Tuesday, March 11, 2014

Ռ.Մուրադյանի հարցը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին 11.03.2014

Մարտի 11, 2014թ.

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Հիմնական զեկուցող` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցերով դիմելու համար` հերթագրում: Հերթագրվել է 7 պատգամավոր: Պատգամավոր Ռուզաննա Մուրադյան, համեցեք:

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Պրն Թովմասյան, ես ուզում եմ իմանալ, թե այս կրճատումով` առեւտրի մասին գովազդի ժամաքանակի կրճատումով մենք ինչքա՞ն ավելացված ժամանակ ենք ունենում, որոնք պետք է ուղղվեն գիտական, կրթական, սոցիալական եւ այլն գովազդին: Կա՞ այդպիսի հաշվարկ, արդյոք մենք մոտավորապես ի՞նչ ժամաքանակի մասին եք խոսում, որովհետեւ մեկ ժամվա ընթացքում 90 վայրկյանը արդեն բավականին քչացրել է նախկինում առեւտրային գովազդներին հատկացված ժամաքանակը:
2-րդ հարցը` մենք ասում ենք, որ ավելի մեծ տեղ է տրվելու ավելի սոցիալական, գիտական, կրթական նաեւ առողջապահական գովազդներին: Արդյոք չպե՞տք է սահմանվեն չափորոշիչներ, նաեւ այդ գովազդների համար, որովհետեւ հնարավոր է, որ սոցիալական գովազդի անվան տակ էլի հնչեն այնպիսի գովազդներ, որոնք կփորձեն արդարացվել, եթե չկան հստակ մշակված չափորոշիչներ: Առավելապես, առողջության հետ կապված գովազդում մենք այսօր շատ հաճախ հանդիպում ենք դեղերի գովազդի, որը չգիտեմ, թե ինչքանո՞վ է արդարացված, եւ միգուցե դա դիտարկվի որպես առողջությանը նպաստող: Շնորհակալություն:

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ
-Գիտեք, առաջինի հետ կապված, այս պահին էլ մենք ունենք սահմանափակում բոլոր հեռուստաընկերությունների համար, այդ թվում` Հանրայինի, թե եթերաժամի մեկ ժամվա ընթացքում որքա՞նը պետք է օգտագործել, եւ պետք է ենթադրել, եթե չեմ սխալվում, նույն 90 վայրկյանն է բոլոր գովազդների համար, այսինքն` եթե ամբողջական վերցնենք` 24 ժամ անգամ 90 վայրկյան, կարող ենք ասել, որ այդքանն է ազատվում, բայց այդ ազատվելը բավականին հարաբերական է, որովհետեւ իրենք նման պարտականություն չունեին, որ սա պետք է պարտադիր գովազդ լինի, եւ հիմա սա հանում ենք, սրա փոխարեն պետք է մտնի պարտադիր սոցիալական գովազդը, այսինքն` այդպես մեխանիկական չի այստեղ, որ սա դուրս եկավ, սրա փոխարեն պետք է գա գովազդը:
Ինչ վերաբերվում է, սոցիալական գովազդի սահմանմանը, ապա այս նախագիծը այդ հարցին չի անդրադարձել, եւ եթե դրա կարգավորման անհրաժեշտությունը կա, եթե մենք իրականում տեսնենք, որ եթերից հեռարձակվում է քողարկված գովազդ սոցիալական գովազդի ներքո, ապա մի դեպքում Հանրային հեռուստաընկերության խորհուրդը, մյուս դեպքում կարգավորող մյուս հանձնաժողովները սրան պետք է միջոցներ ձեռնարկեն, որովհետեւ սա ուղղակիորեն կլինի օրենքի խախտում, եւ դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքները, որոնք կարող են առաջանալ, այսինքն` մի դեպքում խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի, մյուս դեպքում` մասնավոր հեռուստաընկերությունների պարագայում սա թեպետ չի տարածվում դրա վրա, այսինքն` այսօր գործող կանոններով, եթե սոցիալական գովազդի ներքո այլ գովազդ` թաքնված ապրանքների, ծառայությունների գովազդ եղավ, պետք է իր գործիքակազմերը օգտագործի, այսինքն` պատժամիջոցներ եւ պատասխանատվության տեսակներ:

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ
-Արձագանքի համար` Ռուզաննա Մուրադյան:

Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Ես, իհարկե, կիսում եմ ձեր կարծիքը, բայց նաեւ մտավախություն ունեմ, որ քանի դեռ երեւույթը չի եղել, մենք չենք փորձում կանխարգելել, այսինքն` միգուցե պետք է նաեւ մտածել, որ պետք է սրա կարգավորման հետ կապված, որ նախապես մտածվեն այն չափորոշիչները, որոնք կտրվեն գովազդատուներին, ոչ թե լրացուցիչ խնդիր կստեղծեն մեզ համար, սպասենք, այդ երեւույթը լինի, տուգանենք կամ ինչ-որ բան: Ես կարծում եմ, որ սա կարգավորման խնդիր ունի, եւ խնդիրը տեսնում եմ ոչ թե հեռուստաընկերությունների խորհրդի կամ հեռուստաընկերությունների մեջ, այլ կարծում եմ, որ սա պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում, որովհետեւ, ինչպես օրենքում էլ է նշված, Հանրային հեռուստատեսությունը ապահովում է հանրության համար, հանրության լայն մասսաների համար ավելի բարձր արժեք ունեցող տեղեկատվություն, եւ ավելի մեծ կարեւորություն է ներկայացնում: Հետեւաբար, դա պետք է լինի ավելի պետական հոգածության ներքո: Շնորհակալություն:

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ
-Ընդհանրապես, շատ մանրամասն կարգավորումները, երբ որ պետությունը սկսում է շատ փոքր, ոչ էական հարաբերություններ կարգավորել, որոնք ինքնին դեռեւս հասարակության համար խնդիր չեն առաջացել, սրա մեջ էլ միշտ վտանգ կա, այսինքն` այդ գերկարգավորվածությունը, բոլոր հարաբերությունների, կբերի, որ ինչ-որ բան փոխվեց կամ, եթե ինչ-որ բան սխալ է, արագ այդ ամբողջը փոխել:
Եթե գտնում եք, որ կա, կարող ենք միասին քննարկել եւ փորձել դրա սահմանումները տալ: Բայց իմ պատկերացումը այս պահին, որ նման խնդիր չի առաջացել, այսինքն` հեռուստաընկերությունները նման փորձ չեն կատարել, առավել եւս` Հանրային հեռուստաընկերությունը, որ սոցիալական գովազդի տակ, փաթեթավորմամբ փորձի ապրանքների կամ ծառայությունների գովազդ: Երբ որ լինի, տեսնենք, որ ինքնին սոցիալական գովազդի հասկացության բովանդակությունը թյուրընկալման կամ տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս, միգուցե կսկսենք դրա կարգավորումը:
Այս պահին, կրկնում եմ, եթե չենք կարգավորել, ապա ապրիօրի ենթադրվում է,ո ր կարծել ենք, թե դրա անհրաժեշտությունը չկա: Բայց եթե գտնում եք, որ կա, միշտ պատրաստ ենք քննարկելու:

No comments:

Post a Comment