Wednesday, April 10, 2013

Հարց սփյուռքի նախարար Հ.Հակոբյանին

10.04.2013թ.
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Մեծարգո նախագահ, հարգելի կառավարություն, հարցս ուղղում եմ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանին։
Մենք գիտենք, որ մեր պետության հոգածության տակ է մայրենի լեզվի տնօրինման հարցը, եւ այս ուղղությամբ իրականացվել են մի շարք օրենքներ, միջոցառումներ եւ բազմաթիվ ծրագրեր։ Կուզեի իմանալ՝ ինչպիսի՞ն է վիճակը Սփյուռքում։ Դուք իմ գրավոր հարցին տվել եք ամփոփ պատասխան՝ ներկայացնելով տարբեր միջոցառումներ։ Շատ կուզեի, որ շեշտադրումն արվեր, թե կա՞ արդյոք արդյունք, եւ այդ արդյունքն այսօր տեսանելի՞ է, թե՞ դեռ ճանապարհ ունենք անցնելու։ 
Շնորհակալություն։
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, տիկին Մուրադյան, դուք շատ արդիական, ժամանակակից եւ ազգային հարց եք բարձրացրել։ ՀՀ սփյուռքի նախարարության ռազմավարական խնդիրներից մեկը, դա նպաստել հայապահպանությանը Սփյուռքում եւ պայքարել ուծացման դեմ։ Բնական է, որ այս խնդրի լուծման գլխավոր ողնահարը, դա մայրենի լեզվի պահպանումն է, ուսուցումը եւ տարածումը։ Այդ իսկ պատճառով ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր Սփյուռքում հայերեն խոսողների թիվը գնալով պակասում է, հայկական դպրոց հաճախող աշակերտների թիվը պակասում է, եւ մենք լուրջ կոչնակ պետք է հնչեցնենք այս խնդիրը կարգավորելու համար։
Այդ նպատակով Սփյուռքի նախարարությունը Երեւանի պետական համալսարանում ստեղծել է ամառային դպրոց, որի նպատակն է, որպեսզի ամռան ընթացքում մեր երիտասարդները գան եւ արագացված ուսուցում անցնեն այստեղ։ Անցյալ տարվանից դպրոցը գործում է, եւ պետք է ասեմ՝ արդյունքները սպասածից ավելին են, որովհետեւ մենք նախատեսել էինք, ենթադրենք, 50 հոգի, եկան 131-ը։ Դա խոսում է, որ կա հետաքրքրություն լեզվի նկատմամբ։
2-րդ՝ մենք Գիտության եւ կրթության նախարարության հետ միասին արդեն տարիներ շարունակ կազմակերպում ենք ուսուցիչների վերապատրաստում, որը հիմնականում հայոց լեզվի, հայոց գրականության, կրոնի պատմության ուսուցիչներին է վերաբերում, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքում ուսուցիչն է գլխավոր կրողը՝ լեզուն պահպանելու եւ տարածելու։
3-րդ՝ մենք ստեղծել ենք էլեկտրոնային գրադարան, որի միջոցով կարողանում ենք Սփյուռքի պահանջները ճիշտ հաշվարկել եւ էլեկտրոնային գրադարանի միջոցով շատ արագ հասանելի դարձնել գրականությունը մեր սփյուռքյան դպրոցների կառույցներին, մշակութային կենտրոններին։
4-րդ՝ փաստորեն, մենք՝ ուսումնասիրելով արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում, հասկացանք, որ իրոք հարյուրամյակներ լեզվի խնդիրը, հատկապես արեւմտահայերենի, առանց պետության խիստ տարալուծվել է, եւ այստեղ խնդիրներ կան։ Մենք հրավիրեցինք մասնագետներից գիտագործնական համաժողով, ստեղծեցինք Սփյւռքի եւ Հայաստանի մասնագետներից խումբ, որոնք սկսեցին մշակել դասագիրք, որը պետք է հիմք ծառայի սփյուռքյան բոլոր կառույցների դպրոցների համար՝ այսօր հրապարակի վրայի «Զանգակ» գրահրատարակության հետ միասին արեւմտահայերենով այբբենարանը, ընթերցարանը եւ 2-րդ դասարանի դասագիրքը, եւ այս տարի նախատեսվում է եւս երեք դասագիրք հայոց լեզվի արեւմտահայերենով։
Հաջորդ խնդիրը, որ մենք լուծեցինք, ԳԱԱ-ում երկու ինստիտուտներում՝ գրականության եւ լեզվի, բացել ենք Սփյուռքի բաժին։ Վերջերս կազմակերպեցինք «Լեզվի քաղաքականության հիմնախնդիրները» գիտագործնական համաժողով, եւ ահագին խնդիրներ ի մի բերեցինք, որոնց Գիտության, կրթության նախարարության հետ մենք պետք է լուծումներ տանք։
Կարեւոր ուղղություններից մեկն է նաեւ...
Ռ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
-Շնորհակալ եմ ավելի ընդհանուր ներկայացնելու համար, բայց շատ կուզեի, որ նաեւ վերջում անդրադառնայիք, թե արդյոք կա՞ որեւէ ուղղություն, որի արդյունքները՝ որպես ցուցանիշներ, մենք կարող ենք ներկայացնել։ Շնորհակալություն։
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Ասեմ, որ, փաստորեն, մենք Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայերի կոնգրեսի հետ միասին կազմակերպում ենք մրցանակաբաշխություն «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն մայրենիի պաշտպան»  շարադրությունների մրցույթ Կրթության նախարարության հետ։ Այնպես որ, փորձում ենք Սփյուռքին անընդհատ նյութ մատակարարել՝ լեզվի նկատմամբ ուշադրությունը չշեղելու առումով։
Պետք է ասեմ, որ ձեր սպասված արդյունքներից մեկը, դա կիրակնօրյա կամ մեկօրյա դպրոցների ստեղծումն է։ Այսօր ամբողջ Սփյուռքում գործում է 400-ից ավելի մեկօրյա դպրոցներ, որից 40-ը ստեղծվել է հատկապես ԱՊՀ տարածքում։ Վերջին 2-3 տարիների ընթացքում Սփյուռքի նախարարության օգնությամբ մենք ծրագրերը մշակում ենք նորից Կրթության նախարարության հետ, դասագրքեր, ամեն ինչ մատակարարում ենք, եւ նաեւ ապրիլի 22-ին կազմակերպում ենք երիտասարդական մեծ հավաք՝ Երիտասարդական հիմնադրամի եւ հասարակական մյուս կառույցների հետ միասին, որի հիմնական թեման՝ «Հայերենն իմ սրտում է» այսպիսի վերտառությամբ համաժողով, որով փորձում ենք երիտասարդությանը ոգեւորել, ուժ տալ, որպեսզի նրանք գնան եւ համայնքներում զբաղվեն լեզվի պահպանության խնդիրներով։ Շնորհակալություն։

No comments:

Post a Comment