Monday, March 4, 2013

Ցավում է ցրտին հրապարակում կանգնած ցանկացած կնոջ համար


                                                                                                 14:48 - 04.03.2013
Ցավում է ցրտին հրապարակում կանգնած ցանկացած կնոջ համար
                                             «Ես ցավում եմ այս ցրտին հրապարակում կանգնած ցանկացած կնոջ համար: Թե հանուն ինչի՞ են կանգնել, չես հասկանում: Ցավ եմ ապրում, որ այս ցրտին մարդիկ կանգնած են դրսում: Այսօր տեխնիկան շատ զարգացած է, երբ կարող են հանգիստ, նորմալ նստել իրենց տներում, ցանցերի միջոցով, հեռուստատեսության եւ թերթերի միջոցով Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց առաջարկները ներկայացնեն, Րաֆֆի Հովհաննիսյանից էլ պատասխաններ լսեն: Միտինգային ժամանակներն անցել են: Փողոցներում կանգնելը ճիշտ չէ մեր ժողովրդի համար: Ուղղակի իրենք են մեղք, որ չտանջվեն: Կարծում եմ` ճիշտ կլինի, որ նստեն իրենց տներում»,- վստահ է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Նա, իհարկե, համաձայն է, Yerkir.am-ի դիտարկմանը, որ մարդիկ ցանկանում են փոխել իրենց կյանքը, բայց, մյուս կողմից, վստահեցնում է, որ «կյանքի լավացման ծրագիրը Սերժ Սարգսյանի փաթեթում է», եւ առաջարկում է դրան լավ ծանոթանալ:

Հրապարակում կանգնածների, հատկապես` կանանց համար ՀՀԿ-ական պատգամավորը մեկ կոչ եւ խորհուրդ ունի: «Ձեր բոլոր հարցերի պատասխանը նախ փնտրեք Սերժ Սարգսյանի ծրագրում, հետադարձ հայացք նետեք, թե արդյո՞ք Ձեր ուզած հարցերի ինչ-որ հիմքեր նախորդ հինգ տարվա ընթացքում չեն դրվել, եթե` ոչ, ապա նայեք այս հինգ տարիների ծրագիրը, հաստատ ձեր շատ հարցերի պատասխաններ կգտնենք այդտեղ եւ, ինքներդ Ձեզ հանգստացնելով, գոնե կտաք հնարավորություն, որ սկսած գործընթացը մարդը հասցնի իր տրամաբանական ավարտին»,- հայտարարեց Ռուզաննա Մուրադյանը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ինքը եւս ՀՀԿ-ական երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանի նման հանգել է այն մտքին, որ միշտ ընդդիմադիր լինելը շատ դժվար է, Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց, որ իրականում շատ դժվար է իշխանամետ լինելը: «Որովհետեւ ընդդիմադիրների համար պատասխանատվությունն ավելի քիչ է, ընդդիմադիրը հույս ներշնչող ծրագրեր է ասում, իսկ իշխանությունը պարտավոր է հստակ, կոնկրետ արված ծրագրերի ու բացթողումների, նոր, ապագա անելիքների պատասխանատվությունը վերցնել: Իշխանության ներկայացուցիչ լինելն է դժվար, որովհետեւ ժողովրդի բոլոր հատվածների պատասխանատվությունն է կրում եւ ամեն ինչ անում է բոլորի համար»,- բացատրեց նա:

Պատգամավորը եւս մեկ անգամ կրկնեց, որ փողոց դուրս գալ պետք չէ, մարդիկ կարող են շատ հանգիստ նստել իրենց տներում եւ հարցը բարձրացնել քաղաքակիրթ մակարդակով, նստել երկխոսության:

«Մարդկանց փողոց այսպես հանելը, կարծում եմ, աննպատակ է: Կունենան հստակ որոշումներ, կներկայացնեն բոլորին, իզուր տեղը պետք չէ տանջել մարդկանց: Իրենց կարծիքը մարդիկ ընտրությամբ հայտնել են, դրանից ավելի էլ ինչ կարիք կա, որ նորից հավաքվեն»,- հայտարարեց նա:

Ի դեպ, պարզվում է` ՀՀԿ-ական պատգամավորը երբեւէ որեւէ հանրահավաքի չի մասնակցել: Թե ինչը կարող է ստիպել նրան մի օր դուրս գալ փողոց, չգիտի, բայց որ պայքարի տարբեր ձեւեր կան, եւ որ հրապարակ դուրս գալը ամենաուժեղ պայքարի ձեւը չէ, Ռուզաննա Մուրադյանը առավել քան վստահ է:  

Ուշագրավ է, որ մեր հարցին` եթե ընտրություններից հետո ՀՀԿ-ի նախատեսված հանրահավաքը Ազատության հրապարակում չեղյալ չհայտարարվեր, ինքը չէ՞ր մասնակցի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ այդ միջոցառումից տեղյակ չի էլ եղել:

Մի ուշագրավ փաստ եւս, Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կցանկանա, որ հանրահավաքները շուտ ավարտվեն: Ավելին` նա վստահ է, որ այդ ուղղությամբ «Ժառանգության» ղեկավարը աշխատանքներ կտանի:

http://www.yerkir.am/am/news/45628.htm

No comments:

Post a Comment