Wednesday, January 30, 2013

Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ



2013թ. հունվարի 30-ին Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Ինչպես նշեց հիմնական զեկուցողը, փոփոխությունները վերաբերում են բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը, որը մինչ այս իրականացնում էր ՀՀ առողջապահության նախարարությունը: Նոր կարգի համաձայն՝ նախատեսվում է լիազորությունները տրամադրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, ինչպես որ մյուս կրթական հաստատությունների դեպքում է: Մանուկ Մկրտչյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչն էլ ուղղված է Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը:
Պատգամավորները քվեարկության արդյունքում դրական եզրակացություն տվեցին քննարկված օրինագծերի փաթեթին՝ ԱԺ երրորդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Կարինե Աճեմյանը: Նա նշեց, որ կատարված փոփոխությունները կապված են եղել հիմնականում տեխնիկական թերությունների եւ կառավարության ներկայացրած երկու խմբագրական բնույթի շտկումների հետ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:
Քննարկվեց նաեւ կառավարության հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Արտակ Դավթյանը: Կատարված փոփոխությունները վերաբերում են օրենքի 16-րդ հոդվածին, որի շարադրանքը նախկին տարբերակում, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, խրթին էր, պարունակում էր հասկացություններ, որոնք չեն բխում ժամանակակից մոտեցումներից:
Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
Հանձնաժողովը, հեղինակների առաջարկությամբ, որոշեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը, ինչպես նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:


No comments:

Post a Comment