Saturday, February 2, 2013

Փորձ է արվում խաթարել բնականոն ընտրական գործընթացը


«Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը մեծ հարված էր թե՛ մեր պետականությանը, թե՛ երկրի իշխանություններին, ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նրա դիտարկմամբ, այսպես փորձ է արվում խաթարել բնականոն ընտրական գործընթացը, ընտրությունների լավ կազմակերպումը, որին միտված են եղել Հայաստանի իշխանությունները: Պատգամավորի համոզմամբ, ընտրապայքարն ընթանում էր խաղաղ, շատ նորմալ մթնոլորտում և որևէ հիմք չկար իրադարձությունների նման զարգացման համար:
«Ոչ մի վարկած չեմ կարող առաջարկել, որովհետև ընտրապայքարը խաղաղ ու հանգիստ էր գնում: Այս ընտրությունների քարոզարշավը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս անգամ անձնական վիրավորանքների մակարդակով անգամ լարվածություն չկա, այլ գնում է գաղափարական պայքար: Թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ծրագրերը, չկա այնպիսի լարված պայքար, որի արդյունքում կարելի է ինչ-որ հետևություններ անել»,- ասաց նա և հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները մոտ ապագայում կբացահայտեն հանցագործությունը:
Հարցին, թե այդ միջադեպից հետո հնարավո՞ր է ընտրությունները հետաձգվեն, Ռ. Մուրադյանը պատասխանեց, որ եթե Պ. Հայրիկյանը արագ ապաքինվի և կարողանա մասնակցել ընտրապայքարին, ապա, բնականաբար, դրա անհրաժեշտությունը չի լինի:
«Պարույր Հայրիկյանը ուժեղ մարդ է, դա ապացուցել է իր կենսագրությամբ: Պատմությունից հայտնի է մեզ գաղափարների հետևից գնալու իր կամային դրսևորումները: Հուսանք, որ նա շուտ կապաքինվի և մենք թույլ չենք տա, որ որևէ նման նախադեպը չունեցող իրադարձություն ազդի մեր երկրի բնականոն զարգացման, միջազգային հեղինակության և բոլոր չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման վրա»,- նշեց Ռուզաննա Մուրադյանը:
Աղբյուր` Panorama.am  02.02.2013թ.
http://www.panorama.am/am/politics/2013/02/01/r-muradyan/

No comments:

Post a Comment