու և ժողովրդին ինչ-որ տեղ մոլորեցնելու համար:Եվ տպավորությունն այնպիսին է, որ պետության զարգացման ճանապարհին բոլոր հաջողությունները բոլորինն են, այլ քաղաքական ուժերի ձեռքբերումը, իսկ խնդիրները միայն ՀՀԿ-ինն է: Նորմալ է, քանզի ՀՀԿ-ն ստանձնել է պատասխանատվություն մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ: Իսկ խորհրդարանական ընդդիմադիրների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դատապարտված է ձախողման, քանի որ դա հերթական քայլ է ընդդիմադիրի դերը օրակարգում պահելու համար»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

21.02.2014թ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/21/433839/ 

No comments:

Post a Comment