Monday, March 10, 2014

Ռ.Մուրադյանի հարցը ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին 10.03.2014

Մարտի 10, 2014թ.

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Իմ հարցը, իհարկե, վերաբերում էր նախարարին, բայց կուզեի, որ դուք էլ պատասխանեք, եթե քննարկել եք հանձնաժողովում հետեւյալ մոտեցումը: Արդյոք ճի՞շտ է, որ մրցույթների անցկացման կարգը` դա լինի փակ մրցույթ, բաց մրցույթ կամ թեստերի, հարցազրույցների այդ կարգը, պետք է սահմանի կոմիտեի նախագահը, որովհետեւ սովորաբար տարբեր մրցույթների անցկացման կարգերը սահմանում է կառավարությունը կամ պետական լիազոր մարմինը: Մեկ:
Եվ 2-րդ` այստեղ 24-րդ հոդվածում, որ դուք ունեք նոր մրցույթ եւ կրկնակի մրցույթ այս հասկացությունները, կրկնակի մրցույթի դեպքում նշվում է, որ դա պետք է անցկացվի տասնօրյա ժամկետում, իսկ նոր մրցույթի համար ժամկետներ կա՞ն, թե չկան: Շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Շնորհակալություն, տիկին Մուրադյան: Առաջին հարցի հետ կապված, կարգերի սահմանման հետ կապված, ուրեմն, ասեմ հետեւյալը: Քանի որ այստեղ մենք անալոգիայով, համանմանության սկզբունքով Քննչական կոմիտեի հետ կապված սահմանել ենք ծառայություններ, իսկ այդ ծառայություններն այսօր պետական իրավական համակարգում բազմաթիվ են, եւ մրցույթների հետ կապված մեկ ընդհանուր մոտեցում կա որդեգրված` մրցութային կարգերի սահմանման հետ կապված, ես թերեւս չեմ հիշում` ինքս ուսումնասիրելով, որեւէ բացառություն, որտեղ դա տրված լինի կառավարության լիազորությանը: Բոլոր տեղերում այդ մրցութային կարգերի հաստատման իրավասությունը տրված է գերատեսչության ղեկավարին` լինի դա ԱԺ-ում «Պետական ծառայության մասին» օրենքը, չգիտեմ, լինի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:
Այստեղ քննարկելու հարց է, կարծում եմ, այստեղ արժի այդ առանձնահատկությունը նախատեսել, թե` ոչ, կարծում եմ, կարող եք ներկայացնել նաեւ առաջարկություն, պարոն նախարարը կքննարկի այդ համատեքստում, բայց հանձնաժողովում` նաեւ ասեմ ձեր հարցադրման հետ կապված, չի քննարկվել այս հարցը:
Ինչ վերաբերում է 2-րդին` նոր մրցույթ եւ կրկնակի մրցույթ, ապա կրկին պետք է, ուրեմն, փաստարկս կառուցեմ այն սկզբունքի վրա, որ այսօր կրկին անգամ, քանի որ այստեղ որեւէ նորություն չկա սահմանված ծառայական այս ամբողջ նորմատիվ եւ եզրույթային բազայի առումով, նոր մրցույթ, կրկնակի մրցույթ կարգավորումների առումով ոչ մի նորություն դուք չեք տեսնի պետական այլ մարմինների հետ համեմատությամբ, ապա որպես ընդհանուր կանոն, բոլոր տեղերում այդ տասնօրյա ժամկետը կրկնակի մրցույթների հետ նույնն է, նոր մրցույթի հետ կապված ժամկետ չկա, բայց կրկին անգամ, եթե կարծում եք, որ կա այստեղ հատուկ անհրաժեշտություն, երբեւէ այդ խնդիրը չի եղել, որովհետեւ նոր մրցույթի սահմանման համար գործում է ընդհանուր կանոնը, իսկ այդ ընդհանուր կանոնը մեկամսյա ժամկետն է որպես ընդհանուր կանոն, որ սահմանված լինում է: Դրա համար նոր մրցույթի հետ կապված գործում են ընդհանուր կանոնները եւ հատուկ կանոն չի սահմանվում: Այսքանը, շնորհակալ եմ:

Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Արձագանքո՞ւմ եք: Ռուզաննա Մուրադյան:

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալություն: Իհարկե, ես համաձայն եմ, որ իրավասությունները դրանք տրվում է այն մարմնին, որը որ պետք է իրականացնի այդ, բայց դարձյալ ես մնում եմ իմ կարծիքին, որովհետեւ նաեւ իմ փորձն է հուշում դա, որ կարգերը, որով տրվում է լիազորություն, սահմանում է կառավարությունը կամ պետական լիազոր մարմինը: Թերեւս այս ոլորտում կարելի է մի հատ նայել, ճշտել, որովհետեւ ես դա, օրինակ` համեմատում եմ եւ զուգահեռ եմ անցկացնում կրթության ոլորտի հետ: Կրթության ոլորտում ուսուցչի մրցույթով ընդունման կարգը սահմանում է կառավարությունը, մրցույթների կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը, իմ զուգահեռներն այստեղից էր:
Իսկ ինչ վերաբերում է ժամկետներին, դարձյալ ժամկետների հետ կապված պետք է ասեմ, որ մրցույթի ժամկետը դարձյալ հստակ նշելը, կարծում եմ, օրենքի մեջ այս բանը չի առաջացնի` թյուրըմբռնումը, որ, եթե առավելապես նույն հոդվածի տակ մենք նշում ենք կրկնակի եւ նոր մրցույթներ, իմ կարծիքով, ճիշտ կլինի նշել, որ երկուսի համար էլ գործում է այդ տասնօրյա ժամկետը կամ, եթե մեկ ամսյա ժամկետը ձեր համար գործում է, կարծում եմ, այստեղ նշում կարելի է անել, հղում անել: Շնորհակալություն:

Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Տիկին Մուրադյան, ստիպված եմ կրկնել փաստարկը` հետեւյալի հետ կապված: Ես հասկանում եմ, որ համադրումները գալիս են կրթության ոլորտից, բայց պետք է ասեմ, որ այստեղ համադրությունները այդքան էլ իրար հետ կիրառելի չեն, ասեմ ինչու, որովհետեւ այստեղ խոսքը վերաբերում է, պարզապես, ընթացակարգային նորմերի սահմանմանը եւ ոչ թե ինչ-որ հատուկ իրավունքների, պարտականությունների սահմանմանը, որի իրավասությունը տրվեր օրենքում եւ լիազորեր կառավարությանը: Բոլոր տեղերում դա տրված է գերատեսչական մարմնի ղեկավարին, բոլոր տեղերում: Ես, եթե կան բացառություններ, ինքս իմ եզրափակիչ խոսքում դա կնշեմ նաեւ:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այստեղ պետք է հստակ ճշտել: Այս մեկամսյա ժամկետն օրենքում սահմանված է որպես ընդհանուր կանոն: Չգիտեմ, քննարկելու հարց է, որքանով անհրաժեշտություն է նոր մրցույթի հետ կապված նորից նույն բանն ամրագրել, բայց քննարկելու հարց է: Շնորհակալություն:

No comments:

Post a Comment