Monday, May 16, 2016

Ռուզաննա Մուրադյան. «30/70 համամասնության ամրագրումն երաշխիք է ու մեծ ձեռքբերում»

Ընտրական օրենսգրքում  սեռերի ներկայացվածությունը կուսակցությունների ցուցակներում  ամրագրվել է  30/70 տոկոսային հարաբերակցությամբ՝ ներկայիս 20/80 փոխարեն,   ասաց WomenNet-ի հետզրույցում  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ իրենց այդ առաջարկին միացել են ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ:

«Այս կարևոր առաջարկն արվել է նկատի ունենալով, որ 2030 թվականին պետք է ունենանք 50/50 համամասնությունը: Դրա համար հանդես եկանք այս առաջարկով, փորձեցինք դրանում ներգրավել Ազգային Ժողովի ոչ միայն կին բոլոր պատգամավորներին, այլև տղամարդկանց, ովքեր ցանկացան միանալ ստորագրահավաքին: Ու նշեմ, որ բավականաչափ շատ ստորագրություններով այս առաջարկությունը ներկայացվեց Ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման քննարկմանը»,- ասաց  Ռուզաննա Մուրադյանը՝ նշելով, որ առաջարկն ընդունվեց  մեկ վերապահմամբ՝ 30/70 համամասնությունը ուժի մեջ կմտնի  միայն 2022 թվականից, իսկ մինչ այդ, ներկայիս փոփոխություններով , կգործի  25/75 համամասնությունը:

Մեր դիտարկմանը, որ  30/70 համամասնությունը կուսակցութթյունների ցուցակներում  պարտադիր կլինի միայն վեց տարի հետո, պատգամավորը նշեց, որ ընկալում  է   դա որպես երաշխիք, համատեղ աշխատանքի արդյունք, որն  այդուհանդերձ ընդունվեց Կառավարության կողմից եւ ամրագրվեց Ընտրական օրենսգրքում. «Սա իսկապես կարևոր ձեռքբերում էր», – ընդգծեց նա:

Ռուզաննա Մուրադյանը կարևորեց ու հույս հայտնեց, որ  ապագայում ՝ գուցե հաջորդ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ այլեւս կարիք չի լինի  խոսել  տոկոսային այդ  համամասնության մասին.

«Ի վերջո, շեշտը պետք է դնենք ոչ թե տոկոսների ամրագրման վրա, այլ մարդկանց չափենք իրենց կարողություններով, ներուժով և պաատրաստվածությամբ: Բայց հուսանք, որ սկզբի համար կանանց ներկայացվածության մասին  պարտադիր պահանջի ամրագրումը խթան կհանդիսանա,  որպեսզի  ճիշտ ուղու վրա ընկնենք ու  մեզ այսօր  անհրաժեշտ քաղաքական մշակույթը ձևավորվի: Իսկ հետագան արդեն ցույց կտա, թե որքանով է մեզ համար հասանելի   2030-ին մատնանշած հավասարության  նշաձողը»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև հավասատիացրեց, որ   խորհրդարանի կանայք այսօր շահագրգիռ են բարձրացնել այդ հարցը և միավորվել՝ նոր ճանապարհ  բացելով  ավելի մեծ թվով կանանց մասնակցության համար:

Զրուցեց Լիա Խոջոյանը

No comments:

Post a Comment