Friday, February 15, 2013

«Կան բացարձակ արժեքներ, որոնք չի կարելի շահարկել անգամ քարոզարշավի ընթացքում»

ՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ քարոզարշավում հնչած քննադատությունների եւ ՀՀԿ թեկնածուի անկաշկանդ շփումների մասին

 - Ինչո՞ւ են ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները հիմնականում դահլիճային: Իսկ այդ հանդիպումներին մասնակցում են «ընտրյալները»: Լրատվամիջոցներում, այդ թվում նաեւ «Առավոտում», քանիցս եղան նման փաստեր: Ինչի՞ց է վախենում կամ զգուշանում իշխող Հանրապետական կուսակցությունը: 
- Դահլիճային հանդիպումները երկխոսության ավելի արդյունավետ հնարավորություններ են ստեղծում ընտրողի եւ ընտրվողի միջեւ, իսկ ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավում կարեւոր տեղ է հատկացվում ոչ միայն իր կողմից կատարված աշխատանքների հաշվետվությանը, նախընտրական ծրագրի ներկայացմանը, այլեւ ընտրողների կողմից խնդիրների ու հարցերի բարձրացմանը, այսինքն՝ ընտրողների հետ անմիջական երկխոսության  կազմակերպմանը: Տեղերը սահմանափակ լինելու պատճառով այդ հանդիպումներին մասնակցում են տարբեր կոլեկտիվների  ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են՝ բարձրացնելու իրենց կոլեկտիվի առաջ քաշած հարցերը, ինչպես նաեւ մասնակցում են այլ հետաքրքրված  քաղաքացիներ: Ընդամենը ամիսներ առաջ ԱԺ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հիմնականում բացօթյա հանդիպումներ էր իրականացնում ընտրողների հետ: Նրա շփումը ժողովրդի հետ միշտ էլ եղել եւ մնում է ազատ, անմիջական եւ առանց ավելորդ սահմանափակումների: 
- Ինչո՞վ կբացատրեք այն, որ այդ դահլիճային հանդիպումներում հնչում են նախօրոք նախապատրաստված հարցեր. մի՞թե ՀՀԿ-ն այդքան զգուշավոր լինելու խնդիր ունի: Ինչո՞ւ են ՀՀԿ-ում խուսափում հանրության հետ դեմ առ դեմ, հստակ, ճիշտ շփումից: 
- Նախապես պլանավորված հարցեր չեն լինում, քանի որ, ինչպես արդեն նշեցի, մթնոլորտը շատ ազատ եւ անկաշկանդ է՝ յուրաքանչյուրի համար բարձրացնելու իր հարցը: Այս քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր մարզկենտրոնում կազմակերպվում են ինչպես դահլիճային, այնպես էլ բացօթյա հանդիպումներ, եւ երկու դեպքում էլ հենց ՀՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպումներն են, որ անցնում են դեմ առ դեմ, հստակ, ճիշտ ու նույնիսկ այնքան անկաշկանդ մթնոլորտում, որ վերջին շրջանում առիթ են տալիս  շահարկելու ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ ժողովրդի հետ ազատ, անկաշկանդ խոսելու, անմիջական շփվելու, ժողովրդական լեզվով զրուցելու հանգամանքը: 
- Հավանաբար նկատի ունեք այն, որ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ թեկնածուն մի քանի անգամ անհարմար իրավիճակների մեջ հայտնվեց՝ «խիյարը թարս աճելու» պատմության, բանակի օրը Եռաբլուրում տեղի ունեցածի եւ Գյումրիում արած այն հայտարարության հետ, որ քանի տոկոս ցանկանա, այնքան էլ «կխփի» ընտրությունների արդյունքում. ինչպե՞ս եք բացատրում այդ ամենը:
- Ինչպես վերը նշեցի, ՀՀ կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը անցնում է ազատ, անկաշկանդ, անմիջական շփումների մթնոլորտում, ինչն էլ  որոշ դեպքերում առիթ է տալիս շահարկելու նախագահի թեկնածուի՝ ժողովրդի հետ ազատ, անկաշկանդ խոսելու, անմիջականորեն շփվելու, ժողովրդական լեզվով զրուցելու հանգամանքը, իսկ դա, իհարկե, չի կարող ստվեր գցել քարոզարշավի վրա: 
- Մինչեւ երեկ նախագահական քարոզարշավը կարծես հանդարտ էր ընթանում, բայց Նուբարաշենում Սերժ Սարգսյանը խիստ քննադատություն հնչեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Դա յուրահատուկ հնա՞րք է՝ ընտրապայքարը հետաքրքիր դարձնելու, թե՞ այլ պատճառ կա: 
- Կարծում եմ, որ դա, կարծես, զգոնության կոչ էր, եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ գոյություն ունեն բացարձակ արժեքներ, որոնք չի կարելի շահարկել անգամ քարոզարշավի ընթացքում: 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/15/197363/ 

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

No comments:

Post a Comment