Thursday, April 28, 2016

«Ադրբեջանից ուղարկված դեսանտ»


«Ոնց որ Ադրբեջանից ուղարկված դեսանտ լինես էստեղ»,- այսօր խորհրդարանում, Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ նման ռեպլիկ նետեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում Ռուզաննա Մուրադյանը նկատեց, որ Զարուհի Փոստանջյանը «վերջին շրջանում կարծես պատգամավորին վայել պահվածք էր փորձում դրսեւորել», բայց պարզվեց, որ «Կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Զարուհի Փոստանջանը քննադատում էր Սերժ Սարգսյանին եւ Սեյրան Օհանյանին: ՀՀԿ-ական պատգամավորին ոչ թե քննադատությունը դուր չէր եկել, այլ այն, որ անկախ նրանից, թե ի՞նչ հարց է քննարկվում, Զարուհի Փոստանջյանը գործի է դնում իր «որոշակի բառապաշարն`ուղղված ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարին»: Զարուհի Փոստանջյանի այսօրվա ելույթը հատկապես էր բարկացրել Ռուզաննա Մուրադյանին, քանի որ Հայաստանը քառօրյա պատերազմից, ըստ էության դեռ դուրս էլ չի եկել ու խորհրդարանի ամբիոնից հնչող նման ելույթը ուղղակիորեն Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել է`էժանագին քաղաքական դիվիդենտներ շահելու համար. «Սա էժանագին, նվաստացուցիչ պահվածք է, այն էլ այս օրերին, երբ բոլորս համախմբվել ենք մեր զինվորի ու պետության կողքին`հանուն ազգային արժանապատվության եւ պետականության: Նման ճիչերը որակապես չեն ազդում մեր միասնականության վրա: Ավելին, վնասում են հենց տվյալ անձի իմիջը: Ես ցավում եմ, որ մեր խորհրդարանի պատգամավորն այսօր նման վարքագիծ է դրսեւորում»: Երեկ, ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, որ լռում են եւ չեն հակադարձում: Ռուզաննա Մուրադյանից հետաքրքրվեցինք`դրանո՞վ էր պայմանավորված Զարուհի Փոստանջյանի ելույթի նկատմամբ ՀՀԿ-ականների բուռն արձագանքը: «Հավանաբար բազմիցս նկատել եք, որ Փոստանջյանի նախորդ պոռթկումներին պատասխան տվողներից մեկն էլ ես եմ եղել: Այնպես որ, չեմ կարծում, թե դրանով էր պայմանավորված»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը`հավելելով, որ իր համար անհանդուրժելի է, երբ խորհրդարանի ամբիոնը վերածում են «դավաճանական հարթակի», որտեղ փորձ է արվում շահել «անձնական քաղաքական դիվիդենտները»: ՀՀԿ-ական պատգամավորը ամոթալի է համարում պատերազմում զոհված հերոս տղաների անունները շահարկելը. «Նրանց անունները տալուց տասն անգամ պիտի մտածենք`որտեղ ենք հնչեցնում այդ անունը, ինչո՞ւ ենք բերում օրինակը, ի՞նչ ենք ստանալու դրանից: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար հաստատ չարժե դա անել: Մանավանդ, որ վստահ եմ, դա քաղաքական դիվիդենտ էլ չի բերի: Մեր ընդդիմադիր գործընկերներին էլ դուր չեկավ այդ վարքագիծը: Նման վարքագիծը ստվեր է գցում նաեւ ընդդիմության վրա, քանզի ընդդիմություն լինելը չի նշանակում ազգի դավաճան լինել: Ընդդիմություն լինելը կարծիքների եւ գաղափարների տարաձայնությունն ու բախումն  է`հանուն զարգացման»: Ռուզաննա Մուրադյանը կարծում է, ընդդիմադիրներն էլ, հայ ժողովուրդն էլ պետք է պատշաճ գնահատի նախագահի քայլերը միջազգային հարթակներում եւ մենք էլ մեր համախմբվածությամբ «հարվածենք թշնամուն, չսպասենք միայն զինվորի զարկին», որպեսզի լիարժեք հաղթանակի գնանք այս իրավիճակում: ԸՕ-ի նախագծի մասին Ռուզաննա Մուրադյանի մոտեցումները` տեսանյութում 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://www.aravot.am/2016/04/28/685931/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook 


No comments:

Post a Comment