Thursday, October 4, 2012

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորի հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:


Ինձ համար տղամարդու իդեալական կերպարը Գեւորգ Մարզպետունին է. ԱԺ պատգամավոր, Ռ.Մուրադյան

Ի՞նչ կարծիքի եք ինքներդ ձեր մասին: Բնութագրեք Ռուզաննա Մուրադյանին:
Ես կարծում եմ, որ  աշխատասեր, նպատակասլաց, պատասխանատու մարդ եմ, ով նվիրված է իր հայրենիքին եւ ընտանիքին:
Ձեր առավելությունները եւ թերությունները:
Իմ առավելությունն ու թերությունը այն է, որ ամեն ինչում ձգտում եմ  կատարելությանը:
Ձեր թուլությունները կամ խոցելի կողմերը:
Եվ թուլությունը, եւ խոցելի կողմը իմ չափից ավելի խղճով լինելն է:
Կյանքից ստացած դասեր:
Անհրաժեշտ է միշտ հիշել, որ երբ պարտվում ես, չես կորցնում կուտակած փորձը:
Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից եւ կին պատգամավորներից, որո՞նք են ձեր առանձնահատկությունները:
Բոլորս իրարից տարբերվում ենք մեր անհատականությամբ, իսկ իմ առանձնահատկությունների մասին թող խոսեն գործընկերներս: Շատ ուրախ եմ, որ կանանց թիվն ավելացել է խորհրդարանում, առավել եւս, որ խորհրդարան են եկել խելացի եւ բանիմաց կանայք:
Հայելու առաջ: Ի՞նչ կփոխեիք ձեր արտաքինում:
Ոչինչ չեմ փոխի, կմնամ այնպիսին, ինչպիսին որ կամ:
Ի՞նչ հատկանիշներ եք ամենից շատ գնահատում տղամարդու եւ կնոջ մեջ:
Մարդու մեջ ամենից շատ գնահատում եմ անկեղծությունը:
Ի՞նչը չեք ներում ձեզ:
Չեմ ներում, որ ընդամենը երկու երեխա եմ ունեցել:
Ի՞նչ սխալներ եք գործել:
Մարդը անսխալական չէ, բայց առ այսօր այնպիսի սխալներ չեմ գործել, որ հիշեմ:
Ինչի՞ համար եք զղջում:
Զղջում եմ չարած բաների համար:
Ի՞նչ երբեք չեք անի:
Երբեք խղճիս դեմ չեմ գնա:
Երբեւէ ամաչե՞լ եք ինչ-որ ձեր արածի կամ ասածի համար:
Ոչ, չեմ ամաչել:
Ինքներդ ձեզնից գո՞հ եք, եւ եթե այո, ապա` ինչու, իսկ եթե ոչ, ապա հատկապես ինչի՞ց եք դժգոհ:
Ես ինձնից գոհ եմ, որ ժամանակը կարողանում եմ ճիշտ պլանավորել եւ տնօրինել, սակայն դժգոհ եմ, որ այդ պլանավորման մեջ քիչ ժամանակ եմ հատկացնում իմ հանգստին:
Ամենաշատը ի՞նչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
Հարազատներիդ մտահոգություն չպատճառելու եւ խնայելու նպատակով երբեմն փորձում ես խուսափել ճշմարտությունից:
Ինչո՞ւ որոշեցիք պատգամավոր դառնալ եւ ընտանիքի անդամները` ամուսին, երեխաներ, ծնողներ, ինչպե՞ս ընդունեցին ձեր այդ որոշումը:
Ես ընտրվեցի պատգամավոր: Կյանքում իմ ունեցած բոլոր հաջողությունների համար երախտապարտ եմ իմ ընտանիքի անդամներին՝ ամուսնուս, երեխաներիս, ծնողներիս, ովքեր իմ  կյանքի պատասխանատու բոլոր պահերին քաջալերել եւ աջակցել են  ինձ:
Երկար տարիներ աշխատել եք որպես մանկավարժ եւ շփվել երեխաների հետ, այժմ աշխատանքի բերումով շփվում եք պատգամավորների հետ: Ի՞նչ տարբերություն երեխաների եւ պատգամավորների միջեւ, ո՞ւմ հետ է ավելի հեշտ եւ հետաքրքիր շփվելը:
Երեխաների հետ աշխատանքի ընթացքում շատ բան եմ սովորել երեխաներից:
Պատգամավորների հետ աշխատանքի ընթացքում էլ շատ բան եմ սովորում նրանցից: Բոլոր դեպքերում էլ հետաքրքիր է շփվելը, եթե տիրապետում ես հաղորդակցման հմտություններին:
Ձեր սիրելի աֆորիզմը:
Եթե հաջողում ես պլանավորումդ, պլանավորում ես հաջողությունդ:՚՚՚՚
Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:
Անկեղծ ասած, ես ապրում եմ հույսով, որ երբեք չի ամաչեցնում, հավատքով, որ երբեք չի երկմտում, եւ սիրով, որ երբեք չի վերջանում: 
Զայրանում եք...
Երբ մարդիկ չեն գիտակցում, որ լավ է չասել ոչինչ, քան ասել ոչինչ…
Հոգնում եք...
Միապաղաղությունից...
Հուսահատվում եւ հիասթափվում եք...
Մենք պետք է ընդունենք սահմանափակ հիասթափությունները, բայց երբեք չկորցնենք ահսահման հույսը:
Ինչպե՞ս եք լիցքաթավում` երգել, պարել, շոպինգ, մարզասրահ այցելել:
Լիցքաթափվում եմ ընտանիքիս անդամների համար խոհանոցում համեղ ուտելիքներ պատրաստելով:
Հաջողությունների հասնելու երեք պայման:
Երբ մարդու պատրաստվածությունն ու ցանկությունը հանդիպում է հնարավորությանը:
Ձեր սիրելի զբաղմունքները:
Սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, զբոսնել, ընտանիքիս հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել:
Ձեր վատագույն սովորությունը:
Երեկոյան ուշ քնելը:
Մաքս Կաուֆմանը գրում է. «Ես չգիտեի,թե ինչ է երջանկությունը մինչ ամուսնանալը:Իսկ հետո արդեն ուշ էր»: Դուք գիտեք` ի՞նչ է երջանկությունը:
Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկությունը՝ երբ քեզ սիրում են, իսկական երջանկությունը՝ երբ դու ես սիրում: Եվ ես վայելում եմ այդ երջանկությունը:
Ձեր սիրելի գույնը եւ ծաղիկը:
Իմ սիրելի գույնը սպիտակն է, իսկ ծաղիկը՝ վարդը:
Եթե ոչ դուք, ապա ուրիշ ո՞վ կցանկանայիք լինել:
Ես կցանկանայի մնալ ինքս:
Որտե՞ղ կցանկանայիք ապրել:
Իհարկե իմ հայրենիքում:
Ձեր սիրելի բանաստեղծները:
Պ.Սեւակ, Ե.Չարենց, Հ.Սահյան, Պ.Դուրյան, Շ.Ազնավուր, Ս.Եսենին, Ա.Բլոկ եւ այլ դասականներ:
Ձեր սիրելի նկարիչները եւ կոմպոզիտորները:
Սիրում եմ Հ.Այվազովսկու, Մ.Սարյանի,  Ժան Գառզու, Լեոնարդո դա Վինչիի կտավները եւ նախընտրում եմ լսել Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Բեթհովենի, Մոցարտի ստեղծագործությունները:
Գրականության կամ պատմության մեջ ո՞վ է ձեզ համար տղամարդու իդեալական կերպար:
Ինձ համար տղամարդու իդեալական կերպարը Գեւորգ Մարզպետունին է, որը ոչ միայն պատմական անհատ է, այլեւ նորահայտ առաքյալների նախատիպը: Ազնիվ, առաքինի, վեհանձն, նա դավանում է մարդկային գոյության արժեքներից բարձրագույնը՝ հայրենասիրությունը, որ ինքն անվանում է ՙանձնականը ընդհանուրին զոհելու քաջություն:
Ձեր սիրելի հերոսները իրական կյանքում:
Իրական կյանքում իմ սիրելի հերոսն իմ հայրն է:
Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին,քան թե հավատա կնոջ երդումին: Կհիշե՞ք ստեղծագործության եւ հեղինակի անունը: համաձա՞յն եք այս մտքի հետ:
Իհարկե համաձայն չեմ մտքի հետ, իսկ ստեղծագործությունը Ա.Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմից է:
Ինչպիսի՞ն եք խոհանոցում, ի՞նչ  եք սիրում պատրաստել, ի՞նչ` ոչ: Պատգամավոր ընտրվելուց հետո ե՞ւս զբաղվում եք տնային գործերով, թե՞…
Ես սիրում եմ, որ իմ տնային գործերը անում եմ ինքս, անձամբ, իսկ խոհանոցում սիրում եմ ստեղծագործել: Ասում են, որ շատ համեղ է ստացվում:
Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք ձեր ամուսնու ծնողների հետ, հարս-սկեսուր «հակամարտությունը» ձեր դուռը չի՞ բախել:
Ամուսնուս ծնողների հետ միշտ եղել ենք ջերմ հարաբերությունների մեջ: Մեզ մոտ երբեք հակամարտություն չի եղել, այլ եղել  է փոխադարձ հարգանք: Ասում են, որ ես իրենց սիրելի հարսն եմ:
Ի՞նչ եք կարծում` ինչպիսի զոքանչ կամ սկեսուր կլինեք, դո՞ւք եք ընտրելու ձեր ապագա հարսին կամ փեսային, թե՞ ոչ: Օրինակ` ձեզ համար սկզբունքա՞յին է, որ հարսը ձեզ «մայրիկով» դիմի, իսկ երեխային անվանեն ձեր անունով:
Ես արդեն երկու հրաշալի փեսաների զոքանչ եմ, որոնց ընտրել են իմ աղջիկները, եւ իրենց ընտրությանը ես չեմ միջամտել: Իսկ թե ինչպիսի զոքանչ եմ ես, պետք է հարցնել իմ փեսաներին:
Ձեր հանդերձարանը, որտեղի՞ց եք ձեզ համար հագուստ գնում:
Ունեմ մի քանի նախընտրած խանութներ, որոնց առաջարկած հագուստները համապատասխանում են իմ ճաշակին:
Շաբաթական ինչքա՞ն գումար է ձեզ անհրաժեշտ գեղեցիկ եւ խնամված տեսք ունենալու համար:
Գեղեցիկ եւ խնամված տեսք ունենալու համար անհրաժեշտ է մեծ ցանկություն եւ քիչ գումար:
Ամենաթանկարժեք իրը, որ ունեք: (ադամանդե վզնոց, մեքենա, տուն, մուշտակ եւ այլն)
Ունեմ առաջին անհրաժեշտության իրեր, բայց ինձ համար ավելի թանկ են հոգեւոր արժեքները:
Ամենառոմանտիկ օրը:
Երբ ամուսինս ինձ սեր խոստովանեց:
Ո՞րն է կյանքում սերը խոստովանելու ամենալավ ձեւը: Ձեզ ինչպե՞ս են սեր խոստովանել:
Լռությամբ, որն ավելի պերճախոս էր:
Անցած սերեր, ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որպեսզի կարողանա գրավել ձեր սիրտը:
Իմ սիրտ արդեն գրավված է:
Ինչպիսի՞ն է ձեր ամուսինը, ինչպե՞ս նրան հանդիպեցիք:
Իմ ամուսինը իմ երազած տղամարդու կերպարն է, որին հանդիպել եմ պատահաբար:
Ձեր ընտանիքը: Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են առաջանում:
Ունեմ երկու դուստր, որոնք ամուսնացած են, կազմել են երկու հրաշալի ընտանիքներ եւ պարգեւել են մեզ երեք տղա թոռնիկներ: Մեր ընտանիքը համերաշխ է, իսկ վեճերը երբեմն ծագում են միմյանց նկատմամբ ուշադրության եւ հոգատարության դրսեւորման արդյունքում:
Օսկար Ուայլդը ասում է, որ պետք է միշտ սիրահարված լինել, ահա թե ինչու երբեք չարժէ ամուսնանալ:
Համաձայն չեմ այդ մտքի հետ, քանի որ կարելի է նաեւ ամուսնանալ, բայց միշտ մնալ սիրահարված:
Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը ձեզ հարցնում է, թե  ի՞նչ փոխեց ձեր կյանքում պատգամավորի կարգավիճակ ստանալը:
Փոխվեց իմ աշխատանքի բնույթը, եւ էլ ավելի մեծացավ պատասխանատվությունը քո անձի եւ հանրության նկատմամբ:
Այժմ նշեք, թե դուք ինչ կցանկանայիք հարցնել շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը չգիտեմ, թե ով կլինի:
Ի՞նչ կմաղթեք ձեր գործընկեր պատգամավորներին:
Նշենք, որ Ռուզաննա Մուրադյանը մասնագիտությամբ ֆիզիկ է, ունի 30 տարվա մանկավարժական փորձ, մանկավարժական գիտությունների թեկնածու է, 13 տարի ղեկավարել է Գր.Զոհրապի անվան հ.43 դպրոցը, իսկ այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր է:

No comments:

Post a Comment