Tuesday, February 5, 2013

Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին


http://www.parliament.am/live.php?year=2013&month=02&day=05&part=3&lang=arm  Նիստ 3- 0:53:51


Ընտրությունը հիանալի հնարավորություն է յուրաքանչյուր քաղաքացու համար՝ արտահայտելու իր կարծիքը՝ ընտրելու իր  երեխայի, իր ընտանիքի, իր երկրի ապագան:
Մեր երկրում այսօր ընթանում են գաղափարների, ծրագրերի, պայքարի ընտրություններ: Մենք պարտավոր ենք այնպիսի ընտրություններ անցկացնել, որ և՛ հասարակությունը արդյունքներին հավատա, և՛ ընդունելի լինի միջազգային հանրության կողմից:

Մեր պետության համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է նաև հասարակության սպասումների արդարացումը: Մենք համոզված ենք, որ նախագահը դա անելու է` ինչքան էլ բարդ լինի, ցավոտ, միևնույն է, յուրաքանչյուր բարեփոխում միշտ էլ ունենում է տարբեր գնահատականներ, դժգոհներ գտնվում են, դիմադրողներ ու քննադատողներ` նույնպես: Բարեփոխումներն ուղղակի այլընտրանք չունեն մեր երկրի համար, նրանք այլևս իրականացման ճանապարհին են, անկախ նրանից՝ ուզում ենք այն տեսնել, թե՝ ոչ:
Ընդհանրապես բոլոր երկրներում էլ պաշտոնավարող նախագահի երկրորդ ժամկետը ավելի բարենպաստ է բարեփոխումներ իրականացնելու առումով:
Միայն այս տեմպերով, որոնցով շարժվում է մեր երկրի առաջնորդը, մեր երկիրը կարող է զարգացում ապրել:Մենք ժամանակ չունենք ժամանակ կորցնելու: Նախագահն արդեն իսկ վիթխարի գործ է հանձն առել, ուստի եկենք սատար կանգնենք մեր միասնականությամբ և աջակցությամբ: Հենց այս միասնականությունն է պետության հիմքը:
Առաջնորդվենք այս սկզբունքով՝  «Իմ մասնակցությամբ ես կարող եմ նշանակալիորեն  ազդել իմ երկրի կյանքի բարելավման վրա»: Եկենք չմոռանանք, որ ձայնի իրավունքը՝ դա հիմնարար իրավունքներից է, առանց որի մյուս իրավունքները անիմաստ են դառնում:Պետք է գործի այն սկզբունքը, որ ընտրություններն անհրաժեշտ են ոչ թե կառավարությանը, այլ քաղաքացիներին: Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ:Որպեսզի հետո ինքն էլ լիիրավ պահանջատեր լինի:

Մենք ուզում ենք ունենալ հզոր պետություն:Իսկ պետությունը հզոր է, երբ նրա քաղաքացիները մասնակցում են պետության կայացմանը, պետությունը հզոր է, երբ նրա քաղաքացիները հարգում են միմյանց:

Եվ այստեղ է, որ ուզում եմ մեջբերել մեծն Հ.Թումանյանի խոսքերը. ՙՄի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։ Մի՞թե դժվար է։


No comments:

Post a Comment