Wednesday, September 10, 2014

Բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է ուղիղ ծառայել արտաքին թշնամուն

ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանը բավական թեժ սկսվեց: Ըստ կանոնակարգ օրենքի, յուրաքանչյուր նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը:  Խորհրդարանական ընդդիմությունը սվիններով ընդունեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն առաջարկը, ըստ որի` 11 հոգանոց հաշվիչ հանձաժողովի անդամներից հինգը պետք է լինեն ՀՀԿ-ից: Սրա հետ կապված սկսվեցին թեժ քննարկումներ:
 Հայտնի է, որ խորհրդարանական պատմության մեջ շատ նախագծեր ընդդիմադիր խմբակցությունները ցանկացել են տապալել ամենատարբեր ձեւերով, սակայն այն, ինչ արել էր արդեն ամերիկաներում իր հանգիստն ու ուսումը վայելող "Ժառանգություն" խմբակցության արդեն նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նրա մտքի թռիչքին կնախանձեր անգամ Ադրբեջանի նախագահ  Ալիեւը: Հիշեցնենք, որ երբ Ազգային ժողովում քվեարկության պետք է դրվեր գազի, նավթամթերքների, ադամանդագործության զարգացման ու հայ-ռուսական հարաբերությունների հարցը, տիկինը ԱԺ հերթական ընդմիջման ժամին սկսեց հափշտակել պատգամավորներից շատերի քվեարկության քարտերը, որի համար, ի դեպ, որեւէ պատասխանատվության չենթարկվեց: Որքանով է հարիր հատկապես կնոջը նման քայլերը` հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ նշեց. 
- Ես ընդհանրապես դեմ եմ Աժ աշխատակարգը խանգարելուն եւ խաթարելուն: Բայց փորձը ցույց տվեց, ինչպես եւ ականատես եղանք, որ նախորդ նիստի ժամանակ քվեարկության դրված մի շարք հարցեր փորձեցին խաթարել: Եթե հարցը դիտարկեմ` որպես կին, ապա չէի  պատկերացնի, որ կարող են ԱԺ-ում լինել չգրված օրենքներ, որոնք դուրս են ոչ միայն կանոնակարգից, այլեւ նորմալ ու քաղաքակիրթ աշխատող պատգամավորի վարքագծից:
- Կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքը ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյան եւ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյան հակամարտության մասին:
- Կարծում եմ, որ դա ընդամենը տեսակետների արտահայտման ձեւ էր, եւ էքս նախագահը եւս հայտնեց իր կարծիքը, իսկ կառավարության պատասխանն էլ եղավ հավուր պատշաճի: Այսօր մենք առավել  ուշադրություն պետք է դարձնենք, թե ինչպես է Ադրբեջանն իր ոտնձգություններով ու  դյուրագրգիռ վարքագծով բացասական  ազդում Հայաստանի վրա, սրան զուգահեռ` տեսնում ենք միջազգային հարթակում ՀՀ-ի եւ Արցախի հարցով  լուրջ ձեռքբերումներ: Միջազգային հայտնի իրավապաշտպան "Ֆրիդոմ Հաուզ" կազմակերպության կողմից Ադրբեջանը  համարվեց անազատ երկիր, իսկ դրա կողքին ԼՂՀ-ն համարվեց ավելի ժողովրդավարական երկիր, կարծում եմ, որ այդ հայտարարությունները հենց Ադրբեջանին դարձրին ավելի դյուրագրգիռ, որի արդյունքում սկսեց իր ոտնձգությունները: Տարածաշրջանում խաղաղության պահպանումը չպետք է լինի միայն Հայաստանի մտաhոգությունը, այլ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այլ երկրների եւ միջազգային կառույցների մտահոգությունը: Հայաստանին միշտ տրվել են ընդհանուր, խաղաղեցնող  գնահատականներ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բայց դա բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի վրա, որը շարունակում է իր սուտ քարոզչությունները` ռամիլսաֆարովյան գործելաոճով: Խաղաղ ճանապարհով հարցի լուծումը դրանք միայն բառեր չեն, այլ պետք է լինեն կոնկրետ գործողություններ:
- Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը հենց տեսնում է, որ մեր երկրի ներսում թեկուզ մի փոքր անկայունություն է, սկսում է իր անօրինական գործողությունները սահմանի վրա: Իսկ թեկուզ էքս նախագահի տարեվերջյան ու տարեսկզբյան հայտարարությունները պատահական չէին:
- Այո, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է օգնել կամ խանգարել, կարող է ուղիղ ծառայել արտաքին  թշնամուն: Դրա համար պետք է զգոն լինենք ու հասկանանք` ինչն է մեր երկրի ու ազգի շահից բխում: Մեր արտաքին թշնամու դեմ կարող ենք պայքարել միայն ներքին համախմբման ճանապարհով: Չնայած բազում մարտահրավերների եւ խնդիրների` մեր երկիրը գնում է ժողովրդավարության զարգացման ճիշտ ընտրած ճանապարհով, ինչը բարձր է գնահատվում նաեւ միջազգային կառույցների կողմից: Այսօր մեր պետությունը լայն հնարավորություններ է ստեղծել քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ զարգացման համար` ազատ դաշտ ստեղծելով  յուրաքանչյուր քաղաքացու համար` իր կարծիքն արտահայտելու, քաղաքացիական նախաձեռնություններով հանդես գալու, խնդիրների եւ դրանց լուծումների շուրջ բաց երկխոսություն ծավալելու, էլ ինչ կարիք կա թշնամու ջրաղացին ջուր լցնել: Իսկ առաջ գնալու լավագույն ճանապարհը ոչ միայն շարունակ չարությամբ խնդիրներից խոսելն է, այլ ժամանակ առ ժամանակ հետ նայելն ու ձեռքբերումները գնահատելն է:  
- Ադրբեջանը թե՛ իր տարածքով, թե՛ ֆինանսապես ավելի հզոր է համարվում Հայաստանից` ելնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից: Ինչո՞վ է պայմանավորված նրանց անընդմեջ հիսթերիան:
- Թե՛ միջազգային հանրության, թե՛ այլ երկրների կողմից Արցախի ինքնորոշմանն ու Հայաստանին տրված տարբեր դրական գնահատականները Ադրբեջանին հասցնում է հիսթերիայի, որի մասին արդեն ասացի: Վերջերս էլ, Կալիֆորնիայի նահանգը որոշեց, որ դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին ուսումնական պլանում պետք է ներառվի, իսկ օրերս էլ Ֆրանսիայի արդարադատության նախարարը հայտարարեց, որ պետք է անպայման ընդունվի Հայոց ցեղասպանության քրեականացումը ժխտելու օրինագիծը, որպեսզի այսուհետ աշխարհի համար ցեղասպանությունը դատապարտելի լինի: Օրինակները շատ են, որոնք կարող ենք անընդհատ ասել, իսկ Ադրբեջանն այս ամենը տեսնելով` իր սուտ ստեղծագործական քարոզչությունն է իրականացնում, որպեսզի դրանով մոլորեցնի միջազգային հանրությանը: Նրանք շատ անգամ փորձում են իրենց կեղտոտ արարքները հայերի վրա բարդել: Ավելին` այդ մասին նրանք գրում են նաեւ իրենց  պատմության գրքերում` փորձելով հայերի նկատմամբ ատելություն սերմանել իրենց սերնդի մեջ, թե իբրեւ մենք մարդասպան ենք: Իսկ մենք միշտ եղել ենք ոչ թե ընդդեմի, այլ հանունի կողմնակիցը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.zaruhi.com/ishxanavor/2450-ishxanavor

No comments:

Post a Comment