Tuesday, May 17, 2016

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի մայիսի 17-ի ելույթը հայտարարությունների ժամին

Այս օրերին, երբ բոլորիս ուշադրության կենտրոնում Ղարաբաղա-Ադրբեջանական սահմանային իրավիճակն է, շարունակվում են առիթ-անառիթ մեղադրանքներ հնչեցնել իշխանություններին՝ հաշվի չառնելով տվյալ իրավիճակում դա տեղին է թե ոչ, կամ երբ տեղի են ունենում միջազգային բնույթի հանդիպումներ, արդյո՞ք իրենց այդ քայլը չի վնասի մեր երկրի հեղինակությանը: Բոլորս խրախուսում ենք առողջ քննադատությունները, բայց երբ արվում են անհիմն, անառիթ, ոչ տեղին ու ժամանակին հայտարարություններ ու մեղադրանքներ, երբ առաջինը նայում են ոչ թե երկրի շահերից ելնելու, այլ ինքնահաստատվելու, դրանք արդեն ոչ ադեկվատ դրսևորումներ  են:  Մենք առավել քան երբևէ պետք է լինենք միասնական: Վստահ եմ, որ տվյալ պահին բոլորիս մտահոգում է մեկ հարց, և մեր քայլերը  պետք է ուղղված լինեն նպաստելու այդ հարցի լուծմանը և ոչ թե խանգարելուն:
Մասնավորապես, խոսքս վերաբերում է նրան, որ երբ ՀՀ նախագահը պատրաստվում է մասնակցել միջազգային հարթակներում  բանակցային գործընթացներին, որտեղ ինչպես երևում է տեղի ունեցած բանակցություններում ՀՀ նախագահը բավական պարզ և կոշտ հասկացրել է լղոզված, անհասցե հայտարարություններով հանդես եկող համանախագահներին Ադրբեջանի վարքագծի մասին,  այստեղ  փորձում են անհիմն հայտարարություններով խանգարել և անձնական դիվիդենտներ շահել, չհասկանալով որ տվյալ իրավիճակում իրենց այդ քայլերն ուղղված են ոչ թե կոնկրետ անձի, այլ ամբողջ երկրի հեղինակությանը:
ՈՒզում եմ նաև անդրադառնալ այն հարցին, որ երբ ի սկզբանե տարբեր քաղաքական ուժերի կողմից պահանջ է առաջ քաշվում կազմակերպել փակ քննարկում այս կամ այն հարցի շուրջ տարբեր ձևաչափերով, վերջում պարզվում է, որ որոշ մարդիկ լավ չեն գիտակցել  քննարկման փակ լինելու պատճառներն ու ակնկալիք հետևանքները, և քննարկումից հետո հանրայնացնում են  փակ նիստում ստացած տեղեկատվությունը:
Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ քաղաքական հարցերում, բայց մենք մեկ թիմ ենք, և ոչ միայն հանրապետական կուսակցությունը, այլև բոլոր քաղաքական ուժերը, և հատկապես, երբ հարցը վերաբերում է մեր երկրի անվտանգությանն ու հեղինակությանը, պարտավոր ենք միասնական լինել  զայրացնել մեր թշնամիներին և խարխլել նրանց առանց այդ էլ ձախողված պլանները: Տարբեր միջազգային հարթակներում մեր երկրի նախագահը միշտ հանդես է եկել ուժեղի դիրքերից՝ իր թիկունքում զգալով բոլորիս միասնականության շունչը:   
Պահպանենք այն բոլոր հարթակներում հաղթանակներ գրանցելու համար:
Անհրաժեշտ է մեր ինքնավստահության և միասնականության ներկայիս կայծը աստիճանաբար վերածել հարատև կրակի:
Նյութի աղբյուրը՝

No comments:

Post a Comment