Wednesday, April 3, 2013

«Տրամաբանելու եւ ողջամիտ եզրահանգումներ անելու հերթն իրենն է»


03.04.2013թ.

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ «Ժառանգության» առաջնորդին
- Հավանական համարո՞ւմ եք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը կարողանա լուրջ հաջողություններ գրանցել եւ ՀՀԿ-ի ձեռքից վերցնել մայրաքաղաքի իշխանությունը՝ հակակշիռ դառնալով իշխող Հանրապետական կուսակցությանը, ինչպես իրենց պնդումներում նկատում են ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
- Երեւանի ավագանու ընտրություններում լուրջ հաջողություններ կգրանցի ՀՀԿ-ն, քանի որ քաղաքացիների աչքի առաջ են ամենօրյա աշխատանքները, որոնք ուղղված են Երեւան քաղաքի բարեկարգմանը, կանաչապատմանը, իր բնակիչների եւ հյուրերի համար հարմարավետության ապահովմանը, այսպիսով՝ Երեւան քաղաքի համաչափ զարգացմանը: Բացի այդ, իշխող Հանրապետական կուսակցության ցուցակում տեղ են գտել տարբեր ոլորտների ներկայանալի գործիչներ: Եվ այն գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որի կառավարման վերջին տարիներին գրանցվել են մի շարք հաջողություններ մայրաքաղաքի զարգացման բոլոր ուղղություններով: Ակնհայտ է ինչպես արված գործը, այնպես էլ այն արդյունավետ շարունակելու եւ էլ ավելի լավ Երեւան ունենալու ՀՀԿ-ի կամքը:
- Ո՞ր ուժին եք համարում ՀՀԿ-ի համար լուրջ մրցակից Երեւանի ավագանու ընտրություններում՝ ԲՀԿ-ի՞ն, որը խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց, թե՞ «Ժառանգությանը», որի թեկնածուն նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց:
- Ընդհանրապես, ընտրություններում մենք չենք թերագնահատում մրցապայքարի դուրս եկած որեւէ քաղաքական ուժի հնարավորությունները, սակայն արված գործերը եւ դրանց շարունակականությունն ու զարգացումն ապահովող ծրագրերով մրցապայքարի դուրս գալը բոլորովին այլ բան են..
- Այսինքն՝ Ձեր կարծիքով, մյուս քաղաքական ուժերը իրենց կենսագրության ընթացքում որեւէ գործ չե՞ն արել:
- Ամեն քաղաքական ուժ էլ ունի անցած ճանապարհ եւ արված գործ, այստեղ խոսքը մայրաքաղաքի համար արված գործի մասին է: Իսկ մայրաքաղաքում, մայրաքաղաքի համար գործ անելու հնարավորություն ունեցել ենք մենք՝ ՀՀԿ-ն, եւ արել ենք: Ու դրա արդյունքներն ակնհայտ են բոլորի համար՝ օր օրի գեղեցկացող եւ նոր դեմք ընդունող մայրաքաղաք:
- Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրեց, բայց կարծես երկխոսելու չի շտապում: Ի՞նչ լուծումներ եք տեսնում:
- Ժողովրդավարության սկզբունքներին եւ արժեքներին համապատասխան՝ բոլոր հնարավոր առաջարկներն արվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Այժմ տրամաբանելու եւ ողջամիտ եզրահանգումներ անելու հերթն իրենն է:
- Որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան եւ դրանք լուծումներ են պահանջում, կարծում եմ՝ անհերքելի է. առաջիկայում նոր կառավարություն է ձեւավորվելու, Ձեր պատկերացումներով՝ ո՞ր պաշտոնյաները պետք է փոխվեն:
- Հայաստանի Հանրապետությունում այսօր կան շատ ձեռքբերումներ, որոնք տարիներ առաջ դեռեւս չլուծված խնդիրներ էին: Այսօր եւս կան խնդիրներ, որոնց լուծումները տարիներ հետո կդառնան նոր ձեռքբերումներ: Այդ արդյունքների մեջ էական են լինելու առաջիկայում նոր ձեւավորվող կառավարության դերը, եւ այնտեղ իրենց տեղը կգտնեն այն պաշտոնյաները, ովքեր կարող են արդյունավետ կառավարել իրենց ոլորտների զարգացումը: Ի վերջո՝ Հանրապետականը շարունակում է կրել երկրի ապագայի կերտման գործում իր պատմական եւ պատվաբեր պատասխանատվությունը:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/03/226321/ 


No comments:

Post a Comment