Tuesday, March 12, 2013

Րաֆֆի Հովհաննիսյանի միտինգներից հետո միանգամից հացադուլի նստելն անհասկանալի է


Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը անհասկանալի է եւ անտրամաբանական: Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր ոք պայքարի իր եղանակն ընտրելու իրավունք ունի, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միտինգներից հետո միանգամից հացադուլի նստելն անհասկանալի է: «Տրամաբանական կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի նստեր այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը չբավարարեր նրա պահանջները, սակայն այս պարագայում ես չեմ կարողանում հասկանալ այդ հացադուլի իմաստը»,- ասաց նա:
 
Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրություններ են անցկացվել, ինչի մասին է վկայում նաեւ այն, որ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող բոլոր հանձնաժողովների անդամներն իրենց ստորագրությունը դրել են արձանագրությունների տակ՝ համաձայնելով արդյունքների հետ: «Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքակիրթ քաղաքական գործիչ է, եւ ընտրությունների ավարտից հետո մենք բոլորս սպասում էինք, որ նա կշնորհավորի Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀՀԿ պատգամավորը: Նա Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ արեց կտրուկ քայլերի գնալու փոխարեն երկխոսության գնալ իշխանությունների հետ, ինչը ստեղծված իրավիճակը շտկելու հնարավորություն կտա: «Ամբողջ աշխարհն է արդեն շնորհավորել Սերժ Սարգսյանին, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից էլ ճիշտ կլինի հրաժարվել ծայրահեղ գործողություններից եւ, շնորհավորելով հաղթած նախագահին` նրա հետ նստել երկխոսության սեղանի շուրջ»,- ասաց նա:
 
Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր իշխանության անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն, իսկ տվյալ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը հիանալի հնարավորություն ունի ՀՀ իշխանությունների համար կառուցողական ընդդիմադիր դաշտ կառուցել, ինչի շնորհիվ նա կկարողանա պահել նաեւ ժողովրդի այն լայն զանգվածի վստահությունը, որը ընտրությունների ժամանակ իր վստահության քվեն տվել էր իրեն: «Իշխանությունները միանշանակ կողջունեն Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե նա որոշի ընդդիմության նոր առաջնորդ դառնալ»,- ասաց նա: 
 
«Արմենպրես»-ը հայտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ին Երեւանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հացադուլ է սկսում Ազատության հրապարակում: Նա կոչ է արել քաղաքական ուժերին գալ հրապարակ և իրենց խոսքերն ապացուցել գործով:

Նյութի աղբյուրը` http://www.nt.am/am/news/178197/

No comments:

Post a Comment